«Ալիևն ասում է՝ Տավուշում ինձ տարածքներ պետք է տաք, բայց գրավված հայկական տարածքները մենք չենք տալու. Վրաստանի հետ սահմանազատումն այլ է». Ռուբեն Գալչյան

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

«Երկու երկրների կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման աշխատանքները պետք է վերսկսվեն, որոնք բավականին երկար ժամանակ դադար էին ստացել։

Երկու երկրներն էլ թարմացրել են սահմանազատման իրենց հանձնաժողովները։ Նիստ դեռևս տեղի չի ունեցել։ Երկու կողմն էլ որոշակի տնային աշխատանքներ են կատարում»,- նշել է Կոստանյանը։

Լրագրողների դիտարկմանը, թե տեղեկություններ են շրջանառվում, որ Լոռու մարզից տարածք է զիջվելու Վրաստանին, փոխնախարարը պատասխանել է՝ սահմանազատման գործընթաց է լինելու։

«Տրամաբանությունը սա է` վերականգնել բոլոր հարևան երկրների հետ 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման ժամանակ առկա սահմանագիծը»,- հավելել է փոխարտգործնախարը։

168.am-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, քարտեզագետ Ռուբեն Գալչյանն ասաց՝ Վրաստանի սահմաններն էլ նույն խորհրդային սահմաններով է գծված, թե այսօր դրանք ինչ փոփոխությունների են ենթարկվել՝ չի կարող ասել։

«Վերջին կտորներին մենք ծանոթ չենք, դրանք դեռևս չեն ավարտվել»,- շեշտեց նա։

Լոռու մարզի Ջիլիզա գյուղի վերաբերյալ էլ քարտեզագետն ասաց, որ ամեն ինչ պարզ կլինի վերջնական սահմանազատման ժամանակ։

«Ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանի դեպքում խնդիրն այլ է։ Եթե ուզում են մոտենալ խորհրդային սահմաններին՝ 1991 թվականին ընդունված սահմաններով սահմանագծման ու սահմանազատման աշխատանքներն անեն, չեն կարողանում, դրանք Ալիևը չի ընդունում, այսինքն՝  մեկ ընդունում է, մեկ՝ չի ընդունում։

Հիմա Ալիևը Տավուշի դեպքում այդ սահմաններն ընդունում է, որովհետև այնտեղից իրեն պետք է տարածքներ հատկացվեն։

Իսկ, օրինակ, Սյունիքի մարզում, որտեղ Ադրբեջանը պետք է դուրս գա օկուպացված տարածքներից, Ալիևն ասում է, որ խորհրդային սահմանները չի ընդունում։ Այսինքն՝ Ալիևն ասում է, որ՝ Տավուշում դուք ինձ տարածքներ պետք է տաք, բայց գրավված հայկական տարածքները մենք չենք տալու»,- նշեց Ռուբեն Գալչյանը։

Տեսանյութեր

Լրահոս