«Եթե Գորիս-Կապան ճանապարհներն օգտագործել ենք, դա չի նշանակում, որ իրավունք ենք ունեցել». Վահե Ղալումյան

Այսօր խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց, թե երաշխիքներ չկան, որ զիջումներից հետո կարող է պատերազմ չլինել։

Լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տավուշցի պատգամավոր Վահե Ղալումյանից հետաքրքրվեցին՝ եթե երաշխիք չկա, որ զիջումներից հետո Ադրբեջանը պատերազմ չի սկսի, ստեղծված իրավիճակի լուծումն ինչպե՞ս է պատկերացնում, իշխանական պատգամավորը պատասխանեց.

«Պետք է բանակցել, սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը դրանով է զբաղված»։

Դիտարկմանը, թե Փաշինյանը խոստովանեց, որ որևէ բան չի երաշխավորում Ադրբեջանի նոր հարձակումներից, Վահե Ղալումյանը հակադարձեց՝ Փաշինյանը նման բան չի խոստովանել։

Կարդացեք նաև

Հաջորդ հարցին՝ անվտանգության ի՞նչ երաշխիք են խոստանում ժողովրդին, Վահե Ղալումյանը պատասխանեց.

«Մենք անվտանգության երաշխիք հենց այս գործընթացով ենք երաշխավորում, որ պետք է այս գործընթացն անել, որպեսզի Հայաստանում անվտանգություն հաստատվի։

Փաշինյանն ասաց, որ սա գործընթաց է, որի միջով պետք է անցնել, այլ տարբերակ չկա»։

Լրագրողի հաջորդ հարցին՝ 30 տարվա ընթացքում ինչո՞ւ Տավուշի հարցով որևէ գործընթաց չկար, որևէ մեկը չէր ասում, որ դա հայկական չէ, ադրբեջանական է, Վահե Ղալումյանը զարմացած պատասխանեց, թե ի՞նչ կապ ունի՝ ասե՞լ են, թե՞ ոչ, խնդիրն առաջացել է հենց դրա համար, որ չեն ասել։

«Այդ խնդիրը միշտ էլ եղել է, Ադրբեջանն այս գյուղերը պահանջել է, եթե չեք հիշում, դա չի նշանակում, որ չի պահանջել»։

Լրագրողի հաջորդ դիտարկմանը, որ թշնամին նույնիսկ Արցախի հարցում նման հավակնություններ չի ունեցել մինչև 2018 թվականը, Վահե Ղալումյանն ասաց, թե Նիկոլ Փաշինյանը բանակցային փաստաթղթերի մասին խոսել է, որտեղ նշել է դրա մասին։

Ինչ վերաբերում է  հարցին, որ ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունն Իջևանից մինչև Ոսկեպար գնացել է 200 կմ ճանապարհ անցնելով՝ Լոռու մարզով, հիմա այս ճանապարհը նրանք համարում են ադրբեջանակա՞ն, իշխանական պատգամավորը լրագրողներին խորհուրդ տվեց  այդ հարցն ուղղել ԵՄ առաքելության անդամներին։

Լրագրողը նաև հարցրեց՝ Գորիս-Կապան ճանապարհը Հայաստանի՞նն է, թե՞ ոչ, պատգամավորը նախ փորձեց ճշտել, թե  կոնկրետ որ հատվածի մասին է խոսքը։ Լրագրողը հստակեցրեց, թե խոսքն այն հատվածի մասին է, որն այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է, Վ. Ղալումյանը դրանից հետո էլ հստակ պատասխան չտվեց, միայն ասաց՝ տեղ կա՝ մերն է, տեղ կա՝ մերը չէ։

Այդ դեպքում 30 տարի ինչպե՞ս է հայկական կողմն օգտագործել, լրագրողի համառ հարցապնդմանը Վահե Ղալումյանը պատասխանեց.

«Եկեք այդ մասին երկար չխոսենք, դա մեր իշխանության օրոք չի որոշվել, դա միշտ էլ այդպես է եղել։ Եթե այդ ճանապարհներն օգտագործել ենք, դա չի նշանակում, որ իրավունք ենք ունեցել»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս