Իսրայելը հայտարարել է, որ պատերազմ չի ցանկանում Իրանի և Լիբանանի հետ, բայց հարձակման դեպքում պատրաստ է դրան
Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը, որն ավարտում է այցը Իտալիա, ասել է, որ իր երկիրը պատերազմ չի ցանկանում ո՛չ Իրանի, ո՛չ էլ Լիբանանի հետ, բայց հարկադրված կլինի ռազմական գործողությունների դիմել ուղղակի հարվածների դեպքում։ Այս մասին Կացը հայտնել է La Repubblica թերթին տված հարցազրույցում։
«Եթե Իրանն ուղղակիորեն հարձակվի մեզ վրա, մենք կհարձակվենք Իրանի վրա։ Իսկ եթե Իրանի դաշնակից աշխարհազորայինները նման բան անեն Դամասկոսի հյուպատոսարանի վրա հարձակմանն ի պատասխան, մենք նրանց նույնպես կհարվածենք», – ասել է նա՝ հիշեցնելով, որ Իսրայելը չի ստանձնել ապրիլի 1-ին Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա ավիահարվածի պատասխանատվությունը։
Ապրիլի 1-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) յոթ զինվորական խորհրդական և վեց սիրիացի: Իրանն այս հարձակման մեջ մեղադրում է Իսրայելին։
Կացի խոսքով՝ մինչ այժմ Իսրայելի արձագանքը Լիբանանից «Հեզբոլլահ»-ի և Եմենի հութիների կողմից հրթիռների արձակմանը Գոլանի և Էյլաթի ուղղությամբ եղել է «զուսպ»։
«Բայց եթե, օրինակ, Լիբանանից հրթիռներ թռչեն Թել Ավիվի վրա՝ որպես վրեժ Դամասկոսի համար, Իսրայելը կուղարկի իր ինքնաթիռները և նույնիսկ զինվորներին», – ասել է նախարարը։
Նա հավելել է, որ հազարավոր իսրայելցիներ ստիպված են եղել լքել իրենց տները «Հեզբոլլահ»-ի արձակած հրթիռների պատճառով։
«Եթե նրանք հետ չքաշվեն Լիտանի գետից այն կողմ, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի թիվ 1701 բանաձևով, ապա մենք ստիպված կլինենք պատերազմ սկսել նաև Բեյրութի հետ: Մենք դա չենք ցանկանում, նախընտրում ենք հետևել բանակցությունների ուղուն՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իտալիայի և մյուսների աջակցությամբ, որոնք զորակազմեր ունեն այս գոտում», – ասել է Կացը: