Թշնամին փորձում է վախեցնել, որովհետև մեր երկրի ղեկին հզոր առաջնորդ չի նստած. Արգամ Հովսեփյան

Ապրիլի 7-ի առավոտյան ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 6-7-ը՝ ժամը 22։45-00։25-ն ընկած ժամանակահատվածում՝ Խոզնավարի (Սյունիքի մարզ), ժամը 22։45-00։48-ը՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ապրիլի 7-ին՝ ժամը 02։20-ին՝ Սոթքի (Գեղարքունիքի մարզ) հատվածում հրաձգային զենքից կրակ են բացել ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Դրանից առաջ Ադրբեջանի ԶՈւ-ն կրկին դիմել էր սադրանքի, մասնավորապես,  ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերն Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանագոտու մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակ էին բացել. ժամը 22:25-22:50-ն ընկած ժամանակահատվածում՝ Սոթքի (Գեղարքունիքի մարզ), 23:15-ին՝ Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ), 00:15-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), 23:15-23:20-ն ընկած ժամանակահատվածում՝ Արավուսի (Սյունիքի մարզ), ժամը 23:05-23:20-ը՝ Չինարիի (Տավուշի մարզ), ժամը 00:15-01:20-ը՝ Մովսեսի (Տավուշի մարզ) հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ:

Ադրբեջանի կրակոցների հետևանքով՝ Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում տներ ու քաղաքացիական մեքենա է վնասվել, տուն է  վնասվել նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղում։

168.am հետ զրույցում  Տեղ համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արգամ Հովսեփյանն ասաց, որ թշնամու կրակոցներից հետո Տեղի բնակիչների շրջանում որևէ խուճապ չկա, իրավիճակն այս պահին հանգիստ է։

Կարդացեք նաև

«Մարդիկ իրենց առօրյա գործերով են, որևէ խուճապ չկա։ Չգիտեմ, արդեն սովորե՞լ են այս կրակոցներին, թե՞ ուղղակի հարմարվել են, չեմ կարող ասել, կարևորը, որ այդ սադրանքների հետևանքով խուճապի չմատնվեն»,- նշեց Արգամ Հովսեփյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ աշխարհի բոլոր պետություններում, բոլորն էլ ուզում են, որ իրենց առաջնորդը լինի հզոր, պատվախնդիր ու «դուխով»՝ ոչ թե գլխարկին գրված, այլ հոգեպես ու ֆիզիկապես, ցավոք, Հայաստանի ղեկավարն այդպիսին չէ։

«Թշնամին ո՞վ է, ընդամենը 120 տարեկան է, բայց այսօր Հայաստանին ու հային փորձում է վախեցնել, որովհետև մեր երկրի ղեկին հզոր առաջնորդ չի նստած։ Նման բան չի եղել, սա այս դավաճանություններից հետո է եղել, բայց ոչինչ, այս արհավիրքն էլ կանցնի։ Թուրքն ո՞վ է, որ մեզ վախեցնի»,- շեշտեց Ա. Հովսեփյանը։

Նրա բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թյուրիմացության պատճառով հայտնվել է  իշխանության ղեկին, հետևաբար՝ նա չի կարող 5 հազար տարվա պատմություն ունեցող երկիր ու հող ոչնչացնել։

«Ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ ես պետք է որոշենք այս ազգի ու երկրի ճակատագիրը, նա չի կարող որոշել ու հող հանձնել թշնամուն»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ ներկայիս իշխանությունների օրոք կորսվել է Արցախը, և թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել են ՀՀ տարածք, Արգամ Հովսեփյանը նկատեց.

«Գուցե շատ կոպիտ եմ ասում, բայց մեր ժողովուրդը, չգիտեմ, քնա՞ծ է, թե՞ զոմբիացած վիճակում է, բայց մեր մեջ դեռ շատ հայրենասեր մարդիկ կան, կհամախմբվեն ու գործ կանեն, այսպես չենք քնելու, հաստատ չենք քնելու»։

Տեսանյութեր

Լրահոս