Կրակոցները թիրախավորված են եղել, ժամը 23։00-ից մինչև առավոտը 05։30-ի սահմաններում՝ հինգ տուն, երկու գերեզմանաքար է վնասվել. Մովսեսի վարչական ղեկավար

ՀՀ ներքին գործերի նախարարությունը, ի լրումն ՊՆ հաղորդագրության, հայտնել է, որ  ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈՒ դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի անկանոն և ոչ նպատակային կրակի հետևանքով վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ Տավուշի մարզի Մովսես գյուղում վնասվել են տներ և գերեզմանաքար, իսկ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում՝ քաղաքացիական մեքենա:

ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է օրենքով նախատեսված գործողություններ, ինչից հետո փաստաթղթերը կներկայացվեն Քննչական կոմիտե:

168.amհետ զրույցում Մովսես գյուղի վարչական ղեկավար Արմեն Փոլադյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։

«Երկոյան ժամը 23։00-ից մինչև առավոտ ժամը 05։30-ի սահմաններում կրակոցներ եղել են, ժամ առ ժամ կրակել են, փոքր կրակահերթեր են եղել։

Կարդացեք նաև

Գյուղի տներից 5-ը վնասվել է, երկու գերեզմանաքար՝ ևս, առայժմ այսքան ենք հայտնաբերել։

Թշնամու կրակոցները թիրախավորված են եղել։ 2016 թվականից այս կողմ նման կրակոցներ չէինք տեսել, նույնիսկ 2020 թվականի հուլիսյան մարտերի ժամանակ մեր գյուղի ուղղությամբ չեն կրակել»,- նշեց Արմեն Փոլադյանը։

Վարչական ղեկավարի փոխանցմամբ, բնակչության շրջանում որևէ խուճապ չկա, որևէ մեկը գյուղից դուրս չի եկել, բոլորը գյուղում են։

«Ավելի մեծ զենքերից էլ է կրակոցներ եղել, մարդիկ որոշ չափով սովորել են, բնակիչների շրջանում խուճապ չկա»,- եզրափակեց Արմեն Փոլադյանը։

Տեսանյութեր

Լրահոս