Ամաչում են խոսել

Հայաստանի տնտեսությունը շարունակում է «հրաշքներ» գործել։ Այնպիսի «հրաշքներ», որ անգամ իշխանություններն են արդեն ամաչում խոսել այդ մասին։

Թվում է, թե հիմա աշխարհով մեկ պիտի լինեին, հայտարարեին պատմական նոր ռեկորդների ու աննախադեպ տնտեսական ձեռքբերումների մասին։ Բայց լռում են։ Լռում են, որովհետև ասելու բան չունեն։

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշների հետ, դուրս է մեր տնտեսության զարգացման տրամաբանությունից, ամբողջությամբ խեղաթյուրում, աղճատում է տնտեսության պատկերը։

Տնտեսական ցուցանիշներն արտաքուստ բարձր տեմպերով աճում են, երբ տնտեսության մեջ իրական տեղաշարժեր չկա։ Զարգացման մասին նույնիսկ անիմաստ է խոսելը։

Կարդացեք նաև

Ցուցանիշներն աճում են բացառապես մեր տնտեսությունից դուրս։ Ու հիմա այնպես է ստացվել, որ մեր տնտեսությունից դուրս արձանագրվող աճերը վերագրվում են մեր տնտեսությանը։

Ամեն ինչ այնպես է խառնվել, որ անգամ դժվար է տարբերակելը, թե այդ աճերից ո՞րն է մեր տնտեսության բաժինը, կամ ընդհանրապես կա՞, թե՞ չկա։

Ամոթալի է այդպիսի աճերի մասին խոսելը։ Բոլորն էլ գիտեն, որ դրանք մեր տնտեսության աճերը չեն։ Եվ սա կարծես իշխանություններն էլ են սկսել գիտակցել ու խոստովանել։

«Վերջին տարիներին ՀՀ-ում տնտեսական ակտիվության ցուցանիշների հետ առնչվելիս՝ տեսնում ենք, որ շատ էական դեր երբեմն ունենում են վերարտահանման գործընթացները, որոնք տնտեսական զարգացում Հայաստանի Հանրապետությանը չեն բերում»,- օրերս տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում խոստովանեց Նիկոլ Փաշինյանը։

Արտաքին գործոնները բերել են նրան, որ որոշ առևտրային հոսքեր, որոնք մեր տնտեսության չափանիշներով չափազանց մեծ հոսքեր են, Հայաստանի միջոցով են տեղի ունենում։ Մի կողմից մտնում են, մյուս կողմից՝ դուրս գալիս։ Ու դրա արդյունքում տարբեր ոլորտներում ունենում ենք այսպիսի բարձր, երկնիշ տնտեսական աճեր ու ակտիվություններ, որոնց մեջ մեր տնտեսության բաժինը չափազանց փոքր է կամ չկա։

Սա, իհարկե, նոր երևույթ չէ Հայաստանի տնտեսության մեջ, այդպես է արդեն երրորդ տարին անընդմեջ։ Բայց այս տարի, վերջերս ի հայտ եկած մեկ այլ նոր գործոնի արդյունքում, միտումը նույնիսկ ավելի է խորացել։

Տարեսկզբի առաջին երկու ամիսներին պաշտոնապես Հայաստանում 13,6 տոկոս ակտիվության աճ է գրանցվել։ Արտահանումն է անգամներով ավելացել. երկու ամսում՝ 2,6 անգամով։ Արդյունաբերությունն է հայտնվել աճի կիզակետում։ Հունվարին՝ նախորդ տարվա համեմատ՝ 21 տոկոս, փետրվարին՝ ավելի քան 36 տոկոս աճ է գրանցվել։

Երկու ամսվա հանրագումարում արդյունաբերության աճը հասնում է գրեթե 29 տոկոսի։ Եվ դա՝ այն պարագայում, երբ էլեկտրաէներգիայի արտադրությունն այդ ժամանակահատվածում գրեթե 5 տոկոսով կրճատվել է։

Էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է, իսկ արդյունաբերության արտադրանքի թողարկումն աճել է, այն էլ՝ այդպիսի հսկայական տեմպերով։

Նման երևույթները տնտեսագիտության տրամաբանությունից դուրս են։ Չի կարող էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել, իսկ արդյունաբերության արտադրանքը՝ նախորդ շրջանի համեմատ, ռեկորդային տեմպերով ավելանալ։

Ինչի՞ հաշվին է ավելացել արդյունաբերական արտադրանքի ծավալը։ Պարզ է, որ վերարտահանումների, առևտրային այն շարժերի, որոնք Հայաստանի միջոցով սպասարկում են այլ երկրների տնտեսություններն ու մատակարարման շղթաները։ Դա կլինի Ռուսաստա՞նը, թե՞ մեկ այլ երկիր, որևէ նշանակություն չունի մեր տնտեսության համար։

Ինչքան էլ փորձ արվի այս ամենը վերագրել մեր տնտեսությանը, ցույց տալ, թե արդյունաբերության այդ հսկայական աճերն իբր Հայաստանի տնտեսության մեջ են տեղի ունեցել, միայն հիմարները կարող են դրան հավատալ։

Հատկապես որ, արձանագրվող աճերը գերազանցապես մեկ ոլորտի հաշվին են, և այդ ոլորտը ոսկերչությունն է։

Տոննաներով ոսկի են բերում Հայաստան ու Հայաստանի անվան տակ արտահանում այլ երկրներ, մասնավորապես՝ Միացյալ Էմիրություններ ու Հոնկոնգ։

Հետո էլ գլուխ են գովում, թե տնտեսությունը դիվերսիֆիկացրել են։ Ուզում են հավատացնել, որ Էմիրաթները դարձրել են Հայաստանի տնտեսության թիվ մեկ գործընկերը։

Դրսից ներմուծվող ոսկու հայկականացման հաշվին ոսկեգործության մեջ դեռևս անցած տարվա վերջից այնպիսի աճեր են գրանցվում, որ դուրս են ցանկացած զարգացման տրամաբանությունից։ Աճերը ոչ թե երկու-երեք, այլ նույնիսկ տասնյակ անգամներով են չափվում։

Հունվարին պաշտոնապես ոսկեգործության ոլորտում արտադրության ծավալներն ավելի քան 11 անգամով գերազանցեցին նախորդ տարվա ցուցանիշը։

Փետրվարի բացվածքը դեռ չի հրապարակվել, բայց դատելով աճի ավելի բարձր տեմպից՝ այն նույնիսկ հունվարի անգամներով աճի ցուցանիշն է գերազանցել։

Ծիծաղելի է այս աճերը վերագրել Հայաստանի տնտեսությանը։ Դրանք այլ երկրներից մեր տնտեսության մեջ տեղափոխված արհեստական աճեր են, որոնք իրենց հետ լուրջ ռիսկեր են բերում։ Այդ ռիսկերը մի օր կարող են առարկայանալ։

Այնքան են անելու՝ մինչև տնտեսությունը ներքաշեն պատժամիջոցների մեջ։

Հիշեցնենք, որ ռուսական ոսկին պատժամիջոցների տակ է։ Իսկ դա բավական է, որպեսզի Հայաստանը ևս ներքաշվի դրա մեջ։ Բայց եթե նույնիսկ ամեն ինչ բարեհաջող լինի, և Հայաստանը հնարավորություն ունենա խուսափել նման վտանգներից, միևնույն է, դրանից տնտեսության զարգացման պատկերը չի փոխվում։

Միակ օգուտն այն է, որ այդտեղից բյուջե որոշ գումարներ են մտնում։ Անցած տարի հատուկ այդ նպատակով նույնիսկ օրենսդրական փոփոխություններ կատարեցին՝ ոսկու արտահանումը դրեցին հարկման տակ։

Արտահանումը Հայաստանից ազատված է հարկումից, բայց ոսկու արտահանման համար տուրք սահմանեցին։ Թեև դա էլ կարծես փրկություն չէ բյուջեի համար, որն այս տարի բախվել է նախատեսված հարկային մուտքերն ապահովելու խնդիրների հետ։

Ներքին տնտեսության մեջ զարգացումներ չկան, հույսը վերարտահանումներն են։ Եվ այսպես՝ այնքան ժամանակ, մինչև մի գեղեցիկ օր հայտնվենք կոտրած տաշտակի առաջ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս