Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենից կբռնագանձվի ավելի քան 4 մլրդ դրամ
Գործարար Սամվել Մայրապետյանից և «Գլոբուս» ՍՊԸ–ի տնօրեն Գագիկ Հակոբջանյանից հօգուտ Հայաստանի ավելի քան 4 մլրդ դրամ կբռնագանձվի։ Այս մասին հայտնում է ՀՀ դատական իշխանությունը։
Ըստ հաղորդագրության` վճիռն այսօր կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանը։
Դատարանի վճռով հաստատված է համարվել, որ Սամվել Մայրապերյանը և Գ. Հակոբջանյանը չեն ներառել «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում և այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկ (ավելի քան 4 միլիարդ դրամ):
Մասնավորապես, Երևան քաղաքի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։ Կառուցումից անմիջապես հետո Սամվել Մայրապետյանը 2006թ. ընթացքում ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում` շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը:
Կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66 հազար դրամ` 770 հազար դրամի փոխարեն, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75 հազար դրամ` 160 հազար դրամի փոխարեն, ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61 հազար դրամ` 875 հազար դրամի փոխարեն: