Բաժիններ՝

Պաղեստինցիները ՄԱԿ-ին անդամակցության շուրջ քվեարկություն են ցանկանում, սակայն ԱՄՆ-ն նախապայման է առաջադրել

Պաղեստինի ղեկավարությունը կցանկանար, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապրիլի ընթացքում քվեարկություն անցկացներ ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության վերաբերյալ իրենց խնդրանքի շուրջ: Սակայն ԱՄՆ-ն կրկնել է, որ նախ Իսրայելը և պաղեստինցիները պետք է խաղաղության համաձայնագիր կնքեն։

«Մենք կարծում ենք` եկել է ժամանակը, որ մեր պետությունը դառնա ՄԱԿ-ի լիիրավ անդամ», – հայտարարել է ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիադ Մանսուրը։

Այս շաբաթվա սկզբին նա դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` խնդրելով ապրիլի ընթացքում դիտարկել Պաղեստինի խնդրանքը, որին արդեն աջակցել է «ՄԱԿ-ում արաբական խումբը», որը միավորում է 22 արաբական երկիր, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը և Չմիավորման շարժումը:

Մինչդեռ Վաշինգտոնում կարծում են, որ պաղեստինյան հայտը քննարկելուց առաջ անհրաժեշտ է, որ պաղեստինցիներն ու իսրայելցիները հաշտության համաձայնագիր կնքեն։

Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Մահմուդ Աբասը 2011 թ. սեպտեմբերին պաղեստինյան պետության լիիրավ անդամակցության հայտ էր ներկայացրել, սակայն այն ժամանակ չի կարողացել ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 15 անդամներից 9-ի անհրաժեշտ աջակցությունը: 2012 թ. նոյեմբերից պաղեստինցիները ՄԱԿ-ում դիտորդի կարգավիճակ են ստացել այն բանից հետո, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ձայների երկու երրորդով կողմ է արտահայտվել այդ որոշմանը:

Ներկայում Պաղեստին պետությունը ճանաչում է աշխարհի 140 երկիր, սակայն իրավիճակը բարդանում է նրանով, որ այդ երկրների թվում չեն ՄԱԿ-ի ԱԽ-ի երեք մշտական ​​անդամները՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերին ճեպազրույցի ժամանակ հարց են ուղղել՝ արդյոք Վաշինգտոնը պատրաստվում է վետո դնել Պաղեստինի՝ ՄԱԿ-ի լիիրավ անդամի կարգավիճակ ստանալու հայտի վրա, սակայն Միլլերը հրաժարվել է ենթադրություններ անել:

«Բայց մենք միշտ հստակ հասկացրել ենք, որ, աջակցելով անկախ պաղեստինյան պետություն ստեղծմանը…., միևնույն ժամանակ կարծում ենք, որ դա պետք է տեղի ունենա կողմերի միջև ուղղակի բանակցությունների միջոցով, ինչին մենք ձգտում ենք հասնել, այլ ոչ թե Միավորված ազգերի կազմակերպության միջոցով», – պարզաբանել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս