Հայաստանի դեմ վարվող պատերազմի թաքնված նպատակը

Այսօր տեղի ունեցող աղետալի գործընթացներին տրվող ամենատարածված, ամենամոդայիկ ու ամենահեշտ բացատրությունը հասարակությանն ազգային, արժեքային, բարոյական անկման մեջ մեղադրելն է։

Այդ գնահատականներում, իհարկե, կա ճշմարտության մեծ չափաբաժին, անգամ այն դեպքերում, երբ դրանցով հանդես եկողներն ամենաշատն են նպաստել հանրային բարոյականության անկմանը։ Բայց ճշմարիտ է նաև այն, որ եթե կա արժեքային, ազգային, արժանապատվության անկում, ապա դրանից առաջ եղել է նաև հարաբերական բարձրակետ, նշաձող, որի համեմատ արձանագրվել է այսօրվա անկումը։ Այսինքն՝ հասարակությունը միշտ չէ, որ եղել է այսքան անտարբեր, այսպես մեկուսի ու այսչափ անարժեք։ Իսկ դա նշանակում է, որ ներկայիս անկումներին կարող է/պետք է հաջորդի վերելքը, որովհետև հանրույթները, ինչպես և պետությունները, ապրում են ցիկլերով, գահավիժող ու հառնող պարբերաշրջաններով։

Բայց վերելքը, ինչպես և անկումը, չի կարող լինել ինքնաբերաբար, ապրիորի։ Համընդհանուր անկումները պատահում են հիմնականում այն դեպքերում, երբ հասարակության թերմացքը հայտնվում է սոցիալական աստիճանակարգի ամենավերևում և ոչ թե ինքն է փորձում վերափոխվել՝ համապատասխանելով տիրապետող բարձր արժեքներին, այլ հակառակը՝ հանրությանն է քաշում դեպի իր ճահիճը՝ վերջին հաշվով գարշահոտը տարածելով նաև պետության վրա։

Հետևաբար՝ անկումը կասեցնելու ու անկման ուղղությունը հակառակը դարձնելու ճանապարհը պետության ազատագրումն է թերմացքից, ինչի համար անհրաժեշտ, իհարկե, ոչ բավարար պայման է, որպեսզի քաղաքական ու սոցիալական վերնաշենքում պետության անկումները սեփական բարեկեցությանը վերածողներին փոխարինելու գան սեփական բարեկեցությունը հանրային ու պետական վերելքին ծառայեցնելու կամք ունեցողները։ Հանրությունները չեն լինում հավաքականորեն անարժեք կամ հավաքականորեն բարոյական։ Համընդհանուր արժանապատվությունը կամ համապետական աննամուսությունը պայմանավորված է որոշումներ կայացնողներով ու նրանց թելադրած կանոններով ձևավորված տիրապետող մթնոլորտով։ Հետևաբար՝ այսօրվա անկումները լայն իմաստով՝ ոչ թե համահասարակական դեգրադացիայի դրսևորումներ են, ինչպես ներկայացնում են բոլորը, այլ վերնախավում հայտնված  առանձին անձերի, անձանց խմբերի այլասերման հետևանք, որոնց կայացրած որոշումները պրոյեկցվում են հասարակության ու պետության վրա։

Կարդացեք նաև

Հասարակության մեջ հավասարապես առկա են, կան նաև հակառակ որակները կրողները, որովհետև այդպիսին է սոցիալական կառույցի ճարտարապետությունը։

Ընդ որում, հանրությունը, թեկուզև առայժմ պասիվ, այդուհանդերձ խիստ համարժեք է վերաբերվում ներկայումս ստեղծված իրավիճակին։ Դրա վկայությունն են, օրինակ, հենց երեկ հրապարակված սոցհարցումներից մեկի տվյալները, որոնց համաձայն՝ Փաշինյանի գործունեությունը դրական է գնահատում հարցվածների ընդամենը 25 տոկոսը (լիովին դրական՝ ընդամենը 8 տոկոսը, ավելի շուտ դրական՝ 17.1 տոկոսը), 67 տոկոսը նրա քաղաքականությունը գնահատում է բացասական, իսկ հարցվածների ավելի քան 88 տոկոսը մերժում է Տավուշի գյուղերի հետ կապված իշխանության մոտեցումը։

Այսօր Հայաստանի դեմ ընթացող բացահայտ ու թաքնված պայքարն իրականում տարածքի համար չէ կամ միայն տարածքի համար չէ։ Արտաքին դերակատարների մշակած ու ներքին սպասարկողների կատարմամբ վարվող պայքարը խորքում հայկականության վերելքի դեմ է։ Եվ բոլոր նրանց դեմ է, ովքեր կարող են դառնալ վերելքի առնվազն սաղմը։

Սաղմերի դեմ պայքարը հասցեական չէ, անձնավորված չէ, պայքարի նպատակը համընդհանուր միջավայրի այլասերումն է այնպես ու այնքան, որ դրանք վերջնականապես զրկվեն հողից։ Եվ հասարակության խնդիրը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան՝ քառակուսի կիլոմետրերով չափվող տարածության, այլ՝ սեփական վերելքի հողի պաշտպանությունն է, որի միջոցով միայն կարող է կասեցվել վերջնակետին մոտեցող համընդհանուր անկումը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս