«Այն առավելությունները, որ ԵԱՏՄ անդամակցությունը տալիս է Հայաստանի տնտեսությանը, որևէ այլ տեղ չի ստանա». ՌԴ փոխվարչապետ
Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի հետ աշխատանքը շատ կառուցողական է ընթանում։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Այս տարի Հայաստանն է նախագահում Եվրասիական տնտեսական միությունում։ Մասնավորապես ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է նախագահում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը։ Մենք մշտապես կապի մեջ ենք շատ հարցերի, այդ թվում` երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։ Հայ գործընկերների հետ ԵԱՏՄ–ում աշխատանքը շատ կառուցողական է ընթանում»,- ասել է Օվերչուկը։
Նա նշել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ակտիվ մասնակիցն է։
«Այն առավելությունները, որ ԵԱՏՄ անդամակցությունը տալիս է Հայաստանի տնտեսությանը, որևէ այլ տեղ չի ստանա։ Երկրի ղեկավարությունը դա հասկանում է, այնտեղ խելացի մարդիկ են։ Մենք տեսնում ենք նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք նա անում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհուրդներում։ Դրանք շատ ընդգծված աջակցության խոսքեր են ԵԱՏՄ տնտեսական օրակարգին։ Սա մենք տեսնում ենք»,- հավելել է Օվերչուկը։
ԵԱՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը: