Բնակիչներից ոմանք կրակոցների ձայները գյուղում լսել են, իրավիճակը սովորականի նման է. Կութի գյուղապետ
ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, Արբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 1-ին, ժամը 22:00-ին՝ Կութի (Գեղարքունիքի մարզ), ապրիլի 2-ին՝ ժամը 00:40-ին՝ Տեղի (Սյունիքի մարզ) հատվածում կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս ամենին զուգահեռ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 1-ին` ժամը 22։00-22։10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավ-արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
168.am-ի հետ զրույցում Կութի գյուղապետ Գրիգորի Ավագյանն ասաց, որ գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակոցներ գիշերը եղել են՝ բնակիչներից ոմանք կրակոցների ձայները լսել են։
«Կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել։ Գիշերը ես գյուղում չեմ եղել, բայց եղել են բնակիչներ, որոնք հաստատեցին՝ կրակոցների ձայներ լսել են։ Իրավիճակը սովորականի նման է գյուղում, երեխաները դպրոց, մանկապարտեզ են գնում, մարդիկ իրենց առօրյա գործերին են, փառք Աստծո, կրակոցներ գյուղի վրա չեն եղել»,- նշեց Գրիգորի Ավագյանը։
Արդեն ծանոթ ձեռագիր է՝ Ադրբեջանը, սադրանքների դիմելուց առաջ, նախ ապատեղեկատվություն է տարածում, թե «հայկական կողմը կրակոցներ է արձակել իրենց դիրքերի ուղղությամբ», ապա իբրև «պատասխան»՝ կրակում է հայկական դիրքերի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ։
Հիշեցնենք, որ նման սցենար Ադրբեջանը կիրառեց փետրվարի 13-ին: Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցներ էր արձակել, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցել էր 4 զոհ և 1 վիրավոր: Միջադեպից մեկ օր առաջ՝ փետրվարի 12-ին, Ադրբեջանը հայտարարել էր, որ իբր «հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։