Բաժիններ՝

ՌԻԱ Նովոստին «Կրոկուսի» գործով հնարավոր կրիպտո դրամապանակ-միջնորդ է գտել

ՌԻԱ Նովոստին հայտնաբերել է կրիպտո դրամապանակ, որից կարող էին օգտվել «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչության պատվիրատուները և կատարողները։ Դրա միջոցով փոխանցվել է գումարի կեսը, որը խոստացել էին ահաբեկիչներին համերգասրահի վրա հարձակման դեպքում։

Դրամապանակի հասցեն տեղադրվել էր «Խորասանի ձայնի» («Իսլամական պետության» աֆղանական թևը) հետ կապված տելեգրամյան ալիքում։

Գործակալությունը, ուսումնասիրելով համացանցում հասանելի փոխանցումների տվյալները, պարզել է, որ Tronscan հարթակում դրամապանակի հասցեն առաջին անգամ հայտնվել է մարտի 12-ին ծայրահեղական ուղղվածության տելեգրամյան ալիքներից մեկի գրառման մեջ, որի ադիմինիստրատորը Mavlavi_56 օգտատերն է։ Նա էլ վարում է «Խորասանի ձայնը» տելեգրամյան ալիքը։

Հաջորդ օրը՝ մարտի 13-ին, դրամապանակն ակտիվացել է․ որպես առաջին փոխանցում՝ այնտեղ ստացվել է 2,19 դոլարին համարժեք տոկեն։

Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել է աղբյուրը, այժմ ջնջված «Խորասանի ձայնը» ալիքն օգտագործվել է «Կրոկուսում» ահաբեկչությունն իրականացնողներին հավաքագրելու համար։

Մարտի 22-ին՝ ահաբեկչության օրը, Մոսկվայի ժամանակով 17։24-ին վերոհիշյալ տելեգրամյան ալիքում հայտնվել է «Խորասանի ձայնը» ալիքում քարոզի հղում և դրա տակ գրոհայինի լուսանկար՝ փակ դեմքով և ուսին գնդացիրով։ Tronscan հարթակում դրամապանակում նույն օրը նկատվել է ակտիվության աճ․ ստացվել և գրեթե միանգամից փոխանցվել են տոկեններ։ Ընդհանուր առմամբ եղել է չորս դրամական մուտք և ելք՝ 325, 550, 550 և 1100 դոլար։

Եթե գումարենք բոլոր չորս փոխանցումները, կստացվի 2525 դոլար կամ շուրջ 232 հազար ռուբլի։
Մեղադրյալ Ֆարիդուն Շամսիդինը ձերբակալումից հետո ասել է, որ ահաբեկչության համար խոստացել են կես միլիոն ռուբլի և քարտին փոխանցել են հենց դրա կեսը։ Ահաբեկչության հաջորդ օրն այդ կրիպտո դրամապանակով գործողություններ չեն իրականացվել։

Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն է եղել, այնուհետև հրդեհ է բռնկվել: Տուժածների թիվը հասել է 360–ի (այդ թվում` 11 երեխա), զոհերինը` 144–ի։

Ռուսաստանի քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել։ Ձերբակալվել է 11 մարդ, այդ թվում` 4 ահաբեկիչները` Դալերջոն Միրզոևը, Ռաչաբալիզոդա Սաիդակրամին, Մուհամադսոբիր Ֆայզովը և Ֆարիդունի Շամսիդինը։ Նրանց ցմահ ազատազրկում է սպառնում։ Նրանք, ինչպես նաև ահաբեկչությանն օժանդակելու մեջ մեղադրվող Իսրայել, Դիլովար և Ամինչոն Իսլոմովները կալանավորվել են մինչև մայիսի 22-ը։

Տաջիկստանում ուժայինները 9 մարդու են ձերբակալել «Կրոկուս Սիթի Հոլ»–ում ահաբեկչություն իրականացնողների հետ կապեր ունենալու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս