Եթե կա ագրեսիա, կա նաև վտարանդի իշխանություն. Արցախի բնակչությունը վաղուց ինքնորոշվել է միջազգային իրավունքի ուժով. Ռաֆայել Մարտիրոսյան
Կառավարության անցած նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ ու քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար»։
Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր ու ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար որպես սպառնալիք չօգտագործեն։
«Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է որպես կառավարություն՝ ՀՀ ազգային անվտանգության խնդիր է, ու հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ այդ մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որը հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ասել է Ն. Փաշինյանը։
Նա նկատի ուներ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի՝ Le Figaro պարբերականին տված հարցազրույցը, որտեղ նա հայտարարել էր, որ այն շենքում, որտեղ հյուրընկալել է լրագրողին Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Նա նշել էր, որ խորհրդարանականները կարող են հավաքվել այնտեղ՝ քվեարկելու համար։ 2023թ. հոկտեմբերին նա ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Ռաֆայել Մարտիրոսյանն ասաց՝ Արցախի իշխանությունը չի արել այնպիսի հայտարարություն կամ քայլ, որը կարող է վնասել Հայաստանի ազգային անվտանգությանը։
Ավելին, միջազգային իրավական նորմերով՝ որևէ մեկը չի կարող խանգարել վտարանդի կառավարությանը։
«Չեմ կարծում, որ Արցախի իշխանություններն այնպիսի գործունեություն են ծավալում Հայաստանում, որը կարող է վտանգել Հայաստանի անվտանգությունը։ Արցախի իշխանությունները լավագույնս պատկերացնում են, որ որևէ կերպ Հայաստանը չպետք է ենթարկվի վտանգի, քանի որ Արցախ վերադառնալու հնարավորությունը տեսնում են միայն Հայաստանի հզորության տրամաբանության մեջ։ Արցախահայերը չեն կարող որևէ խնդիր ստեղծել Հայաստանի համար, առավել ևս՝ անվտանգային»,- նշեց Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նա շեշտեց՝ ի վերջո, պետք է հասկանալ՝ Արցախը Հայաստան է, չպետք է բաժանել։
«Եթե անհրաժեշտություն կա, որ արցախցին իր մարմինն անդամահատի հանուն Հայաստանի անվտանգության ու փրկության՝ կանի, միայն իր հայրենիքի այս հատվածը փրկի։ Չպետք է արցախահայերին դիտարկել՝ որպես Հայաստանի թշնամի»,- շեշտեց փաստաբանը։
Փաստաբանի դիտարկմամբ՝ արցախահայերը չեն կարծում, որ Հայաստանի սահմանները սահմանափակվում են Նիկոլ Փաշինյանի կողմից ներկայացված քարտեզի չափով, ամենևին ոչ։ Հիմա ոչ միայն Արցախը, այլև այլ հայկական տարածքներ գտնվում են օտարների օկուպացիայի տակ։
«Արդյո՞ք իրավաչափ է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ կապված Արցախի վտարանդի կառավարության հետ։ Ուզում եմ հիշեցնել, որ միջազգային իրավունքով Արցախի Հանրապետության վարչական տարածքում գտնվող բնակչությունը վաղուց ինքնորոշվել է։ Իսկ ինքնորոշման միջազգային իրավունքի սկզբունքների մեջ տեղ գտած ինքնորոշման իրավունքն իրավունքի ուժով հնարավորություն է ընձեռում տվյալ բնակչությանը՝ ունենալ իշխանությանն ու պետությանը բնորոշ որոշակի տարրեր, անգամ չճանաչված լինելու պայմաններում։ Հետևաբար՝ այդ իրավունքը գոյություն ունի՝ մեկ այլ պետությունում իրականացնելու համար։ Նման փաստեր գոյություն ունեցել են Երկրորդ համաշխարհային պատերազմում, երբ գերմանացիները հարձակվել էին Բելգիայի վրա, որի մի հատվածում ստեղծեցին իշխանություն՝ վտարանդի պետություն»,- նշեց մեր զրուցակիցը։
Նրա բնորոշմամբ՝ վտարանդի պետության ստեղծումը ծնվում է ագրեսիայի արդյունքում, իսկ այդ ագրեսիային Հայաստանի Հանրապետությունը բազմիցս անդրադարձել է։
«Եթե կա ագրեսիա, կա նաև վտարանդի պետություն, իշխանություն։ Ես միջազգային իրավունքի նորմերից եմ խոսում, ուրիշ ոչ մի բան։ Իսկ եթե ՀՀ կառավարությունը տեսնում է, որ Արցախի իշխանությունը վտանգավոր քայլեր է անում, կարող է նախ դրանք մատնանշել, այնուհետև՝ պատժել»,- եզրափակեց Ռաֆայել Մարտիրոսյանը։