Փաշինյանը սպառնում է Սամվել Շահրամանյանին
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ ու քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների ու այլնի մասին։ Ես ուզում եմ շատ հստակ հայտարարել՝ Հայաստանում կա մի կառավարություն ու այդ կառավարությունը նստած է այս դահլիճում»,- ասաց նա։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ իր այս ուղերձը պետք է շատ հստակ արձանագրել։
«Անհրաժշետության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր ու ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որ նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների Հայաստանի անվտանգության համար որպես սպառնալիք չօգտագործեն»,- ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, չի կարող որևէ այլ կառավարություն գոյություն ունենալ։
«Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է որպես կառավարություն՝ ՀՀ ազգային անվտանգության խնդիր է, ու հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ այդ մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որը հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- շեշտեց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նրանք, ովքեր հանդես են գալիս այդ ուղերձներով, իրենք պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորություն ունեցել են։
«Ու տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ։ Կրկին ասում եմ՝ Հայաստանում որևէ այլ կառավարություն չկա, չի եղել ու չի կարող լինել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, թե պետության նկատմամբ նման գործողությունները չեն կարող անարձագանք մնալ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Le Figaro պարբերականին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել էր․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները»:
Արցախի նախագահ Սամվել Շահրամյանը նաև ասել էր, որ այն շենքում, որտեղ հյուրընկալել է լրագրողին Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ 2023 թ. հոկտեմբերին նա ստորագրել է հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով։