Սամվել Շահրամանյանին մեղադրելով՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է Ադրբեջանի հերթական պահանջը. նա նոր մեղավոր է փնտրում. Դավիթ Գալստյան

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին,  անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ 2023-ի սեպտեմբերի 28-ի՝ Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին իր արձակած հրամանագրին։

Սամվել Շահրամանյանը ևս մեկ անգամ ասել է՝ «Ուժերի անհավասարակշռության պատճառով մենք դիմադրություն ցույց տալու հնարավորություն չունեինք, դրա համար էլ շատ արագ կապ հաստատեցինք ադրբեջանցիների հետ, որպեսզի քաղաքացիական բնակչությունը հնարավորինս ազատ լինի մարտական գործողություններից։

Տասներկու ժամ տևած բանակցություններից հետո մենք վերջ դրեցինք մարտական գործողություններին։ Արդեն հաջորդ օրն Արցախի քաղաքացիները խնդրել են տարհանվել Հայաստան՝ վախենալով զավթիչների կողմից զանգվածային սպանություններից։ Այսպիսով, մենք սկսեցինք բանակցությունների երկրորդ փուլը, որպեսզի նրանց տարհանումը հնարավորինս սահուն անցնի»։

Սամվել Շահրամանյանը նաև ասել է, որ գործում է Արցախի վտարանդի կառավարություն. «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ Ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում կամավոր հիմունքներով»։

Կարդացեք նաև

Այսօր  հարցազրույցի թարգմանությունը հայաստանյան լրատվամիջոցներում հրապարակվելուց հետո  Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, թե  ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ կամա թե ակամա անում են գործողություններ ու քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար, ապա շարունակեց.

«Եթե որևէ մեկը Հայաստանում իրեն նույնականացնում է՝ որպես կառավարություն, ՀՀ ազգային անվտանգության խնդիր է, ու հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ այդ մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են։ Սա ուղղակի հայտարարություն չէ, որը հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է, որը պետք է արտահայտվի իրական կյանքում»,- ասել է Փաշինյանը։

168.amի հետ զրույցում Արցախի Հանրապետության «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն ասաց, որ Սամվել Շահրամանյանի որևէ հայտարարություն սպառնալիք չէ Հայաստանի ազգային անվտանգությանը՝ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ մանիպուլացնում է։

«Դժվար է մեկնաբանել այդ մարդու հայտարարությունները, որը մեկ օրվա մեջ իրար հակասող բազմաթիվ հայտարարություններ է անում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք՝ Արցախի օրենսդիր և գործադիր մարմիններս, անում ենք ամեն ինչ, որպեսզի թեթևացնենք արցախահայերի բեռը, պահենք Արցախ վերադառնալու վերջին հույսը։

Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարությամբ հիմա փորձում է  հերթական սեպը խրել Արցախի ու Հայաստանի միջև, սա հայ ազգին պառակտելու հերթական հայտարարությունն է»,- նշեց Դավիթ Գալստյանը։

Ըստ Դավիթ Գալստյանի, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ներկայացնում է՝ որպես ժողովրդավար երկիր, բայց տեսնում են, թե ինչպես են Հայաստանում բռնություններով, ճնշումներով մարդկանց փորձում լռեցնել։

«Համոզված եմ՝ սա Ադրբեջանի հերթական պահանջն է, որը Նիկոլ Փաշինյանը կյանքի է կոչում։

Մենք շատ լավ գիտենք Նիկոլ Փաշինյանի ձեռնագիրը՝ բոլոր տեղերում նա մեղավորներ է փնտրում՝ սեփականը մեղքը նրանց վրա բարդելու համար։ Իր հայտնի հարցազրույցը բոլորն էլ հիշում են, որտեղ ասում էր. «Ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ոչ՝ թիվ մեկ մեղավորը»։

Ինչ վերաբերում է Արցախը լուծարելու վերաբերյալ փաստաթղթին՝ Նիկոլ Փաշինյանի արած հղմանը, ապա նա շատ լավ գիտի, որ նման փաստաթուղթ գոյություն չունի, ուղղակի հերթական մանիպուլյատիվ հնարքն է, որ նա փորձում է կատարել»,- եզրափակեց Դավիթ Գալստյանը։

Տեսանյութեր

Լրահոս