Հայ ռազմագերիներին Բաքվում դատում են քաղաքական պատվերով դատական ակտեր կայացրած դատավորները. Սիրանուշ Սահակյան
Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի բնորոշմամբ՝ Ադրբեջանում հատկապես ծանր, առանձնակի դաժանությամբ են վերաբերվում 90-ականների պատերազմին մասնակցած և հաղթանակի ոգին կրող հայ անձանց և վրեժխնդրությունից ելնելով՝ առ այսօր նրանց ազատ չեն արձակում։
«2023 թվականի ագրեսիայի հետևանքով ունենք գերեվարված զինվորականներ, նաև տարեց անձ։
Արցախի բարձրաստիճան ղեկավարների ձերբակալումը և հետագա կալանավորումը որևէ առնչություն չի ունեցել ռազմական գործողությունների հետ, նրանք քաղաքական նպատակներով հետապնդվողներ են, որոնց վերաբերյալ մեծապես օգտագործվում է քաղաքական բանտարկյալ եզրույթը։ Կարծում ենք՝ նրանք թիրախավորվել են իրենց թույլատրելի գործունեության համար, դրանց մեջ առաջնայինը Արցախի ինքնորոշման համար պայքարն է, որը եղել է՝ ինչպես ներքաղաքական հանգամանքներում, այնպես էլ՝ արտաքին քաղաքական հարաբերություններում»,- պանելային քննարկման ժամանակ նշեց Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով 2023 թվականի սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի, Բաքվում անազատության մեջ գտնվող գերիների, ռազմագերիների ու պատանդների նկատմամբ Ադրբեջանի գործադրած ապօրինի մեթոդների մասին։
Ըստ իրավապաշտպանի, այս ամենից զատ, կան նաև բռնի գերեվարվածներ, որոնց մասին որևէ տեղեկություն չկա: Ամենայն հավանականությամբ, նրանք ենթարկվել են բռնությունների, ընդհուպ՝ մինչև սպանություն։ Փաստահավաք գործունեության ընթացքում հիմնավորվել է նման 80 դեպք, երբ զինծառայողները զենքը վայր են դրել, ողջ հայտնվել են ադրբեջանական հսկողության ներքո, զրկվել են ազատությունից, իսկ հետագայում նրանց ճակատագիրը դարձել է անհայտ, քանի որ միտումնավոր գործողությունների արդյունքում պետությունը, այսինքն՝ Ադրբեջանը, թաքցրել է այդ անձանց կալանավորելու, ազատազրկելու հանգամանքը։ Նշված անձինք փոխել են իրենց կարգավիճակը՝ գերեվարվածներից դառնալով բռնի անհետացածներ։
«80 դեպքերը բավականին հիմնավոր են, դրանց մեծամասնության դեպքում ունենք ստուգված տեսանյութեր, լուսանկարներ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այս անձանց վերաբերյալ կան դատական գործընթացներ, նաև ՄԱԿ-ում բռնի անհետացածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբում հատուկ ընթացակարգեր են նախաձեռնվել։ Եվ Ադրբեջանի իշխանություններին հարցումներ են արվել, նրանք ստանդարտ պատասխանում են, որ այդ անձինք չեն եղել ադրբեջանական վերահսկողության ներքո»,- շեշտեց Սիրանուշ Սահակյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ հայ գերիներին, ռազմագերիներին Բաքվում դատում են այն դատավորները, որոնք Ադրբեջանում հայտնի են՝ որպես քաղաքական գործերով ապօրինի դատական ակտեր կայացրած դատավորներ։ Ադրբեջանի տեղական կազմակերպությունները «սև ցուցակ» են կազմել, որոնցում ներառել են քաղաքական պատվերով դատական ակտեր կայացրած դատավորներին։
«Յուրաքանչյուր դատավոր հայտնի է մարդու իրավունքների հարցերով զբաղվող իրավապաշտպաններին, փաստաբաններին, լրագրողներին, քաղաքական օպոնենտներին հետապնդելու մեջ»,- շեշտեց Սիրանուշ Սահակյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում