
Հայտնաբերվել է ընդհատվող ծոմապահության վտանգավոր հետևանք

Շանհայի Ցզյաո Տոնգ համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ 16-ժամյա ծոմ պահելը, որին հաջորդում է 8-ժամյա ուտելու պատուհանը, կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան սրտի ասոցիացիայի (AHA) կայքում:
Հետազոտությանը մասնակցել է 20 հազար մեծահասակ։ Գիտնականները տեղեկություններ են հավաքել մասնակիցների սնվելու սովորությունների մասին և պարզել, թե ինչ մեթոդներով են նրանք ազատվում ավելորդ կիլոգրամներից։ Հետազոտողները նաև կամավորների առողջական բնութագրերի վերաբերյալ տվյալներ են ձեռք բերել նրանց տարեկան հետազոտություններից։ Սրանից հետո սկսվել է մասնակիցների դիտարկման շրջանը, որը տևել է 20 տարի։
Արդյունքները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր հավատարիմ են եղել ընդհատվող ծոմապահությանը կամ 16/8 սննդակարգին, ավելի կարճ կյանքի տեւողություն են ունեցել մնացած մասնակիցների համեմատ: Հանրաճանաչ 16/8 ընդհատվող ծոմապահության համակարգը ներառում է 8 ժամ ուտել, իսկ հետո 16 ժամ ծոմ պահել:
Պարզվել է նաև, որ նման սննդակարգի հետևող մարդիկ ավելի հաճախ են մահանում սրտանոթային հիվանդությունների պատճառով։ Ըստ shantnews-ի՝ գիտնականները հաշվարկել են, որ այս կերպ սնվելը կապված է ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկի գրեթե կրկնապատկման հետ: Ուսումնասիրությունը նաև չի գտել որևէ ապացույց, որ ընդհատվող ծոմապահությունը երկարաժամկետ հեռանկարում բարելավում է առողջական այլ արդյունքներ: