ՀՀ-ում գործում է միջազգայնորեն ճանաչելի 28 բուհ. Նիկոլ Փաշինյանը չճշտված տեղեկություններ է տարածում. news.am

2024 թվականի մարտի 18-ի դրությամբ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) կողմից հավատարմագրված է 28 բուհ, այդ թվում՝ բոլոր պետական բուհերը և 7 ոչ պետական բուհ: ՈԱԱԿ հավատարմագրման արդյունքները ճանաչվում են Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում եւ համարժեք են ճանաչված Եվրոպական հավատարմագրման այլ կառույցների արդյունքներին: Այս մասին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուբեն Թոփչյանը:

Վերջինս պարզաբանել է, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը, «Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների եւ դրանց մասնագիտությունների պետական հավատարմագրման կարգ»-ը (այսուհետ՝ Հավատարմագրման կարգ) չեն առանձնացնում «միջազգային հավատարմագրում» եզրույթը:

Նշենք, որ ՀՀ-ում գործող հավատարմագրման կարգի համաձայն՝ ուսումնական հաստատությունն իրավունք ունի հավատարմագրման համար դիմելու Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR) գրանցված կազմակերպություններին:

««Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (այսուհետ՝ ՈԱԱԿ) երկու անգամ գնահատվել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) կողմից, դարձել ENQA-ի լիիրավ անդամ եւ գրանցվել Որակի ապահովման եվրոպական ռեգիստրում (EQAR): ՈԱԱԿ հավատարմագրման արդյունքները ճանաչվում են Բարձրագույն կրթության եվրոպական տարածքում եւ համարժեք են ճանաչված Եվրոպական հավատարմագրման այլ կառույցների արդյունքներին: Հարկ է նշել, որ ՀՀ Հավատարմագրման չափանիշները ճանաչվել են համահունչ Եվրոպական չափորոշիչներին եւ ուղենիշներին (ESG)»,-ասված է մեզ ուղարկված պատասխանում:

Հարցին, թե քանի՞ բուհ է հավատարմագրում անցել միջազգային փորձագետի/փորձագետների ներգրավմամբ և բուհերի համար ի՞նչ առավելություն ունի միջազգային փորձագետի ներգրավմամբ իրականացված հավատարմագրումը, ՈԱԱԿ-ի տնօրենը պատասխանել է.

«ՈԱԱԿ միջազգային ճանաչման պայմանների համաձայն՝ հավատարմագրման փորձագիտական խմբում պարտադիր ընդգրկվում է արտերկրից հրավիրված առնվազն մեկ փորձագետ: Այսպիսով, բոլոր բուհերի ՈԱԱԿ հավատարմագրման գործընթացներում ներգրավված են եղել եվրոպական եւ տարածաշրջանային զարգացած երկրներից միջազգային փորձագետներ՝ հաշվի առնելով բուհերի կրթական ծրագրերի առանձնահատկությունները:

ՈԱԱԿ հավատարմագրման փորձագիտական բոլոր զեկույցներում ներառվում են նաեւ միջազգային փորձագետի գործընկերային գնահատումը եւ խորհրդատվությունները Բարձրագույն կրթության եվրոպական տարածքին բուհի ինտեգրվելու տեսանկյունից հնարավոր բարելավումների վերաբերյալ: Հավատարմագրման պետական գրանցամատյանը կապակցված է Եվրոպական որակի արտաքին – ապահովման արդյունքների շտեմարանին (DEQAR). պետական գրանցամատյանում հավատարմագրման արդյունքների վերաբերյալ կատարված գրառումները՝ համաժամանակյա կերպով գրանցվում են DEQAR-ում՝ ապահովելով ՈԱԱԿ փորձագիտական զեկույցների եւ Հավատարմագրման հանձնաժողովի որոշումների հրապարակայնությունը, թափանցիկությունը միջազգային մակարդակում (փորձագիտական բոլոր զեկույցները թարգմանվում են եւ հասանելի են ինչպես հայերենով, այնպես էլ անգլերենով)»:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից ընդգծել են, որ միջազգայնորեն ճանաչելի են ENQA-ի անդամ հանդիսացող կառույցների, այդ թվում՝ ՈԱԱԿ-ի կողմից շնորհված հավատարմագրումները։

Այսպիսով կարելի է արձանագրել, որ ներկայում ՀՀ-ում գործում է միջազգայնորեն ճանաչելի 28 բուհ: NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան, այս փաստը հատատել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից:

«Բարձրագույն ուսումնական հաստատությունների և վերջիններիս առանձին կրթական ծրագրերի հավատարմագրման, այդ թվում նաև՝ օտարերկրյա հավատարմագրող կազմակերպությունների կողմից, և վերջինիս վավերականության ժամկետի վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի պաշտոնական կայքում զետեղված Հավատարմագրման պետական գրանցամատյանից (https://register.anqa.am/)» ,-նշել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար Լևոն Ֆարմանյանը:

Միջազգայնորեն ճանաչելի բուհերի ցանկը, նախ և առաջ լավ կլիներ ուսումնասիրեր կամ առնվազն աչքի անցկացներ կառավարության ղեկավարը, նախքան չճշտված հայտարարություններով հայաստանյան կրթական համակարգի նշաձողը հերթական անգամ իջեցնելը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին, ելույթ ունենալով Դիլիջանում Տնտեսական քաղաքականության խորհրդի նիստին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում չկան միջազգային հավաստագրում ունեցող բուհեր և այդ իսկ պատճառով ակադեմիական քաղաքի ծրագիրն այդքան կարևոր նշանակություն ունի։

«Մենք այսօր ՀՀ-ում չունենք ոչ մի բուհ, որ եվրոպական չափանիշներով հավաստագրվի և ստանա բուհական գործունեության լիցենզիա: Սա ֆունդամենտալ արձանագրում է: Այս առումով ակադեմիական քաղաքը մեզ համար չափազանց կարևոր և ռազմավարական ծրագիր է»,- ասել է նա։

Նշենք, որ բուհերի միջազգային հավատարմագրումը պարբերաբար իրականացվող գործընթաց է, որի մասին մշտապես հայտարարվում է: Այսպես. միայն մարտ ամսին՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունից առաջ, հրապարակվել է ՀՀ առնվազն երկու բուհի միջազգային հավատարմագրման մասին:

Մասնավորապես մարտի 6-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանը ստացել էր միջազգային հավաստագրման վերահաստատում (առաջին անգամ 2006-ին էր ստացել) առավելագույն ժամկետով՝ WASC Senior College and University Commission (WSCUC) ամերիկյան ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից։ Ի դեպ՝ ՀԱՀ-ը միակ ԲՈՒՀ-ն է տարածաշրջանում, որը hավատարմագրված է ԴԲԱԸ ԲՈՒՀ-երի հանձնաժողովի կողմից։

Մարտի 7-ին էլ ԵՊԲՀ-ում տեղի էր ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» եռալեզու կրթական ծրագրերի՝ NCEQE (National Center for Educational Quality Enhancement) կառույցի կողմից միջազգային հավատարմագրման հավաստագրի շնորհման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, WFME (World Federation for Medical Education) կազմակերպության ներկայացուցիչներ:

Տեսանյութեր

Լրահոս