Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում, ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Kathimerini օրաթերթին:

– Վարչապետ Միցոտակիսի հետ հանդիպման ընթացքում Դուք կարևորեցիք «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ առևտրային հանգույցի ստեղծման համար, որը պետք է կապի Հայաստանը Միջերկրական ծովի և Հունաստանի հետ՝ անցնելով Թուրքիայի տարածքով: Ինչպե՞ս կարող է այս

Հարավային Կովկասում հարատև խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելը Հայաստանի Հանրապետության առաջնահերթությունն է, ինչի համատեքստում կարևորում եմ տարածաշրջանի ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ենթադրում է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով մի կողմից Սև ծովի, մյուս կողմից Պարսից և Օմանի ծոցերի միջև ավտոմոբիլային բեռնափոխադրումների, խողովակաշարերի, էլեկտրահաղորդման և ինտերնետային մալուխների հզորությունների էական ավելացում: Նախագիծը ենթադրում է նաև այդ երկու վերջնակետերի միջև երկաթուղային հաղորդակցության ստեղծում, որը հնարավոր է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պարագայում, որովհետև Վրաստանից Հայաստան մտնող երկաթուղու դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն տանող ամենաօպտիմալ երթուղին անցնում է ադրբեջանական Նախիջևանով և այդ երկաթուղին գոյություն է ունեցել խորհրդային տարիներին: Սա «Խաղաղության խաչմերուկի» հյուսիս-հարավ թևն է:

Կա նաև արևելք-արևմուտք թևը, որը կարող է Հայաստանի տարածքով միացնել Կասպից ծովը Միջերկրական ծովին, ինչպես նաև Սև ծովի թուրքական նավահանգիստներին: Սրա համար հարկավոր է, որ Ադրբեջանից Հայաստանով երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, մալուխներ մտնեն Թուրքիա: Եվ մենք պատրաստ ենք նման լուծումների: Ընդ որում, այս ճանապարհը ենթակառուցվածքները կարող են օգտագործվել նաև Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան կապի համար և մենք պատրաստ ենք նաև սրան: Այս բոլոր ենթակառուցվածքների գործունեության համար «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ամրագրել ենք հանրահայտ սկզբունքներ: Այն է՝

– Բոլոր ենթակառուցվածքները պետք է լինեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

– Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է անվտանգությունը:

– Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

– Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով:

Kathimerini օրաթերթ՝ Աթանասիոս Կացիկիդիս – Լեռնային Ղարաբաղի վերջին պատերազմը ի ցույց դրեց միջազգային համագործակցության և պաշտպանական գործընկերության անհրաժեշտությունը, մասնավորապես Հունաստանի՝ հայ ժողովրդի կողքին լինելով և մարդասիրական օգնություն տրամադրելով: Հաշվի առնելով տարածաշրջանային աճող ռիսկերն ու սպառնալիքները, ի՞նչ նշանակություն ունի պաշտպանության մասին հուշագիրը, որը ստորագրել եք ձեր գործընկեր երկրի հետ: Այն պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման համար ավելի լայն համագործակցության, թե՞ նույնիսկ ընդհանուր պաշտպանական դոկտրինի ստեղծման մասին է:

Հայաստանի անկախությունից ի վեր հայ ժողովուրդը մշտապես վայելել է Հունաստանի աջակցությունը: Առիթն օգտագործելով, կրկին պետք է երախտագիտություն հայտնեմ հույն ժողովրդին և Հունաստանի կառավարությանը դժվարին պահերին մեր կողքին լինելու և ցուցաբերած օժանդակության համար:

Պաշտպանական ոլորտի համագործակցությունը երկարամյա ավանդույթներ ունի, իսկ նախորդ տարվա դեկտեմբերին ստորագրվեց երկու կառավարությունների միջև Ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքի փոխանակում, համատեղ նախագծերի զարգացում: Հունաստանի ուսումնական հաստատություններում ուսումնառության հնարավորություն ունեն բազմաթիվ հայ կուրսանտներ. սրանք այս ոլորտում փոխգործակցության միայն մի քանի դրվագներ են: Պարբերաբար անց են կացվում համատեղ զորավարժություններ։ Չնայած պաշտպանական ոլորտում գերազանց համագործակցությանը, այն զարգացնելու մեծ ներուժ կա: Առաջիկայում, հուսով ենք, համագործակցությունն այս ուղղությամբ, կընդլայնվի:

Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանի համագործակցությունը իր գործընկերների հետ պաշտպանության բնագավառում ուղղված չէ որևէ երկրի դեմ։ Հայաստանի պաշտպանական կարողությունների զարգացումը միտված է պաշտպանելու մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անքակտելիությունը։

– Վերջերս Հունաստանի և Թուրքիայի միջև «Բարեկամական հարաբերությունների և բարիդրացիության մասին»

– Թուրքիան տարածաշրջանային դերակատար է, և բնական է ակնկալել, որ այն պետք է հավասարակշռված դիրքորոշում ունենա տարածաշրջանի տարբեր զարգացումների վերաբերյալ: Պակաս ուշադրություն չի դարձվում Թուրքիայի պաշտոնական հռետորաբանությանը, որը կարող է և՛ խթանել, և՛ վտանգել մի շարք գործընթացներ։ Հայաստանը մյուս կողմից ակնկալում է, որ Թուրքիայի հռետորաբանությունը նպատակաուղղված չի լինի տարածաշրջանային լարվածության ավելացմանը, այլ կնպաստի տարածաշրջանում երկխոսության ու համագործակցության խթանմանը։

Ինչպես տեղյակ եք, Հայաստանն ու Թուրքիան սկսել են հարաբերությունների կարգավորման գործընթաց, որն ուղղված է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը, երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, միջպետական սահմանի ամբողջական բացմանը: Այս գործընթացի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռքբերվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացել Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը: Մենք իրապես հավատում ենք, որ այս պայմանավորվածության իրականացումը նույնպես դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային դինամիկայի վրա։

Հունաստանի և Թուրքիայի միջև ընթացող զարգացումներն էլ ևս մեկ անգամ փաստում են, որ հնարավոր է հաղթահարել տարաձայնությունները և հարևանների միջև ձևավորել համագործակցության փոխշահավետ օրակարգ։

– Վերջերս Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), իսկ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ Ռուսաստանի մեղմ դիրքորոշումը մտահոգություն է առաջացրել ձեր քաղաքացիների շրջանում: Հաշվի առնելով այս փաստերը՝ պատրա՞ստ եք որդեգրել ավելի արևմտյան մոտեցում միջազգային քաղաքականության համատեքստում:

– Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, մասնավորապես՝ 2021 և 2022թթ.:

Եվ հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Մենք 2023 թ. սեպտեմբերից ի վեր չունենք ՀԱՊԿ-ում մշտական ներկայացուցիչ։ Մենք ՀԱՊԿ միջոցառումներին բարձր ու բարձրագույն մակարդակով չենք մասնակցում։ ՀԱՊԿ որոշումները չենք արգելափակում, բայց դրանց չենք մասնակցում։

Անդրադառնալով հարցի երկրորդ մասին՝ կարող եմ նշել, որ Հայաստանը բաց է փոխշահավետ հարաբերություններ հաստատել և զարգացնել բոլոր գործընկերների հետ և ունի հստակ դիրքորոշում տարածաշրջանում կայուն և հարատև խաղաղության հաստատման վերաբերյալ: Այս նպատակով մենք բազմազանեցնում ենք մեր անվտանգային հարաբերությունները:

– Հունաստանի հայ համայնքն ավելի քան 30,000 է, ընդ որում նրանք հաջողություններ են գրանցում արվեստի, ակադեմիական ոլորտներում և նույնիսկ զբաղվում են քաղաքականությամբ: Ի՞նչ նախաձեռնություններ են քննարկվում Հայաստանի և Հունաստանի միջև միջանձնային փոխանակումների և մշակութային համագործակցության ընդլայնման ուղղությամբ:

– Իրավացի եք, մեր երկկողմ կապերն ամրապնդող կարևոր գործոն են ինչպես Հունաստանում բնակվող հայկական համայնքը, այնպես էլ Հայաստանում բնակվող հունական համայնքը: Կարևոր է, որպեսզի առկա պատմական ամուր կապերն ամրապնդվեն հայ և հույն երիտասարդ սերունդների շփումներով և պիտի քայլեր ձեռնարկենք փոխադարձ ճանաչման հնարավորություններ ստեղծելու համար: Այս առումով կցանկանայի առանձնացնել ինչպես զբոսաշրջության, որը թերևս լավագույն հնարավորությունն է մարդկանց միջև կապերն ամրապնդելու համար, այնպես էլ գիտակրթական համատեղ ծրագրերի նշանակությունը:

Առաջիկայում նախատեսվում է ստորագրել կրթական ոլորտի երկկողմ համագործակցության նոր ծրագիրը, որն ուսանողադասախոսական կազմի փոխանակումների նոր հնարավորություններ կընձեռի: Օրերս համագործակցության համաձայնագիր է կնքվել Հայաստանի կառավարության և Թրակիայի Դեմոկրիտի համալսարանի միջև, որտեղ կգործի հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը: Նախորդ տարի համագործակցության հուշագիր է ստորագրվել Աթենքի գիտությունների ակադեմիայի և Հայաստանի ազգային գիտությունների ակադեմիայի միջև: Առաջիկայում նախատեսվում են գիտական, մշակութային ոլորտի մի շարք այլ համատեղ նախաձեռնություններ, որոնք կնպաստեն երկկողմ մշակութային կապերի ամրապնդմանը:

Մարդկանց միջև շփումներն առավել ինտենսիվ դարձնելու նպատակով, իհարկե, անհրաժեշտ է, որ օր առաջ հաջողությամբ պսակվեն ԵՄ երկրների հետ մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման բանակցությունները։ Հայաստանը վաղուց պատրաստ է այդ գործընթացի կյանքի կոչմանը։

 – Եզրափակելով մեր հարցազրույցը՝ ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի և Հունաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը, և ո՞րն է Ձեր ուղերձը հույն ժողովրդին:

– Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերություններն իրենց հիմքում ունեն ինչպես ընդհանուր պատմությունը և վաղեմի բարեկամությունը, այնպես էլ նվիրվածությունն ընդհանուր արժեքներին: Երկկողմ հարաբերությունների զարգացումը ևս դիտարկում ենք այս շրջանակում: Հայաստանն իր զարգացումը տեսնում է ժողովրդավարական հաստատությունների կայացման միջոցով: Մենք ձգտում ենք զարգացնել նաև համագործակցությունը եվրոպական կառույցների, առաջին հերթին՝ Եվրամիության հետ: Այս ճանապարհին մեզ համար շատ կարևոր է Հունաստանի փորձառությունը, ինչպես նաև օժանդակությունը: Կայունությունը և խաղաղությունը հիմնարար արժեքներ են, որոնց ապահովման ուղղությամբ ջանքերում ևս հայ-հունական բարեկամությունն իր ներդրումը կարող է ունենալ: Կարծում եմ, որ երկկողմ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով հող կնախապատրաստի, որ Հայաստան-Հունաստան սերտ համագործակցությունն ի վերջո բերվի ավելի բարձր՝ ռազմավարական մակարդակի։

Եզրափակելով՝ բարեկամ հույն ժողովրդին մաղթում եմ խաղաղ բարգավաճում և առաջընթաց։

Տեսանյութեր

Լրահոս