
Պաշտպանության ոլորտում Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. Փաշինյան

Պաշտպանության ոլորտում գործընկերների հետ Հայաստանի համագործակցությունն ուղղված չէ որևէ երկրի դեմ. այս մասին հունական Еkathimerini պարբերականի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ երկրի պաշտպանունակության հնարավորությունների զարգացումն ուղղված է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը և սահմանների պահպանմանը։
Այս համատեքստում նա ընդգծել է հայ-հունական համագործակցությունը:
«Պաշտպանության ոլորտում համագործակցության երկարամյա ավանդույթ կա. անցյալ տարվա դեկտեմբերին երկու կառավարությունների միջև ստորագրվել է ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիրը, որը ենթադրում է փորձի, գիտելիքների փոխանակում և համատեղ նախագծերի մշակում։
Շատ հայ կուրսանտներ հնարավորություն ունեն սովորելու հունական ուսումնական հաստատություններում: Սրանք այս ոլորտում համագործակցության կետերից միայն մի քանիսն են, և ներկայումս պարբերաբար զորավարժություններ են անցկացվում։
Չնայած պաշտպանության ոլորտում գերազանց համագործակցությանը, կա հետագա զարգացման մեծ ներուժ։ Առաջիկայում հուսով ենք, որ այս ուղղությամբ համագործակցությունը կընդլայնվի», – ասել է Փաշինյանը։