էրդողանի զգուշացումը Պուտինին վերաբերում էր նաև Հարավային Կովկասին. ռուս թուրքագետ
Օրերս ՌԴ մերձմոսկովյան «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո թուրքական կողմը Մոսկվա զանցահարեց թե ԱԳ նախարարի, թե երկրի նախագահի մակարդակով։ Ահաբեկչությունից ժամեր անց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը զանգահարեց իր ռուս պաշտոնակցին՝ փոխանցելով Էրդողանի ցավակցությունը։
«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Ռուսաստանի կառավարությանը Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ և խստորեն դատապարտում ենք այդ հարձակումը»,- Անկարայում կայացած հանրահավաքում ելույթ ունենալիս ասել էր նախագահ Էրդողանը։
Էրդողանի խոսքով՝ «ահաբեկչությունն անընդունելի է՝ անկախ նրանից, թե ումից է այն, կամ ով է հանցագործը»։
«Որպես երկիր, որը շատ լավ գիտի ահաբեկչության արյունոտ և նենգ դեմքը, մենք կիսում ենք ռուս ժողովրդի ցավը»,- ասել է նա։
Էրդողանը նաև զանգահարել է Պուտինին և ցավակցություն հայտնել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։
Էրդողանը ՌԴ նախագահին ասել է, որ այս ահաբեկչությունը ցույց է տալիս տարածաշրջանում ճգնաժամերի շուտափույթ կարգավորման անհրաժեշտությունը։ Այս կապակցությամբ թուրքական Hürriyet-ը նշում է, որ Էրդողանի հայտարարությունն արձանագրում է այն փաստը, որ «ահաբեկչության դեմ պայքարում երկրների միջև փոխգործակցության ներկա մակարդակն անբավարար է»։
Սակայն կան նաև փորձագետներ, որոնք Էրդողանի այս ձևակերպման մեջ շանտաժ են տեսնում, որը վերաբերում է նաև Հարավային Կովկասին։
Օրինակ՝ իրանցի վերլուծաբան Ահմադ Քազամին գտնում է, որ Կրոկուսում տեղի ունեցածն Ուկրաինայի և Հարավային Կովկասի հետ կապված անձնական շահերի դաշտ մղելու փորձն այս դեպքում ոչ միայն զզվելի և ստոր է, այլև բավականին ոչ գործընկերային է հնչում, և կտեսնեն, թե ինչպես կարձագանքեն Ռուսաստանի իշխանությունները։
«Շուտով կտեսնենք, թե արդյո՞ք ՌԴ իշխանություններն ականջալուր կլինեն իրանցի գործընկերների խորհրդին, որ այս ահաբեկչությունը Հարավային Կովկասում Ռուսաստանի կողմից կատարած մի շարք սխալների և դրանում Թուրանի դերը թերագնահատելու հետևանք է, թե՞ կգնան իրենց ճանապարհով…
Ռուսաստանն արդեն պետք է հասկանա, որ եթե ՆԱՏՕ-ն ձևավորի Թուրանի միջանցքը, և միջանցք ստեղծվի էթնիկ անջատողական ահաբեկիչների համար, ապա կավելանան նման հարձակումները Կենտրոնական Ասիայի ծայրահեղականների, այդ թվում Բաքվի և Անկարայի աջակցությունը վայելող թաքֆիրիստների կողմից»,- կարծում է իրանցի քաղաքագետը։
168.am-ի հետ զրույցում ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին–Ռաևսկին ասաց, որ Էրդողանի խոսքը վերաբերում է մի քանի հակամարտությունների, թեև ընդհանրապես ընկալելի չէ, թե ինչու Թուրքիայի նախագահը ՌԴ-ում տեղի ունեցած այս ողբերգությունից հետո պետք է խոսեր հակամարտությունները կարգավորելու անհրաժեշտության մասին՝ մի իրավիճակում, երբ ահաբեկչության գլխավոր պատվիրատուի վերաբերյալ պաշտոնական հստակ վարկած չկա։
«Եղան որոշ ակնարկներ, որ ահաբեկիչները շտապում էին Ուկրաինա կամ փորձեցին տեղեկատվական ֆոն ապահովել Արևմուտքի, Ուկրաինայի ջանքերով, որ կազմակերպիչը հենց «Իսլամական պետություն» խմբավորումն է։ Հասկանալիորեն սա այնպիսի ծավալուն գործ է, որի հետաքննությունը երկար կտևի, ուստի այս փուլում միանշանակ պատվիրատուներ կարգելը տեղին չէ։
Սակայն Էրդողանը ցանկացած ճգնաժամային իրավիճակում փորձում է թուրքական շահերն ու հետաքրքրություններն առաջ մղել։ Այս դեպքում խոսքը մասնավորապես Մերձավոր Արևելքի մասին է, ինչպես նաև՝ մասամբ Հարավային Կովկասի ու Ուկրաինայի, որոնցում, ինչպես յուրաքանչյուր երկիր, առավել ևս՝ Թուրքիան, ակնկալում է ի նպաստ Թուրքիայի լուծումներ։
Չի բացառվում, որ ՌԴ-ին ցանկանում են ներքաշել մերձավորարևելյան նոր խաղի ու քաոսի մեջ, որի բուն պատճառները վերաբերում են՝ ինչպես Մերձավոր Արևելքին, այնպես էլ՝ Ուկրաինային։ Չէ՞ որ Մերձավոր Արևելքում նոր ռազմավարությունը կթուլացնի ՌԴ ներկայիս արդյունավետությունն Ուկրաինայի պատերազմում, ինչը ՌԴ թշնամիների ցանկությունն է»,- ասաց Ռաևսկին՝ շարունակելով, որ ՌԴ նախագահ Պուտինի վերջին ուղերձը ցույց տվեց, որ ՌԴ-ն չծրագրված պատասխաններ չի տալու։ Թեև սրան զուգահեռ՝ նա ուշադրություն հրավիրեց Պուտին-Ասադ հեռախոսազրույցին, որում խոսք կար ահաբեկչության դեմ պայքարի հարցում նոր միջոցառումների մասին։
Վերլուծաբանի խոսքով, Թուրքիայի ղեկավարի հայտարարությունը, անխոս, վերագրելի է նաև Հարավային Կովկասին։
«Ակնարկ է արվում, որ ահաբեկչությունն անտեսված, չլուծված խնդիրների հետևանք է, և դրանք պետք է լուծել։ Թուրքիայի համար այստեղ ամենակարևոր հարցը Զանգեզուրի միջանցք կոչվող պրոյեկտն է, որի բացման հարցն օրեցօր ավելի է սրվում Թուրքիայի համար։ Թուրքիայի ներկայիս ղեկավարը չի ցանկանում ժամանակ կորցնել և շտապում է օգտվել այն հնարավորությունից, որն ընձեռում է աշխարհաքաղաքական ներկայիս վիճակը։ Թուրքիայի համար այդ ճանապարհը պատմական մեծ ձեռքբերում կդառնա և Թուրքիային կկապի թյուրքախոս այլ երկրների հետ։
Այսինքն՝ կխորացնի Թուրքիայի՝ թուրանական գաղափարները, որը շատ լուրջ պրոյեկտ է, որն ուղղված է նաև հենց Ռուսաստանի դեմ։ Սրան դեմ է Իրանը և ունի ռեսուրս դրա դեմ պայքարելու համար, և տեսնում ենք, որ ՌԴ-ն Թուրքիայի հետ այս փուլում հարաբերությունները չփչացնելու խնդիր ունի, ավելորդ է ասել, որ ռուս-թուրքական հարաբերություններն աշխարհաքաղաքական ներկայիս դիմակայության պայմաններում կարևոր են Ռուսաստանի համար։ Սակայն իրադարձությունները և փոփոխությունները տեղի են ունենում կայծակնային արագությամբ, ուստի դժվար է ասել, որ ՌԴ այդ դիրքորոշումը կպահպանվի, քանի որ Իրանը ևս խստացնում է իր դիրքորոշումն այս հարցով, և թուրանական ծրագրերի սպառնալիքներն առնչվում են նաև Իրանին»,- ասաց Ռաևսկին։
Վերջինս գտնում է, որ ՀՀ-ն ռեգիոնում աշխատելու լայն դաշտ ունի, շահերի շատ համընկնումներ։
«Սակայն ՀՀ իշխանությունները ցանկանում են ռեգիոնից «դուրս գալ» այն դեպքում, երբ Արևմուտքի շահերը ՀՀ շահերի հետ չեն համընկնում։ Արևմուտքի շահը ՌԴ-ին ՀՀ-ից ու Անդրկովկասից դուրս բերելն է»,- ասաց նա։