Այդ տարածքները 1918-1920 թվականներին գտնվել են Հայաստանի իրավասության ներքո. իշխանությանը պատմությունը չի հետաքրքրում. Ամատունի Վիրաբյան

Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ցուցադրեց Հայաստանի իր գծած քարտեզի մակետը, որը դրանից հետո ներկայացրեց Տավուշի բնակիչներին, այնուհետև տարավ ԱԺ՝ պատգամավորներին ասելու, որ դա է ՀՀ տարածքի քարտեզը։

Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ սահմանամերձ գյուղի բնակիչներին Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այն, ինչն իր գծած քարտեզից ներս է՝ հայերինն է, ինչն այդ քարտեզից դուրս է՝ ադրբեջանցիներինը։ Պարզվեց, որ Տավուշի մի քանի բնակավայր այդ քարտեզից դուրս է թողել, ինչը նշանակում է, որ դրանք հանձնվելու են Ադրբեջանին։

Հանդիպման ընթացքում, ինչպես վկայում են, տավուշցիները դժգոհություն եղել է, դրանից հետո էլ  բնակիչների շրջանում որոշակի բողոքի ալիք է բարձրացել: Բայց Նիկոլ Փաշինյանը հստակ ասել էր՝ սահմանազատումը սկսվելու է Տավուշից, որովհետև, եթե հայկական կողմն Ադրբեջանին ասի, որ այս գործընթացին չի մասնակցելու ու ոչինչ չի տալու, մեկ շաբաթ անց պատերազմ կսկսվի։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանն ասաց՝ այն բնակավայրերը, որոնց մասին բարձրաձայնում է Նիկոլ Փաշինյանը՝ անկլավներ են, որոնք պատմականորեն Հայաստանի մասն են կազմել։

Կարդացեք նաև

«Միայն Տավուշի Բերքաբեր գյուղում հարյուրավոր հեկտար արոտավայրեր ու մշակովի հողատածք գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ, բա դրանք ինչո՞ւ չեն պահանջում։ Նիկոլ Փաշինյանի նշած այդ տարածքները 1918-1920 թվականներին գտնվել են Հայաստանի իրավասության տակ։ Հետագայում դրանք անցել են Ադրբեջանի հսկողության տակ՝ առանց որևէ իրավական փաստաթղթի։ Չկա այդպիսի փաստաթուղթ աշխարհում, որը ցույց կտա, թե ինչպես ու ինչ ճանապարհով են այդ հողերն անցել Ադրբեջանի հսկողության տակ»,- նշեց Ամատունի Վիրաբյանը։

Ըստ պատմաբանի, Տավուշի այդ տարածքները ոչ միայն պատմականորեն Հայաստանի մասն են կազմում, այլև դրանք Հայաստանը կապում են արտաքին աշխարհի հետ՝ ունեն ռազմավարական նշանակություն։

«Եթե իշխանությունն այդ գյուղերը տալիս է Ադրբեջանին, ապա խիստ կասկածում եմ, որ Ադրբեջանը դրանք բնակեցնելու է։ Նույնիսկ խորհրդային տարիներին այնտեղ քիչ բնակչություն էր ապրում՝ հիմնականում անասնապահներ։ Ադրբեջանն ամբողջ այդ տարածքներում հիմնելու է ռազմական բազաներ, որոնք իրենց հսկողության տակ կվերցնեն ամբողջ Տավուշի տարածաշրջանը»,- շեշտեց Ամատունի Վիրաբյանը։

Ըստ նրա, գյուղերը զիջելու դեպքում Հայաստանն արտաքին աշխարհի հետ կապվելու է միայն մեկ ճանապարհով՝ Լոռու մարզով։ Իսկ այդ մեկ ճանապարհն ամեն պահի կարող է փակվել։

«Այդ մեկ ճանապարհն էլ մեզ չի մնա, որովհետև Ադրբեջանն ուզում է նաև Երևանը։

Իշխանություններն իրենց այս հայտարարություններն անելուց առաջ պատմաբանների հետ չեն խորհրդակցել՝ պատմական հիմքերին ծանոթանալու համար, որովհետև այսօր մեր իշխանություններին պատմությունը չի հետաքրքրում։ Իրենք դասագիրք են տպագրում, որով կարող են կրթել միայն ոչ հայրենասեր զանգվածին, վկա՝ 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագիրքը»,- եզրափակեց Ամատունի Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս