Եվրամիությունը կարող է պարզեցնել նոր անդամների ընդունման ընթացակարգը
Politico պարբերականի փոխանցմամբ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մտադիր է փոփոխություններ առաջարկել ԵՄ նոր անդամների ընդունման ընթացակարգում՝ պարզեցնելով ինտեգրման գործընթացը:
Բրյուսելն առաջարկում է ամբողջական ինտեգրման փոխարեն նախատեսել նոր երկրների աստիճանական մուտքը Եվոպական միության կառույցներ, ինչը կհեշտացնի Ուկրաինայի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանյան տարածաշրջանի երկրների մուտքը ԵՄ։
Եվրոպական հանձնաժողովի նախագահի տեսլականն այն է, որ այդ երկրները պետք է ստանան նույն առավելությունները, որոնք տրվել են անդամներին, որպեսզի ստիպված չլինեն տարիներ կամ տասնամյակներ սպասել անդամակցության համար պահանջվող բարեփոխումների իրականացման ավարտին:
Մասնավորապես, Բրյուսելը կարող է աստիճանաբար բացել այդ երկրների համար մուտքը եվրոպական միասնական շուկա։
Եվրահանձնաժողովը մարտի 12-ին հայտարարել է, որ մշակել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ ապագա անդամակցության բանակցությունների շրջանակը և այն կներկայացնի ԵՄ Խորհրդին։ Այս փաստաթուղթը սահմանում է յուրաքանչյուր թեկնածու երկրի հետ անդամակցության բանակցությունների ճանապարհային քարտեզը:
Երբ Եվրոպական հանձնաժողովը փաստաթղթերը կներկայացնի անդամ երկրներին, և ԵՄ Խորհուրդը դրանք կհաստատի՝ Բրյուսելը փաստացի կսկսի բանակցությունները Կիևի և Քիշնևի հետ։
ԵՄ երկրների ղեկավարները 2023 թվականի դեկտեմբերի 14-ից 15-ը Բրյուսելում կայացած գագաթնաժողովում որոշել են բանակցություններ սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ համայնքին անդամակցելու շուրջ։
Ակնկալվում է, որ բանակցությունները կսկսվեն աշնանից ոչ շուտ։ Ուկրաինայից, Մոլդովայից, Ալբանիայից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Սերբիայից և Չեռնոգորիայից զատ ԵՄ անդամակցության պաշտոնական թեկնածուի կարգավիճակ ունեն նաև Թուրքիան և Վրաստանը: