«Դիվանագիտական այս ծամածռախոսության հետևում թաքնված է՝ «տեղյակ ենք, կողմ ենք» ձևակերպումը». Էլբակյանը՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակի հայտարարության մասին
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի փոխխոսնակին բառացիորեն հարցրել են․ «Ասում են, որ Հայաստանի վարչապետն ասել է, թե սահմանի շտապ դեմարկացիա է անհրաժեշտ, որպեսզի խուսափեն պատերազմից։ Ո՞րքանով եք Դուք անհանգստանում՝ լսելով այս հայտարարությունը»։
Վերջինս էլ բառացիորեն պատասխանել է․ «Տեսե՛ք, սա մի հարց է, որին մենք շարունակում ենք մեծ ուշադրություն դարձնել»։
Այսքան բան։ Դիվանագիտական այս ծամածռախոսության հետևում թաքնված է՝ «տեղյակ ենք, կողմ ենք» ձևակերպումը։
Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեպքում ԱՄՆ և ԵՄ շարունակելու են նույնատիպ դատարկ տեքստեր ասել՝ շարունակելով «մեծ ուշադրություն» դարձնել։
Ի վերջո, Հայաստանի ոչնչացումից ԱՄՆ միայն կշահի, քանզի տարածաշրջանում վերջնականապես կվերանա իրենց դաշնակից ՆԱՏՕ-ական Թուրքիային անհանգստացնող մի գործոն ևս։
Հիշեցնեմ, որ 2023 թ․ սեպտեմբերի 14-ին՝ հայերի դեմ Ադրբեջանի պատերազմից 5 օր առաջ, ԱՄՆ Սենատում Եվրոպայի և եվրասիական հարցերով առաջին փոխարտգործնախարար Յուրի Կիմը պաշտոնապես ասում էր՝ «Լաչինի միջանցքը պետք է բացվի հիմա։ Հենց հիմա։ Այլևս ո՛չ մի հապաղում։ Մենք չենք հանդուրժի որևէ ռազմական գործողություն կամ հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ։ Սա շատ հստակ է»։
5 օր անց Ադրբեջանը հարձակվեց Արցախի դեմ, իսկ ԱՄՆ ձեռնարկեց զրո քայլ, որովհետև դա միմիայն իր շահերից էր բխում։ Սա անգամ պրեստիժային հարված չհասցրեց Հայաստանում ԱՄՆ-ի հեղինակությանը, որովհետև տեղում իրենք տասնամյակներով բուծել են սպասարկող ցանց, որ պատրաստ է փողի դիմաց պարզերես անել իրենց և մեղադրել իրենց թշնամիներին»։