Հազարավոր ընտանիքների կզրկվեն սոցիալական նպաստից. Կառավարությունը պատրաստվում է վերանայել անապահովության գնահատման չափանիշները 

Տարիներ առաջ կառավարությունը որոշել էր կարճ ժամկետում վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Բայց այսօր էլ ծայրահեղ աղքատների քանակը Հայաստանում քիչ չէ։ Պաշտոնական վերջին տվյալներով՝ բնակչության 1,2 տոկոսը ծայրահեղ աղքատ է։

Խոսքը շուրջ 40 հազար մարդու մասին է, որոնց եկամուտները չեն անցնում 30 հազար դրամից։

Վերջին 5-6 տարիներին ծայրահեղ աղքատությունը Հայաստանում գրեթե չի փոխվել։

Մինչև իշխանափոխություն՝ ծայրահեղ աղքատ էր բնակչության 1,4 տոկոսը։ Իշխանափոխությունից հետո այն դարձել է 1,2 տոկոս։

Կարդացեք նաև

Չնայած կառավարությունը խոստացել էր մեկ-երկու տարում արմատախիլ անել ծայրահեղ աղքատությունը, կարողացել է այն կրճատել ընդամենը 0,2 տոկոսային կետով։

Դժվար չէ պատկերացնել, թե այս տեմպերով ևս քանի այսպիսի 5-6 տարի պետք կլինի, որպեսզի կառավարությունը կատարի իր խոստումը և վերացնի ծայրահեղ աղքատությունը։ Ու քանի որ նման հեռանկարը հիասթափեցնող է, մտադիր են փոխել անապահովության գնահատման չափանիշները, որպեսզի վերացնեն ծայրահեղ աղքատությունը։ Կարծում են՝ ծայրահեղ աղքատության վերացումն անապահովության գնահատման մեջ է։

Անապահով ընտանիքների քանակը Հայաստանում անցնում է 70 հազարից։ Նրանցից 48-49 հազարը՝ ընտանեկան, մնացածը՝ սոցիալական նպաստ ստացողներն են։

Առաջիկա 2 տարում կամ մինչև 2026թ. կառավարությունը պատրաստվում է նրանց քանակը 20 տոկոսով կրճատել։ Դրա համար էլ որոշել են փոխել անապահովության գնահատման հայեցակարգը։ Այդ հայեցակարգի ներդրումով ու անապահովության գնահատման չափանիշները փոխելու միջոցով մի քանի հազար ընտանիքի դուրս կթողնեն համակարգից։ Կհայտարարեն, թե բարեփոխել են համակարգը, արդյունքում՝ կկրճատեն նպաստ ստացողների քանակը։ «Տնտեսված» գումարներով էլ մտադիր են վերացնել կամ կրճատել ծայրահեղ աղքատությունը։

Կարևոր չէ, թե ինչ կլինեն նրանք, ովքեր կզրկվեն սոցիալական նպաստից։

Այդպես էլ չհասկացան, որ ծայրահեղ աղքատության վերացումն աղքատների մի մասից գումարները վերցնելու ու մյուսներին բաժանելու մեջ չէ։ Հասարակության մեջ եկամուտների բևեռացումը հասել է ահռելի չափերի։ Այդ բևեռացման թուլացման հաշվին էլ պետք է փորձել հասնել ծայրահեղ աղքատության վերացման։ Դրա համար ոչ թե աղքատների մի խմբից պետք է եկամուտները վերցնել ու տալ մյուս խմբին, այլ եկամուտների ճիշտ վերաբաշխում իրականացնել։

Բայց իշխանությունները գնում են հակառակ ուղղությամբ՝ մի բան էլ խթանում են սոցիալական բևեռացումը։

Եկամտային հարկի տարբերակված դրույքաչափերի վերացումով՝ վերացրեցին եկամուտների հարկման սոցիալական համակարգը։ Գոնե դրանից հետո փոխեին եկամուտների վերաբաշխման մոտեցումը, դա էլ չարեցին։

Եկամուտների վերաբաշխումը մեզանում խիստ անհամաչափ է իրականացվում։

Սոցիալական անապահով հատվածի եկամուտներն ավելացնում են մի քանի հազար դրամով, ապահով հատվածինը՝ տասնյակ, երբեմն էլ՝ հարյուր-հազարներով։

Շատ են սիրում խոսել կենսաթոշակներն ու նպաստները մի քանի անգամ վերանայելու մասին։ Այն պարագայում, երբ այդ մի քանի անգամվա ընթացքում դրանք ավելացել են ընդամենը 9-10 հազար դրամով։

Մինչդեռ՝ պետական պաշտոնյաների և հատկապես բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերն ու դրան հավասարեցված այլ վճարներն ավելացել են հարյուր հազար դրամներով։ Ավելացրել են՝ ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի՝ եկամտային հարկի տարբերակված դրույքաչափերը վերացնելու և համահարթի անցնելու միջոցով։

Դրանով խթանել են հասարակության ոչ միայն բևեռացումը, այլև նպաստել են սոցիալական անապահով հատվածի անապահովության վիճակի խորացմանը։

Այլ բան չէր էլ կարող լինել, եթե հաշվի առնենք սոցիալական վճարների ու ծախսերի ավելացման անհամաչափությունը։ Ծախսերը շատ ավելի արագ են աճել, քան սոցիալական վճարները։

Դա տեղի է ունեցել՝ ինչպես գնաճի, այնպես էլ՝ կառավարության նախաձեռնությամբ իրականացված բազմաթիվ այլ ծախսերի ավելացման հետևանքով։

Միայն գույքահարկի բարձրացումը բավական է չեզոքացնելու այն բոլոր ավելացումները, որոնք վերջին տարիներին եղել են նպաստների ու կենսաթոշակների պարագայում։

Այսքանից հետո զարմանում են, թե ինչու Հայաստանում սոցիալական վիճակը չի բարելավվում, իսկ ծայրահեղ աղքատությունը չի վերանում։

Ահռելի գումարներ ենք ծախսում, բայց դրանից մարդկանց կյանքը չի լավանում. վերջերս անապահովության նոր հայեցակարգի վերաբերյալ կառավարությունում կայացած խորհրդակցության ժամանակ զարմանքով ասում էր Նիկոլ Փաշինյանը։

Բայց ինչո՞ւ պիտի լավանար, եթե սոցիալական ճնշումն ավելի մեծ է, քան մարդկանց եկամուտների ավելացումը։

Այն քայլերը, որոնք կառավարությունը պատրաստվում է առաջիկայում իրականացնել անապահովության նոր հայեցակարգի ներդրումով, նույնպես արդյունք չեն տալու և լինելու են տարբեր ոլորտներում մինչև այժմ իրականացված հերթական ձևական միջոցառումներից մեկը։

Սոցիալական անապահով մի խմբի եկամուտները կտրել ու տալ մյուս խմբին՝ չի կարող հարցի լուծում լինել։ Դա լինելու է ընդամենը գումարների ձևական տեղափոխություն ու վերաբաշխում՝ առանց շոշափելի արդյունքի։

Կա անապահովությունը կամ աղքատությունը վերացնելու մեկ տարբերակ, և դա նվազագույն ծախսերի համեմատ եկամուտների առաջանցիկ ավելացումն է՝ ուղղակի կամ անուղղակի ճանապարհով։ Լավագույն միջոցը, անշուշտ, մարդկանց աշխատանքով ապահովելն է։ Բայց եթե դա չես կարող անել, պարտավոր ես անել եկամուտների արդարացի վերաբաշխմամբ։ Մի բան, ինչը չի արվում, որովհետև իշխանությունների սրտով չէ։

Նրանք չեն ուզում զրկվել իրենց բարձր եկամուտներից և դրանց հաշվին լուծել անապահովության ու աղքատության, առավել ևս՝ ծայրահեղ աղքատության հետ կապված խնդիրները, որոնք այդպես էլ լուծում չեն ստանում։ Չեն էլ ստանա այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները փորձում են դա անել այսպիսի ձևական քայլերով։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս