Ինչո՞ւ է նվազել Հայաստանի տնտեսական ազատության ինդեքսը. պարզաբանում է մասնագետը

Հայաստանի Հանրապետության տնտեսական ազատության ինդեքսը վերջին 2 տարում նվազել է որոշ կոմպոնենտների պատճառով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Լույս» հիմնադրամի տնտեսական հետազոտությունների խմբի ղեկավար Սոնա Ղարիբյանը։

Հրապարակվել է 2024 թվականին 176 երկրի տնտեսական ազատության ինդեքսը. Հայաստանը 0.2 միավորով զիջել է դիրքերն ու հասել պատմական մինիմումի` 64.9 միավորի։

«Այս հաշվարկը ձևավորվում է որոշ կոմպոնենտների հիման վրա։ Դրանցից հիմնականն արդարադատության արդյունավետության կոմպոնենտն է, զեկույցում նշված է «ճնշված», ինչի հետևանքով էլ զգալի նվազել են մեր երկրի միավորները։ Մյուս խնդիրը կոռուպցիան է` ենթաինդեքսի միավորը 2024 թվականին 1.6 տոկոսով նվազել է։ Զեկույցում ասվում է, որ տնտեսական ազատության հիմքերն ամուր չեն պահվում դատական համակարգում, իսկ կոռուպցիան նվազեցնում է տնտեսական զարգացման հնարավորությունները։ Նշվում է նաև, որ Հայաստանում օրենքի գերակայությունը թույլ է»,– ասաց Ղարիբյանը։

Նա շեշտեց, որ հաջորդ պատճառը հարկաբյուջետային կայունության հետ է կապված։ Վերջին տարիներին այս ենթաինդեքսի նվազմամբ պայմանավորված մենք բացասական լուրջ միաջավայրում ենք հայտնվել։ Սա պայմանավորված է Հայաստանի վերցրած պարտքային միջոցների բեռի ավելացմամբ, որոնք չեն ուղղվում ենթակառուցվածքներին և կապիտալ ծախսերին։

Նախորդ տարի ևս Հայաստանի այս նույն ինդեքսը 0.2 միավորով նվազել է, իսկ 2020-2021 թվականին բավականին բարձր է եղել` համապատասխանաբար 70.6 և 71.9 միավոր։ 2022 թվականին տնտեսական ազատության ինդեքսը եղել է 65.3 միավոր։ Heritage կազմակերպության գնահատականով՝ 70–ից ցածր միավորի դեպքում տվյալ երկիրը համարվում է չափավոր ազատ, իսկ բարձրի դեպքում` ազատ երկրների խմբում է լինում։

Տեսանյութեր

Լրահոս