Ուզում ենք խաղաղություն, պատրաստվեք պատերազմի, հակառակ դեպքում, թշնամին չի՛ բավարարվելու ստացածով. Լուլուկյան

Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանն ահազանգում է՝ Հայաստանը կանգնած է պատերազմի եզրին, և այս վտանգավոր փուլում զարմանալի է, որ Հայաստանի իշխանությունն օրակարգային է դարձրել Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը՝ երբ չկա Հայաստանի անվտանգությունն ապահովող մեկ այլ՝ ավելի լավ համակարգ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման տեսակետ հայտնեց Լուլուկյանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը՝ որպես թշնամի, շատ վտանգավոր է, փաստորեն, ՀՀ իշխանությունը վարում է Հայաստանի թշնամի պետությունների թիվն ավելացնելու քաղաքականություն։

«Լա՛վ, ՀԱՊԿ-ը լավը չէ, չի գործում, բայց ասեք տեսնենք, թե այդ համակարգի փոխարինողը ո՞րն է։ Չկա: Իսկ թշնամին Հայաստանի դեմ ուլտիմատում է դնում ու պահանջում հիմա էլ 4 գյուղ»,- ասաց Լուլուկյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունը, որն ընտրել է անընդհատ տարածքներ հանձնելու քաղաքականությունը, թշնամուն իր այս քայլերով հասցնելու է Երևան, որտեղ հասնելու իր մտադրության մասին բացահայտորեն հայտարարում է Ադրբեջանի ղեկավարը։

Կարդացեք նաև

«Եթե մենք ուզում ենք խաղաղություն, պետք է պատրաստվենք պատերազմի, հակառակ դեպքում, թշնամին չի՛ բավարարվելու ստացածով։ Պետք է ոչ թե հանձնել, այլ բանակն ուժեղացնել։ Ցավալիորեն, ես չեմ տեսնում, որ բանակն ուժեղացնելուն միտված քայլեր անեն»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը՝ իշխանությունը հայտարարում է Ֆրանսիայից և Հնդկաստանից զենք գնելու մասին, ի՞նչ է դա, եթե ոչ՝ անվտանգությունն ուժեղացնելուն միտված քայլ, Սամվել Լուլուկյանը հակադարձեց՝ Ֆրանսիայից գնված սպառազինությունը Հայաստանի անվտանգությունն ապահովելու հարցում լուրջ խնդիր չի կարողանալու լուծել։

Նրա խոսքով՝ այո՛, Ֆրանսիան Հայաստանի համար բարեկամական երկիր է, միևնույն ժամանակ պետք է արձանագրել՝ Ֆրանսիան չի՛ կարող Հայաստանի անվտանգության երաշխավոր երկիրը դառնալ, ուստի միայն զրահապատ մեքենաներով մենք Ադրբեջանից չենք կարողանալու պաշտպանվել։

«Ո՛չ Մակրոնը, ո՛չ Եվրամիությունը չեն զսպելու Ադրբեջանին։ Եթե պատերազմ լինի, այդ երկրների կողմից կլսենք ընդամենը հայտարարություններ»,- ասաց Լուլուկյանը։

Ինչ վերաբերում է Եվրոպայից հնչող հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է իրենց համար, եվրոպական երկրում՝ Գերմանիայում ապրող Սամվել Լուլուկյանն առաջարկեց այդ հարցի պատասխանը փնտրելիս միշտ հիշել՝ Եվրոպան հետապնդում է ընդամենն իր շահը, որը չի համընկնում Հայաստանի շահերի հետ։

«Եվրոպային միայն հետաքրքրում է Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը վերացնելու հարցը։ Հայաստանը կդառնա ուղղակի Ուկրաինա, որի նախապատրաստությունն են տեսնում։ Անգլիայից հայտարարում են, թե եթե ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս գա, իրենք կպաշտպանեն մեզ սպառնալիքներից։ Լավ, դուք հավատում եք, որ Անգլիան Հայաստանը պետք է պաշտպանի՞ Ադրբեջանից, չէ՞ որ Անգլիան Ադրբեջանի ամենակարևոր դաշնակիցն է։ Չեմ հասկանում, ինչպե՞ս է հնարավոր լինել այսպես «քաղաքական դալտոնիկ» կամ միամիտ՝ դրան հավատալու համար»,- եզրափակեց Սամվել Լուլուկյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս