«Ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացմանը»․ Ֆիդան
Հարավային Կովկասում խաղաղության վերականգնումը տարածաշրջանային և գլոբալ նշանակություն ունի, այսօր Բաքվում, Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Այս առումով մենք ակնկալում ենք համընդհանուր աջակցություն Զանգեզուրի ուղու բացմանը»,- ընդգծել է նա։
Ընդգծելով, որ այս չորս տարիների ընթացքում Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, Վրաստանը դարձել է Եվրամիության անդամի թեկնածու՝ Ֆիդանն ասել է, որ անհրաժեշտ քննարկումներ են ունեցել՝ երկրների միջև համագործակցությունը խթանելու համար։
«Մենք պատրաստ ենք հնարավոր ամեն ինչ անել յուրաքանչյուր հարցում», – ասել է Ֆիդանը։
Թուրքիայի նախկին վարչապետ, այժմ Թյուրքալեզու պետությունների Ավագների խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնող Բինալի Յըլդըրըմը երեկ Բաքվում, ադրբեջանցի լրագրողների հետ զրույցում, ևս անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքին»՝ հայտարարելով՝ այն պետք է բացվի։
«Հարկավոր է բացել սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել «Զանգեզուրի միջանցքը»։ Հարկավոր է նաև փոփոխությունների ենթարկել Հայաստանի Սահմանադրությունը։ Հայաստանի զինանշանի վրա պատկերված են մեր հողերը և Արարատ լեռը։ Դա պետք է վերացվի», – հայտարարում էր Յըլդըրըմը՝ Արարատի պարագայում օգտագործելով դրա թուրքական տեղանունը։
Ապա Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն էր հայտարարել, թե «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու այլընտրանքը և թյուրքական աշխարհը միավորող գործոն, կնպաստի Թուրքիայում արդյունաբերության, տեխնոլոգիայի և զբոսաշրջության զարգացմանը։