Գործ ունենք մեր երկրի հնարավոր կորստի հետ. Արարատ Միրզոյան

Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հերթական նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրեց Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որից հետո պատգամավորները հարցեր ուղղեցին նախարարին։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց՝ արցախահայերի Արցախ վերադառնալու հարցով ՀՀ իշխանությունը քայլեր ձեռնարկո՞ւմ է, Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ձևավորված կոմիտեին այս հարցում կաջակցե՞ն։

Պատգամավորը նաև այլ հարցեր հնչեցրեց։

«Կարծում եմ՝ վերջին տարիներին մեր գլխավոր խնդիրներից մեկը մնում է այն, որպեսզի խուսափենք տարբեր ուժային կենտրոնների բախման կետ դառնալուց։ Հիմա հասկանում ենք, թե աշխարհում ինչ է կատարվում, փորձագետների կարծիքով՝ տեղի են ունենում վերադասավորումներ։ Այս ամենի ֆոնին մենք ունենք տարբեր հայտարարություններ արևմտյան տարբեր երկրների կողմից, շատ հաճախ՝ հայերիս համար ականջահաճո։ Մենք, իհարկե, վտանգներ ու սպառնալիքներ ավելի շատ ունենք Թուրքիայից ու Ադրբեջանից, բայց կարծում եմ՝ փորձում են մեզ դարձնել բախման կետ։ Այստեղ է, որ ԱԳ նախարարությունը պետք է առաջնորդվի ՀՀ շահերով, այս ամենը որքանո՞վ է բխում ՀՀ շահերից»,- շեշտեց Լևոն Քոչարյանը։

Կարդացեք նաև

Արարատ Միրզոյանը նախ ասաց, որ ջանքեր գործադրել են, որպեսզի ԼՂ հայությունը կարողանա մնալ ԼՂ-ում։

«Հիմա չսատարել այդ ջանքերն այդ ժամանակ, և հակառակը, այդ ամենը բնութագրել՝ որպես դավաճանական գործունեություն, և այլն, և դրանից հետո գալ ու զբաղվել ԼՂ հայության վերադառնալու հնարավորությամբ, հեռանկարով, մի քիչ ինձ վրա փարիսեցիության տպավորություն է թողնում։  Բայց ինչպես ասում են՝ Աստված դատավոր բոլորին»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։

Պատասխանելով պատգամավորի հնչեցրած մյուս հարցերին, նախարարն ընդգծեց՝ աշխարհակարգը ոչ թե փոխվում է, այլ շատ վերլուծաբաններ, դիվանագետներ ասում են, որ այդ աշխարհակարգը, որ գոյություն ուներ, արդեն չկա, փլուզվել է։ Եվ այդ աշխարհակարգին բնորոշ կանոնները համատարած չեն պահվում։

«Ըստ էության մենք ապրում ենք մի ժամանակաշրջան, որը, հուսամ, շատ արագ կավարտվի և նոր կանոններ կսահմանվեն, բայց մի ժամանակաշրջան, երբ որոշներին թվում է, որ ուժն է ծնում իրավունք, հանուն արդարության պետք է ասենք, որ որոշ դեպքերում այս մոտեցումը լավ էլ արդարացված է։ Կանխատեսելով, որ հնարավոր են այդպիսի իրավիճակներ երկրների սահմանում, ու սկսում են համագործակցություններ, հիմնադրում են ռազմաքաղաքական դաշինքներ կամ երկկողմ ռազմաքաղաքական դաշինք են կնքում  և այլն։ ՀՀ-ն ըստ էության երկուսն էլ արել է՝ ունենք և երկկողմ ռազմաքաղաքական դաշինք, օրինակ, ՌԴ-ի հետ և մենք մաս ենք բազմակողմ ռազմական ալյանսի, դաշինքի՝ ՀԱՊԿ-ին»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։

Այս համատեքստում նա հիշեցրեց՝ երբ հարձակում է տեղի ունեցել ՀՀ-ի վրա, Հայաստանը փորձել է դիմել այն մեխանիզմներին, որոնց մաս է կազմել, և տեսել է, որ դրանք չեն աշխատում։

Արարատ Միրզոյանը նաև շեշտեց՝ Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումից հետո սահմանին լարվածությունն էականորեն նվազել է։ Բայց դա էլ 100 տոկոսանոց երաշխիք չէ։

«Առհասարակ մեր օրերում, մեր նկարագրած իրականության մեջ երևի ոչինչ չի կարող 100 տոկոսանոց երաշխիքով լինել, բայց քայլեր են, որոնք ուղղված են անվտանգության աստիճանի բարձրացմանը։

Ուզում եմ, որ այս մոլորության մեջ ո՛չ մենք ընկնենք, ո՛չ էլ հանրությանը ապակողմնորոշենք, որովհետև այնպես չէր, որ նշածս մեխանիզմներն աշխատում էին, ու հանկարծ իշխանությունը որոշեց շրջադարձ անել դեպի Արևմուտք, և այլն։ Հարցը, որի հետ մենք գործ ունենք, վեր է մեր ներքաղաքական հակասություններից, որովհետև մենք գործ ունենք մեր երկրի հնարավոր կյանքի կամ ինքնիշխանության հետ, հնարավոր կորստի հետ, կամ առնվազն դրանց ուղղված մարտահրավերների հետ»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս