Գեղարքունիքի մարզում պետական գրանցում են ստացել պատմամշակութային նորահայտ երկու հուշարձան
Գեղարքունիքի մարզում շարունակում են ի հայտ գալ հնագույն այնպիսի հուշարձաններ, որոնք իրենց նշանակությամբ ու բովանդակությամբ նորովի լույս են սփռում մեր ժողովրդի անցած հազարամյակների պատմության, մշակութային արժեքների վրա, նոր ուղղումներ մտցնում հայագիտության ու հնագիտության ոլորտներում։
Ինչպես տեղեկացան ՀՀ ԿԳՄՍ նախարարության Գեղարքունիքի մարզի պատմական միջավայրի պահպանության ծառայության պետ Գոռ Գասպարյանից, նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստի եզրակացության համաձայն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր բնակավայրի Դամբարանադաշտ (Ք.ա. II-I հազարամյակ) և Ժայռապատկեր (Ք.ա. II-I հազարամյակ) օբյեկտներն ընդգրկվել են ՀՀ նորահայտ հուշարձանների ցուցակում՝ ստանալով հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ:
Դամբարանադաշտը գտնվում է Վարդաձորից 1,57 կիլոմետր հյուսիս-արևելք, իսկ Ժայռապատկերը՝ Սպիտակասարի ստորոտում:
«Մենք ոչ միայն պետք է քայլեր ձեռնարկենք նորահայտ այս հուշարձանները հանրահռչակելու, այլ նաև նրանց պահպանությունն ապահովելու նպատակով»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։
Խոսրով Խլղաթյան