Առողջապահության ոլորտում «բեսպրեդել» է. դեղորայքը թանկանալու է, մարդկանց մահը բիզնեսի են վերածել, քաղաքացու ուսերին բեռն ավելացնում են. Անուշ Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև․

  • Դեղերի ոլորտում քաոս է, Հայաստանում որակյալ դեղերի գրանցումն ու ներկրումը դարձել է շատ բարդ, մենք դադարեցրել ենք ազգային գրանցումը և անցել ենք ԵԱՏՄ մեթոդներին։ Այդ ճանապարհով սև շուկային մեծ հնարավորություն է տրվել։
  • Նախկինում դեղատոմսով դեղ տրամադրող դեղատան աշխատողը հստակ գիտեր, որ հիվանդը եղել է բժշկի մոտ, և դեղատոմսով նշանակում է կատարվել։ Մի քանի ամիս առաջ Առողջապահության նախարարությունն էլեկտրոնային տարբերակով նշանակելու պիլոտային ծրագիր սկսեց։ Չեմ հիշում որևէ պիլոտային ծրագիր, որը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում չանեն։ Հասկանալի է, չէ՞, թե ինչու:
  • Համակարգը հանպատրաստից անցավ էլեկտրոնային դեղատոմսերին։
  • Մեր պետական պաշտոնյաները չեն հարգում այդ ինստիտուտը, այնքան վստահ էին, որ կանցնի իրավական ակտը, որ նախ ասուլիսով տեղեկացրեցին, որ էլեկտրոնային դեղատոմսերի ծրագիր են իրականացնելու, հետո ներկայացրեցին կառավարության հաստատմանը։ Հարգելի կառավավարություն, առողջապահության նախարարությունը ձեզ խաբել է, համակարգը պատրաստ չէ։ Հենց առաջին օրը համակարգը «պառկեց», չաշխատեց… Մարտի 1-ից հետո «Արմեդ» համակարգին միացել էր 400 դեղատուն, բայց իրականում ՀՀ-ում շուրջ 2600 լիցենզավորված դեղատուն կա, ստացվում է, որ նույնիսկ չունեն գրանցված դեղատների ճիշտ քանակի մասին տեղեկություն։
  • Հիվանդների և բժիշկների համար այս իշխանություններն անընդհատ նոր խնդիրներ են առաջացնում։
  • Արդեն իսկ առկա են անսահման հերթեր պոլիկլինիկաներում, որը, այսպես շարունակվելու դեպքում, հանգեցնելու է ինքնաբուժության և սև շուկայի ակտիվացմանը։ 
  • Դեղորայքը թանկանալու է, դրա արդյունքներն իր սպառողական զամբյուղի վրա զգալու է քաղաքացին: 
  • Վաճառքում լինելու են զարտուղի ճանապարհով բերված և չգրանցված դեղեր։ Չկա հստակ վերահսկողություն: Բազմաթիվ են դեղերը, որոնք գրանցված չեն Առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում, բայց թույլտվություն ստանում են նախարարությունից։ 
  • Եթե որոշել եք, որ «Արմեդ» համակարգում ծառայություններն անվճար են, այդ դեպքում ինչո՞ւ են գյուղական համայնքների բուժհաստատությունները տարեկան կլորիկ գումարներ վճարում։ Ենթադրում եմ, որ հետագայում ամեն դեղատան համար վճարումներ կլինեն ոչ միայն ծառայության, այլ նաև ամեն դեղատոմսի համար։
  • Առողջապահության ոլորտում «բեսպրեդել» է:


Կարդացեք նաև

  • 180 օրը մեկ անգամ հիվանդը, ստիպված, պետք է գնա և դեղատոմս խնդրի իրեն բուժող բժշկից։ Մարզային բուժհաստատություններից շատերում չկան համապատասխան մասնագետները, օրինակ՝ մանկական էնդոկրինոլոգիայի մասնագետը: Ստացվում է, որ գյուղական ամբուլատորիայում չկարողանալով դեղատոմս ստանալ, հիվանդը պետք է գա մայրաքաղաք։
  • Ինչո՞ւ եք մարդկանց առողջությունը դնում սակարկման։ Ինչո՞ւ եք առողջության տեսչական մարմնի անգործությունը, դեղատների թերությունը դնում հիվանդի վրա։
  • Անհասկանալի չվերահսկվող շուկա՝ դոլարի կուրսի բարձրացման հետ՝ բարձրանում է նաև դեղերի գինը։ Իսկ երբ դոլարի կուրսն իջնում է, չգիտես ինչու, դեղերի գինը չի նվազում: 
  • Կադրերը որոշում են ամեն ինչ, մենք ունենք կադրային ծայրահեղ խայտառակ վիճակ, պրոֆեսիոնալները չեն ուզում աշխատել առողջապահության նախարարության համակարգում, շատերը գնում են միջազգային կառույցներում աշխատելու։
  • Երբ Հայաստանում կարմրուկի համավարակը տարածվեց, որը բերված էր «Ուիգմոր» կլինիկայի բուժքրոջ միջոցով, մեր կազմակերպությունը տեսչական մարմնին հստակ գրություն էր ուղարկել, որն ուշադիր ուսումնասիրելուց և նշված քայլերն անելուց հետո կարող էին կանխել կարմրուկի տարածումը, փոխարենը՝ հիվանդությունը տարածվեց, և ունեցանք կարմրուկից մահվան դեպք։
  • Նախկինում տեսչական մարմինը սահմանային անցումային կետերում ուներ բժշկական կետեր, որտեղ աշխատում էին համաճարակաբաններ, որոնք տեղեկություն ունեին, թե կոնկրետ որ երկրում ինչ հիվանդություններ կան, օրինակ՝ Պակիստանում, և այլն, ու եթե այդ երկրից մարդ էր գալիս, կատարում էին զննում և որոշ չափով կանխում էին հիվանդության, վտանգավոր ինֆեկցիաների և վիրուսների ներթափանցումը Հայաստան։ 2019-2020 թվականին այդ սահմանային անցակետերը հանվեցին տեսչական մարմնի տիրույթից և փակվեցին, ըստ էության։ Փաստորեն, այս պահին սահմանին վերահսկողություն չունենք, օրինակ, հնդիկների, պակիստանցիների միջոցով ինչպիսի վտանգավոր ինֆեկցիաներ են ներթափանցում: Այսօր Հայաստան աշխատելու են գալիս Հնդկաստանից, Պակիստանից, որոնք աշխատում են սննդի  օբյեկտներում, և չկա վերահսկողություն նրանց նկատմամբ ինֆեկցիաների փոխանցման առումով, այսինքն՝ երկրում կա առողջապահական անվտանգության լուրջ խնդիր։
  • Կոռուպցիան առողջապահության համակարգում։ Առողջապահության նախարարը ՀՀ նախագահի հետ շրջայց է կատարում «Ուիգմոր» մասնավոր կլինիկա, այն դեպքում, երբ այդպիսի կլինիկաներ շատ կան Հայաստանում։ Այցը կատարվեց այն ժամանակ, երբ կլինիկայի ղեկավարը հայտարարեց, թե 2-3 ամսվա բացված կլինիկան ինչ հսկայական ծառայություն կարող է իրականացնել, և պետպատվերով ստացավ 600 մլն դրամ։

Ի դեպ, ՀՀԿ Հանրային ընդունարանը 2023թ. հարցում էրուղարկել Առողջապահության նախարարություն` պարզելու համար Անահիտ Ավանեսյանի պաշտոնավարման ժամանակամիջոցում տվյալ բուժհաստատությանը հատկացված գումարների չափը:

 Տվյալները ներկայացնում ենք ստորև. 

📍2019թ.- 46.788.000 դրամ (ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար) 

📍2020թ.- 163.941.800 դրամ (ավելի քան 380.000 ԱՄՆ դոլար) 

📍2021թ.- 293.449.000 դրամ (ավելի քան 690.000 ԱՄՆ դոլար) 

📍2022թ.- 295.382.200 դրամ (ավելի քան 690.000 ԱՄՆ դոլար)

  • 2022 թվականին մարզպետարանները հայտարարել էին առողջապահական հրատապ գնումներ, տենդերներ. ամենամեծ տենդերը 244 մլն հրատապ գնման մասին է եղել։ Հաշվեքննիչ պալատն արձանագրել էր, որ տենդերներն ու հրատապ գնումները չեն համապատասխանում պահանջներին։ Ի՞նչ է նշանակում՝ հրատապ գնումով գնել կշեռք կամ ոչ հրատապություն պահանջող սարքեր ամբուլատորիաների համար։ Ո՞ւր է քաղաքականություն մշակող կառույցը:
  • Հաշվեքննիչ պալատը խախտումների վերաբերյալ հստակ արձանագրություններ է արել, սրան պետք է իրավապահ մարմիններն ուշադրություն դարձնեն։  Հորդորում եմ ստուգել գնված ապարատուրաները։ Փաշինյանն ասում է՝ իր հերոսը հարկ վճարող քաղաքացին է. այդ դեպքում ինչո՞ւ եք այսպես վարվում  հարկ վճարող ձեր հերոսների հետ, ինչո՞ւ եք մսխում նրանց վճարած հարկերը: Ի՞նչ եք արել խախտումներ արած անձանց հետ։ Կլինեն մարդիկ, որոնք ներգրավված են բազմաթիվ կոռուպցիոն ռիսկեր և սխեմաներ պարունակող գործարքների մեջ։ Պետք է կանխել դա։ «Ուիգմորի» մասին փաստեր կան բաց աղբյուրներում:  
  • Դիակ ծախելու արվեստը։ Դիահերձարաններն ու Երևանի իշխանությունները մարդկանց մահը, սուգը փորձում են բիզնեսի վերածել: 
  • Դիահերձումը բիզնեսի է վերածվել, սերտաճել է սգո սրահների ծառայությունների հետ: Դիակը դրել են սակարկման տարբեր տարիֆներով։ Ատկատն ուզում են օրինականացնել՝ դիահերձարան տեղափոխելու համար հստակ գումար են պահանջում՝ կոնկրետ դիահերձարան ուղղորդելով։ 
  • Այս իշխանությունները մարզային դիահերձարանները վերանորոգելու, դրանցում նորմալ պայմաններ ստեղծելու փոխարեն՝ փակեցին։ Հիվանդի հարազատը դառնում է բիզնես պրոյեկտ։ Պատանատոմիական ծառայությունը Հայաստանում անկում է ապրում, փոխարենը՝ ակտիվ աշխատում է դատաբժշկական փորձաքննությունը, որն ամբողջությամբ առողջապահության նախարարության ենթակայության տակ է։ 
  • 44-օրյա պատերազմից հետո հաշմանդամության կտրուկ աճ ունեցանք, բայց այս իշխանությունները փոխեցին հաշմանդամության մասին օրենքը, արդյունքում՝ հաշմանդամների թիվը դե յուրե նվազեց, բայց դե ֆակտո՝ այդ համակարգերի շնորհիվ դուրս մնացած անձինք մոռացված և անտեսված են պետության կողմից։

  • Նախկին իշխանությունների կառավարման տարիներին պատերազմի մասնակիցները, վիրավորում, հաշմանդամություն ունեցող զինվորները հատուկ ուշադրության կենտրոնում էին: Չեմ ասում՝ թերություններ չկային, բայց նրանց նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ էր:
  • Թմրանյութերի տարածումը Հայաստանում անվտանգային լուրջ խնդիր է։ Ի՞նչ պետք է անի առողջապահության նախարարությունը. նախ պետք է ունենա ռազմավարություն, աշխատանք այս պահին տեսանելի չէ, չենք տեսել հանրային հետազոտություն՝ պարզելու թմրամոլության թվերը, փոխարենը՝ խոսում են անհասկանալի սեռադաստիարակությունից, երբ դպրոցում տարածված է թմրամոլությունը։
  • Այս իշխանությունների կողմից հերթական պարզապես թղթին գրված որոշում էր նաև ծխելու դեմ պայքարն ու սահմանված տուգանքները, այսպես չեն պայքարում։ Մենք ունենք ոչ առողջ հասարակարգ՝ մեր երեխաները սպիտակ մահի մեջ են, և չկա պայքար դրա դեմ։
  • Մեր տեղեկություններով՝ ֆինանսների նախարարությունը դեմ է ապահովագրության ներդրվող համակարգին, բայց, ի վերջո, որոշ փոփոխություններ կանեն ու կընդունեն, որը մեծ բեռ է լինելու մեր քաղաքացիների ուսերին։ Անհասկանալի պրոցեսներ, որոնց տակ մեծ գումարներ կան, արդյունքում տուժելու է շարքային քաղաքացին։
  • Ըմբոստ քաղաքացիների թիվը պակասել է, դարձել են անտարբեր, հարմարվել են, որ իրենց հետ ինչ ուզեն՝ անելու են, մեր խնդիրն է այդ անտարբերներին արթնացնելը։ Քաղաքացուն դրել են արատավոր օղակի մեջ, իսկ քաղաքացին հույսը կտրել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս