Հիմա երևի անգամ Բուրկինա Ֆասոյում ջրծաղիկից մարդ չի մեռնում. Ջրծաղիկից մահացության պատճառը համակարգում պրոֆեսիոնալների բացակայությունն է. Անուշ Պողոսյան
Այսօր առողջապահության ոլորտի փորձագետ, պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) նախկին ղեկավար Ծաղիկ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ըստ իրենց հավաստի աղբյուրների՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ջրծաղիկ վիրուսային վարակիչ հիվանդություն ախտորոշումով բուժօգնություն ստացող բուժառուի (Հ..Կ Տ…Ն ծնված 2015թ.) մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Ապա հավելել էր, որ ըստ միջազգային ցուցանիշի՝ ջրծաղիկ վարակից մահացությունն արձանագրվում է 60000 դեպքից 1-ի մոտ:
«ՀՀ Կառավարություն, ՀՀ առողջապահության նախարարություն, այս մահվան դեպքը գալիս է հաստատելու այն կարծիքը, որ ձեր վարած մասնագիտական, կադրային քաղաքականությունը Հայաստանում, մեղմ ասած, կործանանար է: Դուք խառնել եք առաջնայինը երկրորդայինի հետ, ձեր ներկայացրած ծրագրերը ժամանակավրեպ են և միայն գլխացավանք են առաջացնում հանրության համար, դուք համարում եք, որ ջրծաղիկը կառավարելի վիրուսային վարակ է, բայց ինը տարեկան երեխա է մահանում»,- պատասխանատուներին դիմելով՝ ասել էր առողջապահության ոլորտի փորձագետը:
«Հաշվի առնելով միջազգային ցուցանիշները, որ 60 000 ջրծաղիկի դեպքից մեկի մոտ կարող է մահ արձանագրվել, մենք հասկանում ենք, որ մեր առողջապահական համակարգը էպիդեմիոլոգիական առումով լուրջ բացթողումներ ունի, որ մեր երեխաները հասել են առողջական այն խնդրին, որ այսօր արդեն մահ է գրանցվել: Սա նոնսենս է, որովհետև ՀՀ-ում, դեռևս 2020թ.-ից խոսում էին, որ ջրծաղիկի ակտիվությունը Հայաստանում նորմայի սահմաններում է, և դրա հետ կապված խնդիրներ չկան, բայց այսօր արդեն երեխայի գրանցված մահ կա ջրծաղիկից»,- 168.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Առողջության իրավունք» ՀԿ համահիմնադիր Անուշ Պողոսյանը:
Վերջինս նշեց՝ իրենց կազմակերպությունն այսօր հարցումներ է պատրաստել՝ ուղղված կառավարությանը, համապատասխան մարմիններին, տարբեր մասնագիտական ասոցիացիաներին, նաև ասուլիսով հանդես կգան այս լուրջ առողջապահական խնդրի վրա ուշադրություն բևեռելու համար:
«Ինչպես կարմրուկի հետ կապված ծածկադմփոցի եղանակով ու ընդհանուր կառավարման բարձիթողի վիճակով պայմանավորված՝ կարողացան բարդացնել կարմրուկի էպիդեմիոլոգիական վիճակը Հայաստանում, այնպես էլ ջրծաղիկի դեպքում են պատրաստվում նույնը անել, բայց թույլ չենք տալու: Առողջապահության նախարարությանը կհորդորեմ զբաղվել ոչ թե թիթեռ նկարելով, այլ զբաղվել հանրապետության սոցիալական վիճակը բնութագրող հիվանդությունների կանխարգելմամբ և բուժմամբ»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ սա արդյունք է այն բանի, որ բազմաթիվ պրոֆեսիոնալներ հեռացվել են համակարգից:
«Հեռացվել է, օրինակ, նույն այս «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը, որը երկար տարիներ արդյունավետ աշխատել էր իր տեղում: Մեր տեղեկություններով՝ Դալլաքյանի հեռացումից հետո բազմաթիվ մանկաբույժներ, նեոնաթոլոգներ և այլ մասնագետներ լքել են այս հիվանդանոցը: Աշխատանքից մեկ ամիս առաջ ազատվեց նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ՊՈԱԿ-ի տնօրեն Վանյանը, ով նույնպես պրոֆեսիոնալ մասնագետ էր: Եվ հենց պրոֆեսիոնալության պակասն է բերում նման արդյունքների: Հիմա երևի անգամ Բուրկինա Ֆասոյում ջրծաղիկից մարդ չի մեռնում»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը: