Անահիտ Ավանեսյանի ուշագրավ կադրային քաղաքականությունը. ովքե՞ր են պաշտոններ զբաղեցնում Առողջապահության նախարարությունում

Վերջին շաբաթներին հանրության շրջանում ամենաքննարկվող թեմաներից մեկը առողջապահության ոլորտում COVID-19-ը համավարակի ընթացքում բուժօգնության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրած խնդիրների հիմքով իրավապահ մարմինների գործողություններն են:

Առերևույթ տպավորությունն այնպիսին է, որ ներկայիս առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյաննանհաղորդ է այս իրողությանը և մի տեսակ «առանձնացած»՝ իր «աշխատանքով» է զբաղված, հատկապես, որ թեմայի վերաբերյալ կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց, որ որևէ մտահոգություն չունի: Եվ թեպետ ակնհայտ լարվածություն կար Ավանեսյանի խոսքի մեջ և թաքնված կշտամբանք առ իրավապահ մարմիններ, նա պնդեց՝ ինքը խնդիր չունի, ամենևին մտահոգված չէ, լրագրողներին էլ հորդորեց հարգել կալանավորված անձանց անմեղության կանխավարկածը:

Փաստենք, որ Անահիտ Ավանեսյանը 2021թ. հունվարին է նշանակվել առողջապահության նախարարի պաշտոնում, իսկ մինչև այդ՝2018 թ.-ից,զբաղեցրել է նախարարի առաջին տեղակալի պաշտոնը՝ համակարգելով դեղերի շրջանառության, բժշկական օգնության և սպասարկման, լիցենզավորման և այլ կարևոր ոլորտներ:

Ներկայումս աղմուկ հանած «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» շրջանակում քննվող գործը, որի շրջանակներում ձերբակալվեց, ապա կալանավորվեց փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, նաև Անահիտ Ավանեսյանի նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակաշրջանին է վերաբերում, և փաստենք, որ Գևորգ Սիմոնյանը զբաղեցրել է փոխնախարարի տեղակալի պաշտոնը, այդ թվում՝ նաև Անահիտ Ավանեսյանի՝ նախարար լինելու ժամանակ:

Կարդացեք նաև

168.am-ի՝ Առողջապահության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ նախարարը, չլինելով առողջապահության ոլորտի մասնագետ, իսկ որպես իրավաբան՝ իր աշխատանքային գործունեությունը հիմնականում իրականացնելով ընտանեկան բիզնեսում, մասնավորապես «Արֆարմացիա» ՓԲԸ-ում, Առողջապահության նախարարությունում հետաքրքիր կադրային քաղաքականություն է վարում:

Մեր տեղեկություններով՝ Անահիտ Ավանեսյանը «Արտահիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի» պետ է նշանակել մի անձնավորության՝ Նորա Փահլևանյանին, ով «հայտնի» է 2014-2015 թվականներին առողջարանային կեղծ ուղեգրումների գործով:

Նույն գործով,ի դեպ,անցել է նաև նախարարի ներկայիս խորհրդական Սամվել Խարազյանը,ով հայտնի է նաև մինչև «Արմեդ համակարգի» ներդրումը առողջապահության ոլորտում գործող լոկալ էլեկտրոնային ծրագրերի հետ կապված դերակատարումներով:

Մասնավորապես, աշխատելով պետական գերատեսչությունում՝ ամբողջովին համակարգել էմինչև 2017թ. գործած e-hosp համակարգի աշխատանքները, իսկ էլեկտրոնային բազան ձեռքի տակ ունենալն ու այն կառավարելը, հասկանալի է, բավականին լուրջ գործիք է:

Հիշեցնենք՝ նշված ժամանակահատվածում Սամվել Խարազյանը ղեկավարել է ՀՀ Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժինը:

Անահիտ Ավանեսյանը, 168.am-ի տեղեկություններով, շատ մտերիմ հարաբերություններ ունի նաև նախկին նախարարի տեղակալ, այժմ քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Արսեն Դավթյանի հետ, ում հետ բաշխում էին պետական պատվերի գումարները այն ժամանակ, երբ դատարանում ընթանում էր սույն անձի վերաբերյալ գործը, ով հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք էր ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:

Հիշեցնենք՝ 2020թ. Արսեն Դավթյանը մեղավոր էր ճանաչվել Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանից կաշառք ստանալու հոդվածով, դատապարտվել 7 տարի ժամկետով ազատազրկման։

Անահիտ Ավանեսյանը չի անտեսել նաև Արսեն Դավթյանի տիկնոջը՝ Հայկուհի Մակարյանին, ում նշանակել է «Առողջապահական և ֆինանսական ցուցանիշների ծրագրավորման, հոսքերի կառավարման և վերլուծության բաժնի» պետ: Նրա գործառույթն է՝բժշկական կազմակերպություններին պետական պատվերի շրջանակում ֆինանսների բաշխման, վերաբաշխման կազմակերպումը:

Առողջապահության նախարար Ավանեսյանն իր ընտանիքի հետ առնչվող «Ուիգմոր Քլինիկ» ՍՊԸ-ի ֆինանսական գծով պատասխանատուին էլ չի թողել առանց պաշտոնի: Ահարոն Բարսեղյանը պետական առողջապահական գործակալության պետն է ներկայումս:

Թերևս ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բարեփոխումները, առողջապահության համապարփակ ապահովագրությունն այս տրամաբանությամբ և այս կադրերով է պատրաստվում իրականացնել նախարար Ավանեսյանը:

Տեսանյութեր

Լրահոս