Բաժիններ՝

Ապրում է, ինչպես նվագում է, նվագում է, ինչպես ապրում է. «Կյանքը ջազում» ֆիլմը նորովի կբացահայտի Լևոն Մալխասյանին

Երբ ասում ենք հայկական ջազ, առաջին անուններից մեկը, որ հիշում ենք, կոմպոզիտոր, դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Լևոն Մալխասյանինն է, որին ուղղակի Մալխաս են անվանում: Հետաքրքիր, գրավիչ, յուրահատուկ աշխարհով Մալխասին հաջողվում է իր մոլորակ տանել անգամ մարդկանց, որոնք ջազի մեծ երկրպագուներ չեն, սակայն Լևոն Մալխասյանի շնորհիվ զգում են երաժշտությունը, ապրում, սիրահարվում:

Ջազմենի 79-ամյակի առթիվ մարտի 16-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երաժշտին նվիրված «Մալխաս ջան/զ» խորագրով համերգ է անցկացվելու: Երեկոյին ցուցադրվելու է «Կյանքը ջազում» ֆիլմը, որը նորովի կբացահայտի սիրելի արտիստին և երևանցուն:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ֆիլմի սցենարի համահեղինակ և գեղարվեստական ղեկավար, Լևոն Մալխասյանի ընկեր Մեսրոպ Մովսեսյանը պատմում է՝ Մալխասին ճանաչում է 1970-ականներից, երբ աշխատում էին պետական հեռուստատեսությունում: «Մալխասն աշխատում էր, վազվզում էր, սովորում էր, նվագում էր: Ավելի շատ նվագում էր, քան՝ աշխատում կամ սովորում: Նա ակտիվ կյանքով էր ապրում, ինչը շատ հետաքրքիր էր բոլորիս: Ուներ իր շրջապատը, երաժիշտների ու երաժշտասերների շրջապատը, որտեղ իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: Մենք հազիվ էինք տեղավորվում այդ ամենի մեջ, որովհետև նրանց իղձերը, երազանքներն այլ էին»,-հիշում է Մովսեսյանը:

Նա տեսել է Մալխասի տանջալի աշխատանքը, երաժշտի, որը երաժշտական կրթություն չունի, նոտաների հետ ընկերություն չի անում, սակայն ունի մեծ էներգիա, ճաշակ, որ դրսևորվում է նրա գործունեության մեջ: «Ֆիլմով որոշեցինք ոչ թե գնահատել նրան, այլ ցույց տալ տաղանդը, որովհետև դեռ կան մարդիկ, որ չեն ճանաչում Մալխասին, չգիտեն, որ Երևանում կա մի մարդ, Երևանի պատվավոր քաղաքացի, որը լուրջ հետք է թողնում այս քաղաքում: Ես շատ եմ լսել, որ հարցնում են. «Երևանում եղե՞լ ես, գնացե՞լ ես Մալխասի ակումբ, նրան տեսե՞լ ես»: Դա մեծ բան է և՛ Երևանի համար, և՛ Մալխասի, և՛ բոլորիս համար: Նա Երևանի բրենդն է դարձել»,-ընդգծում է Մեսրոպ Մովսեսյանը:

Նա հիշեցնում է, որ խորհրդային տարիներին ջազ նվագելը բավականին դժվար է եղել: Այն ընդունված երաժշտություն չի եղել, համարվել է բուրժուական դրսևորում ու անգամ մեծ հետաքրքրության չի արժանացել, բայց էնտուզիաստները ջազը հասցրել են մինչև մեր օրեր, երբ այդ երաժշտությունը բարձր է գնահատվում: «Մենք չենք ասում, որ այս կամ այն երաժիշտը լավ է ջազ նվագում, այլ ասում ենք, որ կարողանում է ջազի միջոցով արտահայտել իր ներքին աշխարհը, ցույց տալ այն: Ժամանակն էր ստեղծել ֆիլմ մարդու մասին, որն ապրում է, ինչպես նվագում է, նվագում է, ինչպես ապրում է: Նա այդ ամենում ամփոփվել է: Ֆիլմում Մալխաս անհատականությունն է, Մալխաս երաժիշտն է: Ֆիլմում չկա հերոս, հերոսապատում չկա: Մարդ է, որն ապրում է իր կյանքով: Դա հատուկ ենք արել, որ ոչնչին չխանգարի, որ չթելադրենք, չասենք՝ սիրե՛ք Մալխասին»,-շեշտում է ֆիլմի համահեղինակը:

Ըստ Մովսեսյանի՝ Մալխասն իր էնտուզիազմով, էներգիայով պրոպագանդում է ջազը՝ առաջ մղելով ջազի գաղափարը և աշխատելով ավելի շատ մարդկանց ներգրավել այն գործի մեջ, որով զբաղվում է: Լևոն Մալխասյանի կողքին շատ երիտասարդ ջազմեններ կան, որ նոր են մուտք գործում այդ ասպարեզ, հավատում են Մալխասին, կանգնում են նրա կողքին, լսում են նրան, ընդունում դիտողություններն ու սովորում, ինչի համար Մեսրոպ Մովսեսյանը շատ ուրախ է:

Լևոն Մալխասյանը հաճախ է ասում, որ սովորել է Օսկար Փիթերոսնից: Այժմ իրենից են սովորում:

Մեսրոպ Մովսեսյանը ջազի սիրահար չէ, լսում է, սիրում է ունկնդրել, սակայն մեծ երկրպագու չէ, հանդարտ ու հանգիստ է վերաբերվում ջազին, բայց, երբ լսում է Մալխասի երաժշտությունը, զգում է, որ Մալխասն ապրում է այդ երաժշտությամբ, ուստի սխալ չէ, երբ Մալխասն ասում է՝ ապրում է, ինչպես նվագում է: «Նա նվագելու հետևից է գնում ու նվագում է, ինչպես ապրում է: Դա էլ ցույց է տալիս, որ նա կյանքից վերցնում է հնարավորը և լցնում է ձայների, երաժշտության մեջ: Մալխասի երաժշտությունը լսելիս գույներ չեմ տեսնում, իրավիճակն եմ տեսնում, համընկնո՞ւմ է իմ վիճակն այդ երաժշտությանը, թե ոչ: Հիմնականում համընկնում է: Այն, ինչ նա նվագում է, մեզ շատ հարազատ է դարձել: Այդ ոճն արդեն աշխատում է: Երբ Մալխասը նվագում է, ես հանգստանում եմ»,-ասում է Մովսեսյանը:

Նա վստահեցնում է, որ ջազն ունի իր խիստ կանոնները, որոնց հարկավոր է ենթարկվել: Ջազմենները դա անում են, ուստի տարբերվում են յուրաքանչյուրիցս: Հենց այդ կանոններն էլ թելադրում են տրամադրությունը: «Եթե ես շատ վատ տրամադրությամբ լսում եմ Մալխասի «Երևան ջան» ստեղծագործությունը, հանգստանում եմ, որովհետև այն իսկապես Երևանի հնչողությունն է, ասես հնչում է Երևանը: Լավ եմ զգում, որ Երևանում եմ, ու Երևանը հնչում է»,-անկեղծանում է ֆիլմի համահեղինակը:

Մովսեսյանը կարծում է՝ Լևոն Մալխասյանը ոչ միայն հետաքրքիր երաժիշտ է, այլև յուրահատուկ մարդ, որը շատ է սիրում հայ ժողովրդին ու ցանկանում է ինչ-որ բան անել նրա համար, այն, ինչ ձեռքից գալիս է: «Վերջերս սրճում էինք ու զրուցում: Ասում եմ. «Մալխաս, մինչև ե՞րբ ես նվագելու, չե՞ս հոգնել»: Նա պատասխանում է. «Արա՛, դրանից հոգնել կլինի՞: Սա հոգնելու բան չէ: Քանի կարող եմ, պետք է նվագեմ: Տասնութ տարի է՝ անընդհատ նվագում ենք: Նվագում ենք, որ մարդիկ լսեն: Գալիս են, լսում են, ու ես ուրախանում եմ, որ ավելի շատ են գալիս մեզ լսելու, հետաքրքրությունը ջազի նկատմամբ մեծացել է»: Ես կասեմ, որ Մալխասի նկատմամբ հետաքրքրությունն էլ է մեծացել»,-նշում է Մովսեսյանը:

Ե՛վ Լևոն Մալխասյանը, և՛ Մեսրոպ Մովսեսյանը սիրում են Հայաստանի մայրաքաղաքը: Մալխասը տարբեր ստեղծագործություններ է ձոնում քաղաքին, իսկ Մովսեսյանը ֆիլմեր է նկարահանում: Նրանց պատկերացումներն ու երևակայությունն այդ հարցում համընկնում են: «Երբ խոսում ենք, միշտ նույն բանն ենք ասում: Մալխասն ասում է. «Արա՛, դե լավ ժողովուրդ ենք, այ ինչ լավ քաղաք ունենք, չեմ կարողանում երկար դրսում մնալ, կարոտում եմ»: Ես ևս կարոտում եմ քաղաքը: Օտար երկիր եմ գնում, տեսնում, որ հետաքրքիր է, բայց ունես քոնը: Ամեն քարին կարոտում եմ: Երբ երիտասարդ էի ու հեռուստատեսությունում էի աշխատում, ամեն ամիս գործուղվում էի Մոսկվա: Մոսկվան դարձել էր իմ քաղաքներից մեկը: Հենց օդանավակայանից հասնում էի Օստանկինո, կարոտում էի «Սկվազնյակ» սրճարանի աթոռները, կարոտում էի բազալտե քարերը, մարդկանց դեմքերը: Նույնը Մալխասն է ասում: Այդ հարցում նման ենք»,-ընդգծում է Մովսեսյանը:

Նա ցավով է նշում, որ այսօր մարդկանց դեմքերը շատ են փոխվել: Պատմում է՝ 1960-1970-ական թվականներին քաղաքը դեմք ու դիմագիծ ուներ՝ մտածող, աշխատասեր, ճաշակով մարդկանցով հարուստ: Շատերը լքել են քաղաքը, մի մասն էլ կյանքից է հեռացել: Նրանց արժանի փոխարինողների Մովսեսյանը չի տեսնում: «Մի օր ընկերոջս հետ սրճարանում էինք ու նայում էինք Հյուսիսային պողոտայով զբոսնող երիտասարդներին: Տղաներն արևածաղիկ չրթելով, բարձր հայհոյելով քայլում էին: Առաջ նման բան չէր կարող լինել քաղաքում: Գնում են աղջիկներ, նրանց հետևից նման տղաներ: Ես ու ընկերս զարմացած նայում ենք: Այդ ժամանակ տեսնում ենք մեր սիրված ու ճանաչված կոմպոզիտորներից մեկն է մոլորված շրջում պողոտայում: Նրան հրավիրեցինք միանալ մեզ: Նա զարմացած ասում է. «Էս ովք՞եր են, ի՞նչ է կատարվում»: Հիշեցի այս օրինակը, քանի որ առաջ նման բան լինել չէր կարող»,-հիշում է նա:

«Կյանքը ջազում» ֆիլմի պրեմիերայից անմիջապես հետո այն նախատեսում են տարածել համացանցում, որպեսզի մարդիկ դիտեն ֆիլմը, տեսնեն, վերհիշեն: «Ովքեր հեռացել են, կհիշեն Երևանը, Մալխասին, մեր իրավիճակը, մեր տրամադրություններն ու կկարոտեն մեզ: Ուզում եմ՝ նայեն ու կարոտեն, նայեն ու վերադառնան, գան, որովհետև մենք հիմա նրանց բոլորի կարիքն ունենք»,-խոստովանում է Մովսեսյանը:

Նա մաղթում է, որ Մալխասը ևս քսան տարի նվագի, քանի որ ուրախություն, տրամադրություն է հաղորդում, հուշում, որ ապրել ու աշխատել է հարկավոր:

Անժելա Համբարձումյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս