Միջազգային հանրությունը պետք է միջոցներ գործադրի՝ զսպելու ՀՀ նկատմամբ Ադրբեջանի, Թուրքիայի նկրտումները. սիրիացի դեսպան
Դեսպան, Սիրիայի ԱԳՆ Դիվանագիտական ինստիտուտի տնօրեն, ԱՄՆ-ում և Չինաստանում Սիրիայի նախկին դեսպան Իմադ Մուստաֆան կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ կաշկանդելու, սահմանափակելու հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ընդլայնողական նկրտումները: Դիվանագետը համոզված է նաև՝ առանց Թուրքիայի միջամտության և ռազմական օգնության՝ Լեռնային Ղարաբաղի ողբերգությունը տեղի չէր ունենա:
«Արմենպրես»-ը զրուցել է Իմադ Մուստաֆայի հետ՝ Հայաստան այցի հիմնական նպատակի, տարածաշրջանային ու անվտանգային հարցերի, Սիրիայում հայկական համայնքի դերակատարության և այլ թեմաների շուրջ:
– Պարոն դեսպան, նախ կխնդրեմ ներկայացնեք Հայաստան այցի նպատակը, ի՞նչ պայմանավորվածություններ եք ձեռք բերել:
– Մասնագիտական մակարդակով այցի նպատակը հետևյալն է. ես Սիրիայի արտգործնախարարության դիվանագիտական ինստիտուտի տնօրենն եմ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ունի հիանալի դիվանագիտական դպրոց, և մենք ցանկանում էինք համագործակցություն, իրական ամուր հարաբերություններ հաստատել երկու ինստիտուտների միջև: Մենք ցանկանում էինք փոխըմբռնման հուշագիր ստորագրել։ Որպես դրա սկիզբ՝ Հայաստանի դիվանագիտական դպրոցը 12 սիրիացի դիվանագետների հրավիրեց Հայաստան՝ մասնակցելու դիվանագիտության երկշաբաթյա դասընթացին: Մենք էլ հուսով ենք, որ մի քանի հայ դիվանագետների փոխադարձաբար կհրավիրենք այցելել մեր ինստիտուտ և մասնակցել աշխատաժողովների, դասընթացների: Այսպիսով, մասնագիտական մակարդակում սա է Հայաստան այցիս նպատակը: Բայց նաև անձնական հետաքրքրվածություն կա Հայաստանի նկատմամբ. ինչպես, հավանաբար, գիտեք, յուրաքանչյուր սիրիացի Հայաստանն իր սրտին շատ հարազատ է համարում՝ Սիրիայում սիրիահայերի յուրահատուկ ավանդի շնորհիվ: Նրանք գերազանցության են հասել ամեն ինչում, ինչ արել են: Սիրիայում յուրաքանչյուր հայ եղել է Հայաստանի հիանալի դեսպան։ Այնպես որ, Հայաստանը Սիրիայում բարձր են գնահատում։ Եվ որպես սիրիացի՝ ես միշտ երազել եմ այցելել Հայաստան՝ տեսնելու այս գեղեցիկ երկիրը, որը մեզ է ուղարկել այդ գեղեցիկ, խելացի, աշխատասեր, ազնիվ մարդկանց։
– Որպես դիվանագետ՝ ինչպե՞ս եք գնահատում հայ-սիրիական հարաբերությունների ներկայիս մակարդակը:
– Մի կողմից հարաբերությունները գերազանց են։ Երկու ժողովուրդների հարաբերությունների ջերմությունն ու խորությունն արտացոլված են նաև երկու երկրների կառավարությունների հարաբերություններում։ Այսպիսով, երկու կառավարությունները կապ են հաստատում միմյանց հետ, համագործակցում են, խորհրդակցում: Նույն հարցերի վերաբերյալ մենք մեծամասամբ միասնական դիրքորոշում ունենք: Մյուս կողմից՝ միայն այս մակարդակով չեմ բավարարվում։ Ես ուզում եմ երկու երկրների հարաբերությունները տեսնել շատ ավելի լավ և ուժեղ, քանի որ ես Ձեզ նկարագրեցի Սիրիայի ժողովրդի և Հայաստանի ժողովրդի միջև հարաբերությունների խորությունը:
– Ըստ Ձեզ՝ Հայաստանն ու Սիրիան ի՞նչ ընդհանուր հետաքրքրություն ունեն, ո՞ր ոլորտներում եք համագործակցության հեռանկարներ տեսնում:
– Պետք է հիշել, որ ընդհանուր պատմություն ենք ունեցել հայ ժողովրդի և Սիրիայի պատմության ընթացքում: Մենք միշտ ունեցել ենք հարաբերություններ, ներգրավվածություններ։ Երևի գիտեք՝ մեր պատմության մեջ մի պահ Տիգրան Մեծը նաև Սիրիայի թագավոր է եղել։ Դամասկոսը և Հալեպը Տիգրան Մեծի օրոք մեծ թագավորության մասն էին: Բայց պատմության այլ ժամանակաշրջաններում ևս մենք ունեցել ենք շատ ամուր կապեր և փոխանակումներ: Ունեցել ենք նաև տխուր պատմություն այն բանի հետևանքով, ինչ թուրքերը, Թուրքիան արեցին հայերին ցեղասպանության ժամանակ, նաև՝ ցեղասպանությունից առաջ և նույնիսկ՝ ցեղասպանությունից հետո, նաև այն բանի հետևանքով, ինչ Թուրքիան արեց Սիրիային։ Այսպիսով, մենք ունենք ընդհանուր ցավեր, ընդհանուր պատմություն, ինչպես նաև ընդհանուր ձգտումներ՝ հանուն մեր տարածաշրջանի և մեր ժողովրդի ավելի լավ ապագայի:
– Պարոն դեսպան, ինչպես գիտեք՝ Հայաստանը ներկայում մարտահրավերների է բախվում: Ադրբեջանի հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանվեցին ավելի քան 100 հազար հայեր: Խախտված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանը ձգտում է խաղաղության, սակայն, ինչպես գիտեք, արդեն երկար ժամանակ է, ինչ չի հաջողվում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի հասնել: Այսպիսով, որպես Սիրիայի դիվանագիտությանը քաջատեղյակ անձ, ի՞նչ եք կարծում՝ Սիրիան ի՞նչ դեր կարող է խաղալ այս առնչությամբ, ո՞րն է, ընդհանուր առմամբ, Սիրիայի դիրքորոշումն այս հարցում:
– Նախ՝ Սիրիան լիովին աջակցում է հայկական դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Սիրիան, ինչպես գիտեք, պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Մեր խորհրդարանը որոշում ընդունեց՝ գիտակցելով և ընդունելով հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության փաստը։ Ահա, թե ինչու է, որ մենք հատկապես զգայուն ենք, երբ այսօր տեսնում ենք ցանկացած զարգացում, որը հայ ժողովրդին ցավ է պատճառում և պատճառ դառնում Լեռնային Ղարաբաղից հիմնականում դեպի Հայաստան, նաև՝ այլուր, ևս մեկ արտագաղթի, ևս մեկ սփյուռքի ձևավորման: Սա մեզ շատ անհանգստացնում է: Մենք մեծ կարեկցանք ենք տածում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ և դատապարտում ենք նրանց հետ կատարվածը։ Պետք է խոստովանեմ, որ մենք շատ քիչ բան կարող ենք անել այս հարցում օգնելու համար, քանի որ, կարծում ենք, որ առանց Թուրքիայի միջամտության և ռազմական օգնության, Լեռնային Ղարաբաղի նոր ողբերգությունը տեղի չէր ունենա։ Թուրքիան այսօր նույնն է անում Սիրիայի հետ: Նրանք միջամտություն են կատարում և աջակցում են Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, պաշտպանում են նրանց։ Մենք ևս այսօր Սիրիայում տուժում ենք թուրքական գործողությունների պատճառով։
– Իսկ Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Սիրիան:
– Մենք ամբողջությամբ պաշտպանում ենք հայկական դիրքորոշումն, ամբողջությամբ: Եվ կարծում ենք, որ հայ ժողովրդի իրավունքն ու պարտականությունն է պահպանել իր տարածքային ամբողջականությունը։
– Ի՞նչ կարող է անել Սիրիան այս հարցում:
– Մենք կարող ենք միայն քաղաքական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել, չենք կարող սրանից այն կողմ գնալ։ Բայց դա կարևոր է միջազգային հանդիպումներում՝ ՄԱԿ-ում, ցանկացած տարածաշրջանային կամ բազմազգ հանդիպման ժամանակ:
– Ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անի միջազգային հանրությունը՝ Հայաստանի դեմ նոր հնարավոր պատերազմ թույլ չտալու համար։
– Կարծում եմ՝ միջազգային հանրությունը պետք է գործադրի հնարավոր բոլոր միջոցները՝ զսպելու, սահմանափակելու հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի ընդլայնողական նկրտումները:
– Պարոն դեսպան, ըստ Ձեզ, Թուրքիան տարածաշրջանում ի՞նչ դերակատարություն ունի:
– Ներկայումս և պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ Թուրքիայի դերակատարության մասին Դուք ավելի լավ գիտեք, քան ես: Կարող եմ ասել, որ գրեթե նույն բանը Թուրքիան մեզ հետ արեց Սիրիայում։ Դա արեց նաև Կիպրոսի հետ, Հունաստանի հետ: Այսպիսով, Թուրքիան շատ թշնամական և շատ վտանգավոր է եղել իր հարևանների համար:
– Դուք խոսեցիք Սիրիայում հայ համայնքի մասին, ի՞նչ ազդեցություն են ունեցել նրանք Սիրիայում: Հայաստանն ի՞նչ դեր է ունեցել Սիրիայում:
– Սիրիայի հայ համայնքը հայտնի է գերազանցությամբ՝ ամեն ինչում, ինչ անում է: Սիրիայում մենք շատ հպարտ ենք, որ ունենք զգալի հայկական համայնք։ Հայ համայնքի ազդեցությունը Սիրիայի կյանքի վրա շատ ավելին է, քան տեղի հայերի իրական թիվն է։ Եթե լինեք Սիրիայում, կմտածեք, թե այնտեղ միլիոնավոր հայեր ունենք: Իհարկե, դա այդպես չէ, որակի հաշվին է այդպես զգացվում: Տեղի հայերը շատ հարգված ու գնահատված են սիրիացի ժողովրդի կողմից:
Երբ հայերը ցեղասպանությունից հետո եկան Սիրիա, սոված էին, աղքատ, վախեցած, թույլ: Նույնիսկ պատշաճ հագուստ չունեին, հալածված էին: Շատերը որբ կամ այրի էին։ Դա հայերի կյանքում շատ սարսափելի շրջան էր: Երբ նրանք հասան Սիրիա, մասնավորապես՝ Հալեպ, ժողովուրդը նրանց հետ շատ լավ վերաբերվեց, մեծ հյուրընկալությամբ ընդունեց, նրանց հետ կիսեց իր ջուրն ու հացը։ Այս հայ համայնքը շատ կարճ ժամանակում հաստատվեց, ապահով զգաց, սկսեց տքնաջան աշխատել: Նրանք ծաղկեցին, բարգավաճեցին, հետո Սիրիային շատ ավելին տվեցին, քան մեզանից ստացել էին գալու ժամանակ: Այսպիսով, մենք նայում ենք սրան և ինքներս մեզ ասում ենք, որ ինչ փոքր լավություն ենք արել հայերին, նրանք մեզ շատ ավելին են պատասխանել, շա՜տ ավելին: Ինչպես արդեն ասացի՝ մենք շատ հպարտ ենք Սիրիայում հայկական ներկայությամբ, քանի որ նրանք հարստացնում են մեր կյանքը:
– Պարոն դեսպան, որքան գիտեմ՝ Դուք առաջին անգամ եք Հայաստանում: Ի՞նչ տպավորություններ եք հասցրել ստանալ մեր երկրից:
– Երբ հասա Երևան, Նորին գերազանցություն տիկին դեսպանը, ով օդանավակայանում դիմավորեց, մինչև իմ հյուրանոց գնալն՝ անմիջապես ինձ տարավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ: Ես այնտեղ անցկացրեցի երկու ժամ։ Սրտումս մեծ վիշտ զգացի նրա համար, ինչ տեսա։ Բայց ես նաև հպարտություն զգացի, որովհետև մենք հայ ազգի կողքին ենք եղել նրանց դժվարին ժամանակներում: Այսօր Հայաստանը հիանալի վերածնունդ է ապրում։ Տպավորված եմ այն ամենով, ինչ տեսա այս օրերին: Այցելեցի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, մեծ հույզեր ապրեցի: Ինքս ինձ ասացի, որ այս ազգը հավերժ մնալու համար է, ոչ մի այլ պետություն չի կարող ոչնչացնել հայերին, դուք անխորտակելի եք:
– Պարոն դեսպան, կցանկանայի՞ք մեր զրույցին որևէ բան հավելել:
– Ոչ, ես ուղղակի կցանկանայի ավելացնել, որ թեև ներկայացնում եմ Սիրիայի կառավարությունը՝ որպես դեսպան, բայց ես խոսում եմ նաև որպես Սիրիայի քաղաքացի, միայն քաղաքական մեկնաբանություններ ու տեսակետներ չեմ հայտնում: Սրանք իսկապես գալիս են սիրիացու սրտից:
Հարցազրույցը՝ Աննա Գրիգորյանի