Ճարպակալումը հիվանդություն է, որը կարող է որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոն հանդիսանալ

Վերջին տարիներին ֆաստֆուդի, գազավորված ըմպելիքների և սխալ սնվելու սովորությունը հանգեցրել է ճարպակալման դեպքերի թվի կտրուկ աճի։ Ավելորդ քաշն ու ճարպակալումն էսթետիկ խնդիր լինելուց բացի որոշ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի գործոններից են: Այն մեծացնում է շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների, քաղցկեղի մի շարք տեսակների առաջացման վտանգը:

Ճարպակալման առաջացման պատճառների, դրանից բխող մի շարք խնդիրների շուրջ «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում զրուցել ենք ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դասախոս, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ Լուսինե Առաքելյանի հետ։

Մասնագետը նշեց, որ ճարպակալումը համարվում է հիվանդություն, նույնիսկ խրոնիկական և կրկնվող, որը, կարելի է ասել, ամբողջ կյանքի ընթացքում պահանջում է հսկողություն։ Ըստ նրա՝ չնայած նրան, որ մարմնի քաշի վրա նաև ազդում են գենետիկական, վարքագծային, հորմոնալ գործոնները, ճարպակալում առաջանում է, երբ մարդն ավելի շատ կալորիա է օգտագործում, քան այրում ֆիզիկական վարժությունների և սովորական առօրյա գործողությունների միջոցով: Օրգանիզմն այս հավելյալ կալորիաները կուտակում է ճարպի ձևով:

«Ճարպակալման առաջին պատճառներից է համարվում սննդակարգի սխալ վարքագիծը, երբ մենք սկսում ենք օգտագործել ավելի հեշտ յուրացվող ածխաջրեր, ճարպոտ սնունդ, արագ պատրաստվող վերամշակված սնունդ և միաժամանակ վարում ենք ֆիզիկական ոչ ակտիվ կայանք։ Հեռուստացույցի և համակարգչի դիմաց երկար են նստում, երեխաները բակ չեն իջնում և ակտիվ խաղեր չեն խաղում»,-ասաց Առաքելյանը։

Կարդացեք նաև

Էնդոկրինոլոգ Լուսինե Առաքելյանը փաստում է, որ ճարպակալումը կարող է առաջանալ ցանկացած տարիքում, նույնիսկ երեխաների մոտ, սակայն տարիքի հետ հորմոնալ փոփոխությունների ու ոչ ակտիվ ապրելակերպի պատճառով ավելանում է ճարպակալման առաջացման վտանգը: Իսկ երեխաների պարագայում այն կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների երիտասարդացման, այսինքն` ավելի վաղ տարիքում երեխաների մոտ կարող է առաջանալ շաքարային դիաբետ, սիրտ-անոթային խնդիրներ և այլն։

Նման խնդիրներից խուսափելու, ինչպես նաև գեղեցիկ կազմվածք ունենալու համար մասնագետն ընդգծեց, որ պետք է առողջ սնվել. ցածր կալորիականությամբ և սննդանյութերով հարուստ մթերք օգտագործել՝ միրգ, բանջարեղեն և ամբողջական հացահատիկ, սահմանափակել քաղցրավենիքի օգտագործումը, կրճատել քաղցր ու գազավորված ըմպելիքի և ալկոհոլի օգտագործումը՝ դրանց փոխարեն օրվա ընթացքում շատ ջուր խմել և ֆիզիկական ակտիվ կյանք վարել։

Գայանե Գաբոյան

Տեսանյութեր

Լրահոս