Տիգրան Ավինյանի կողմից լրագրող Դավիթ Սարգսյանին դատի տալը հայտնվել է ԵԽ ուշադրության կենտրոնում

Եվրոպայի խորհրդի պլատֆորմի գործընկեր կազմակերպություններն այսօր հրապարակել են 2024 թվականի տարեկան նոր զեկույցը Եվրոպայում ԶԼՄ-ների ազատության և լրագրողների անվտանգության վերաբերյալ, որի նպատակն է նպաստել ԶԼՄ պաշտպանությանն ու լրագրողների անվտանգության ապահովմանը։

ԵԽ-ից Panorama.amին հայտնեցին, որ զեկույցում Հայաստանի անունը հիշատակվում է մի քանի համատեքստում՝ ԶԼՄ-ներին ու լրագրողներին դատական գործընթացներով ճնշելը, Պեգասուսի միջոցով գաղտնալսելը, ԶԼՄ-ների նկատմամբ սահմանափակող օրենսդրության ընդունումը և այլն։

ԵԽ պլատֆորմի գործընկեր կազմակերպությունները զեկույցում ընդգծում են, որ շատ երկրներում շարունակվում են ԶԼՄ-ների ու լրագրողների նկատմամբ ճնշումները դատական գործընթացների միջոցով։

Այստեղ հիշատակվում է նաև Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող, նախկին փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից 168.am-ի լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ դատական հայց ներկայացնելը, ինչի հետևանքով դատարանը որոշում էր կայացրել սառեցնել թե Դավիթ Սարգսյանի անձնական հաշիվներում եղած գումարը՝ 9 մլն դրամի չափով, թե նրա գործատուի՝ 168.am-ի։

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը դատի է տվել Դավիթ Սարգսյանին նրա պատրաստած «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» խորագրով տեսանյութի համար։

Ավինյանը դիմել էր նաև հայցի ապահովման միջոց կիրառելու հարցով։

«Հայցի ապահովման միջոցի՝ դատարանի բավարարած չափը 9 մլն դրամ է, այդքանի չափով արգելանք է դրվել իմ բնակարանի և աշխատավարձային հաշվեհամարիս վրա»,- գրել էր  Դավիթ Սարգսյանը։

ԴԱՀԿ-ից ծանուցում էր ստացել նաև 168.am-ը․ «Պարզվեց՝ գործը քննող դատավոր Էդուարդ Ամալյանը Տիգրան Ավինյանի ու նրա ներկայացուցչի պահանջով բավարարել է ոչ միայն իմ դրամական միջոցների ու գույքի վրա 9 միլիոն դրամի չափով կալանք դնելու՝ հայցվոր կողմի միջնորդությունը, այլև «168 ժամ» ՍՊԸ-ի հաշիվների վրա նույն չափով՝ ևս 9 միլիոն դրամի կալանք դնելու միջնորդությունը։ Հաշվի առնելով, որ դատաքննությունը տարիներ է ձգվելու, սա ոչ այլ ինչ է, եթե ոչ լրագրողին, լրատվամիջոցն ու ազատ մամուլը ճնշելու, լռեցնելու և սանձահարելու փորձ»,- նշել էր Դավիթ Սարգսյանը։

Ավելի ուշ՝ անցած տարվա մայիսին Տիգրան Ավինյանը դիմել է դատարան լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու միջնորդությամբ։

Փաստաբան Հարություն Հարությունյանը նշել էր, որ Տիգրան Ավինյանը որևէ լրատվամիջոցի սնանկացնելու կամ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունի։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031