Փաշինյանը հայտնել է` ինչ ժամկետում պետք է ՀՀ–ն դիմի ԵՄ թեկնածու դառնալու համար. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն իր կուսակիցների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ամենաուշն ինչ ժամկետում է պատկերացնում, որ Հայաստանը պետք է դիմի ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Հանդիպման ժամանակ օրակարգում եղել են ՀՀ-ի կողմից ԵՄ անդամի թեկնածու դառնալու գործընթաց սկսելուն առնչվող հարցերը։ Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, որ Արևմուտքը պահանջում է գործնական քայլեր՝ Ռուսաստանից անջատվելու, տարածաշրջանից հեռացնելու ուղղությամբ, իսկ Հայաստանին ստեղծված իրավիճակում այլ բան չի մնում, քան կատարել Արևմուտքի պահանջները, քանի որ ՌԴ–ն երես է թեքել մեզնից։ Փաշինյանն ասել է` ամենաուշը մինչև աշուն պետք է դիմել` ԵՄ անդամության թեկնածու դառնալու համար։ Թիմում կասկածներ կան, որ հենց այդ ժամանակ էլ ՀՀ վարչապետը պատրաստվում է անցկացնել սահմանադրական հանրաքվեն՝ պետության արտաքին քաղաքականությունը փոխելու վստահության քվե խնդրելով ժողովրդից»,- գրում է թերթը։

Նշվում է, որ մինչ լայն կազմով հավաքը, Փաշինյանը նեղ «կռուգում է» հարցը քննարկել ու պատահակն չէ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախորդ շաբաթ հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է ԵՄ անդամության թեկնածու դառնալ։

Ընդլայնված նիստի ընթացքում Փաշինյանը հայտնել է, թե իբր Հայաստանի անվտանգային շահն է պահանջում ԵՄ անդամության թեկնածու դառնալ, եթե ոչ ռազմական առումով, ապա գոնե տնտեսական, ինչը թույլ կտա Հայաստանին ուժեղանալ։

Պարբերականի ՔՊ խմբակցության աղբյուրները չեն թաքցնում, որ թիմում տագնապած են այն հեռանկարից, որ Հայաստանը կտրուկ քայլեր է ձեռնարկում արտաքին քաղաքական կուրսը փոխելու նպատակով։

Թերթը գրում է նաև, որ փակ քննարկմանը ներկա են եղել ոչ միայն ՔՊ–ական պատգամավորները, այլև նախարարներ, Անվտանգության խորհրդի քարտուղարը, կուսակցության վարչության անդամներ։

«Թիմում մեծ մասը դեմ է եղել շտապողականությանը, բացառությամբ ԱԺ նախագահի և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի։ Նրանք Ռուսաստանի դեմ հոխորտալից ելույթներով փորձել են հիմնավորել, որ ԵՄ թեկնածության հայտի համար պետք է դիմել հնարավորինս շուտ՝ այդպիսով գուցե խելքի բերեն նաև Ռուսաստանին։ ԵՄ անդամության թեկնածու դառնալու հայտ ներկայացնելը վտանգավոր և ռիսկային է որակել ՔՊ–ական Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանն էլ է ելույթ ունեցել։ Այլ պատգամավորներ էլ են խոսել այն մասին, որ պետք չէ շտապողականություն դրսևորել և առնվազն մեկ տարի պետք է ծանրութեթև անել։ ՔՊ–ականներից մի քանիսը մտավախություն է հայտնել, որ

Մոսկվան Հայաստանում իշխանափոխություն կիրականացնի»,– գրում է թերթը։

Գուրգեն Արսենյանը տնտեսական բաղադրիչի մասին է երկար ելույթ ունեցել՝ ներկայացնելով, որ Հայաստանն ամբողջովին կապված է ռուսական շուկայի հետ, մի քանի առիթով թեթև փորձել են «պատժել»` Լարսը փակելով, արդյունքում ՀՀ-ում կաթվածահար իրավիճակ է ստեղծվել։ Ոմանք էլ կարծիք են հայտնել՝ այսպես թե այնպես, ՀՀ-ն շարժվում է ԵՄ-ի ուղղությամբ, ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սառեցում, Հռոմի ստատուտի ընդունում… ի՞նչ իմաստ ունի շտապելը, ՌԴ զայրույթը շարժելը։

Նման դիրքորոշում հայտնողների գլխավոր փաստարկը եղել է այն, որ գոնե այդպիսով Հայաստանը մանևրի դաշտ կունենա, սակայն Նիկոլ Փաշինյանը պնդել է այդ քայլի անխուսափելիության մասին։ Վարչապետը վստահեցրել է` ինչ լինելու է, կլինի, Ռուսաստանից որևէ հույս ու սպասելիք չկա, իսկ Արևմուտքը կարող է անվտանգային երաշխիքներ տալ:

Հանդիպման վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հաջորդ հանդիպմանը, որը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առաջիկա օրերին, պետք է փաստարկված ներկայացնեն ԵՄ անդամության թեկնածու դառնալու քայլի հնարավոր հետևանքները և ռիսկերը: Փաշինյանը պատգամավորներին հորդորել է մասնագիտական վերլուծություններ իրականացնել և քննարկել առաջիկա հանդիպումներին այդ հարցը:

Թերթի աղբյուրները նաև հայտնել են, որ առաջիկայում հնարավոր է` պատգամավորներն առանձին հանդիպումներ ունենան ԱԳ նախարարի, ԱԽ քարտուղարի և կառավարության այլ օղակների պատասխանատուների հետ։

Տեսանյութեր

Լրահոս