Բաժիններ՝

Իսրայելը պատվիրակություն չի ուղարկել ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների․ The Times of Israel

Իսրայելի պատվիրակությունը ներկայում մտադիր չէ մասնակցել Գազայի հատվածում հրադադարի և պաղեստինցի բանտարկյալների դիմաց պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունների հերթական փուլին, որը Կահիրեում պետք է անցկացվի մարտի երկրորդ շաբաթվա ընթացքում։ Այս մասին հաղորդել է The Times of Israel հրատարակությունը` վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի։

Աղբյուրը, որի անունը չի նշվում, հայտնել է, որ բանակցությունները բոյկոտելու պատճառն այն էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ներկայացուցիչները մինչև այժմ չեն ներկայացրել իրենց մոտ պահվող ողջ մնացած պատանդների ցուցակը, ինչպես նաև չեն նշել, թե Իսրայելը կոնկրետ քանի պաղեստինցի բանտարկյալի պետք է ազատի յուրաքանչյուր պատանդի ազատ արձակման դիմաց:

Միևնույն ժամանակ, արդեն Եգիպտոս են ժամանել ՀԱՄԱՍ-ի, ինչպես նաև Կատարի և ԱՄՆ-ի պատվիրակությունները, որոնք բանակցություններին մասնակցում են որպես միջնորդներ։

Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը արմատական շարժումից պահանջել է համաձայնել վեցշաբաթյա հրադադարի, ինչպես նաև կոչ է արել Իսրայելին` նպաստել Գազայի հատվածում հումանիտար մատակարարումների մեծացմանը:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի զինյալների ներխուժումից հետո Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, 253 մարդ՝ գերեվարվել։ Իսրայելն այս ներխուժումից հետո ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Պատանդների մի մասը վերադարձվել է նոյեմբերին հաստատված 7-օրյա հումանիտար հրադադարի ժամանակ։ Ըստ Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ մնում է մոտ 130 պատանդ։ Գազայի առողջապահական իշխանությունների հաղորդած տվյալների համաձայն՝ Գազայի հատվածում Իսրայելի հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 30 500-ը, վիրավորների թիվը մոտենում է 72 000-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս