Բաժիններ՝

Մեքենայի կողային ապակիների լուսաթափանցելիության համար վարորդներին 2 միավորի տուգանքը բարձր շեմ է, ծայրահեղ միջոց. Դավիթ Պեդանյան

Օրերս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը։

Ըստ նոր փոփոխությունների, ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը մեկ տարվա ընթացքում երկու անգամ խախտելու համար վարորդը 2 տուգանային բալ կստանա։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի խոսքով՝ այս պահի դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է միայն տուգանք՝ առանց տուգանային միավորի, բայց հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը, նախատեսում են, որ եթե մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ արարքը կատարվի՝ երկու բալ տուգանային միավոր կստանա։

168.amհետ զրույցում  «Վարորդի ընկեր» իրավապաշտպան ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Պեդանյանն ասաց, որ 2 միավորով վարորդներին տուգանելը շատ է և ոչ իրավաչափ։

Կարդացեք նաև

«Ցանկացած խախտում, որի համար բալեր նախատեսված չէ՝ մարդկանց բաժանում է  երկու խմբի։ Առաջին խմբում այն մարդիկ են, որոնք գումար չունեն և իրենց համար գումարով տուգանելը կանխարգելիչ, ինչ-որ տեղ էլ՝ պատժիչ միջոց է։ Իսկ մարդկանց մյուս խումբը գումար ունի, և լուսաթափանցելիության համար տուգանվում են և դրան ուշադրություն չեն դարձնում։ Այսինքն՝ «պլյոնկան» հանում, տուգանում են, այդ մարդիկ հաջորդ օրը կրկին «պլյոնկա» են կպցնում։ Այս տեսանկյունից օրենքի փոփոխությունը կարծես թե որոշ համաչափություն է մտցնում։

Բայց մյուս կողմից էլ՝ 2 միավորը տուգանքի շատ բարձր շեմ է։ Եթե դիտարկում ենք միավորների ու տուգանքների չափը՝ որպես ինչ-որ սանդղակների մեջ գործակիցներով պայմանավորված թվեր, օրինակ, հարբած լինելը, արագությունը գերազանցելը շատ ավելի վտանգավոր են, քան ապակիների մուգ պլյոնկաները կամ սխալ վայրում կայանելը»,- նշեց Դավիթ Պեդանյանը։

Նրա խոսքով՝ այս ամենը հաշվի առնելով՝ վարորդներին 2 միավորով տուգանելը ծայրահեղ միջոց է, այն էլ այն բանի համար, ինչը որևէ կերպ դեռևս չի հիմնավորվել, որ ապակիների թաղանթապատումը վթարածին է։

«Կարելի էր միավոր տուգանել, որպեսզի տուգանքի համար շեշտը միայն փողի վրա դրված չլինի։ Օրինակ, մարդ է, թող 8 անգամ մեքենան «պլյոնկա» դնի, 8 անգամ տուգանեն ու այդ գումարները տանեն բյուջե, իսկ 9-րդ անգամ «պլյոնկա» կպցնելու համար արդեն կարող են վարորդական վկայականից զրկել։ Իսկ 2 միավորով տուգանել այս կոնտեքստի մեջ, իմ կարծիքով՝ ուռճացված է»,- հավելեց մեր զրուցակիցը։

Հարցին՝ կա՞ վիճակագրություն, թե, օրինակ, մգեցված ապակիների պատճառով եռամսյակը մեկ քանի վթար է տեղի ունենում, Դավիթ Պեդանյանը պատասխանեց, որ նման տվյալներ չունի։

«Կարծում եմ՝ նման հիմնավորումներ բերողն էլ այդ տվյալները չունի, թե չէ՝ հենց թվերով էլ կհրապարակեին։ Գուցե միջազգային ինչ-որ վիճակագրություն լինի, բայց կողային ապակիների լուսաթափանցելիությունը դժվար վթարի պատճառ լինի, դիմացի ապակիների լուսաթափանցելիությունը կարող է խոչընդոտ ստեղծել։

Կողային ապակիների դեպքում նման բան են արել, որպեսզի պարեկների գործը հեշտացնեն՝ նրանց համար մեքենայի սրահն ավելի տեսանելի լինի, օրինակ, տուգանեն ամրագոտիների համար»,- եզրափակեց Դավիթ Պեդանյանը։

Տեսանյութեր

Լրահոս