Հայաստանի և Թուրքիայի միջև «առ և տուր» է. թուրքերն առնում են, Հայաստանը՝ տալիս, կորզելու խնդիր է. Տիրան Լոքմագոզյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 1-3-ը գտնվելու է Անթալիայում՝ դիվանագիտական ֆորումին մասնակցելու համար։

​​Ֆորումին մասնակցում են ավելի քան 20 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, մոտ 90 նախարար, ավելի քան 60 արտգործնախարարներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների մոտ 80 ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ 2022 թվականին Արարատ Միրզոյանը կրկին Թուրքիայում մասնակցել էր դիվանագիտական ֆորումին: 2009 թվականից հետո նա հայ առաջին պաշտոնյան էր, որ մեկնել էր Թուրքիա։

Այդուհանդերձ, հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում ի՞նչ է տալու Հայաստանին դիվանագիտական ֆորումի մասնակցությունը։

Կարդացեք նաև

168.am հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագոզյանը պատասխանելով հարցին՝ ասաց՝ դիտարկելով ՀՀ ներկայիս իշխանությունների վերջին տարիների քաղաքականությունը, որևէ լավ բան սպասել պետք չէ, անգամ, եթե ինչ-որ դրական քայլերի մասին են խոսում։

«Թուրքիայի հետ մենք դիվանագիտական հարաբերություն չունենք, առաջին խնդիրը, որը պետք է լինի, այդ հարաբերություների հաստատումն է, մնացյալը դրա ածանցյալն են։ Եթե հիմնականը թողած՝ զբաղվում են ածանցյալով, իհարկե, դա որևէ լավ բան չի բերելու Հայաստանին ու հայ ազգին։

Ինչպես տեսնում ենք, հիմնականում երկու երկրների միջև ընթանում է «առևտուր», առ և տուր՝ թուրքերն առնում են՝ Հայաստանը տալիս է։ Այսինքն՝ կրկին ինչ-որ բաներ կորզելու խնդիր է, սա, իհարկե, նաև այդ երկու կողմի ներկայացուցիչների հանդիպման շարունակությունն է։ Սա առիթ է, որպեսզի առանց միջնորդների երկու կողմերը շտապ իրենց երկկողմանի առևտուրը կազմակերպեն։ Մինչ այս, հիմնական միջնորդը Ռուսաստանն էր, որը «խանգարող» էր այդ գործընթացում, դրա համար փորձեցին երկու կողմից ներկայացուցիչներ ներկայացնել։ Մեզ ներկայացրեցին, թե նրանք դիվանագիտական ներկայացուցիչներ են, բայց եթե դու չունես դիվանագիտություն Թուրքիայի հետ, ի՞նչ դիվանագիտական ներկայացուցչության մասին է խոսքը»,- նշեց Տիրան Լոքմագոզյանը։

Ըստ թուրքագետի, Հայաստանի իշխանությունները մեկ խնդիր են լուծում՝ ինչպես բավարարեն Էրդողանի ու Թուրքիայի պահանջները, որի մասին շարունակաբար նրանք բարձրաձայնում են։ Վերջերս էլ Թուրքիայից կրկին կոչ հնչեց, որ ՀՀ իշխանությունը պետք է բավարարի Ադրբեջանի պահանջները։

«Թուրքիան Հայաստանի իշխանություններին մշտապես ասում է՝ Ադրբեջանի պահանջները բավարարեք, հետո կգաք մեզ մոտ։ Այսինքն, հետո թող ոչ մեկը միամտորեն չմտածի, որ Թուրքիայի հետ սահմանը կբացվի, դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։ Թուրքիան նկատի ունի, որ հետո գնան իր մոտ՝ իր պահանջները բավարարելու։ Թուրքիան 2018 թվականից մշտապես պահանջներից է խոսում, ինչը 30 տարի շարունակ չէր անում, իհարկե, որոշակի պահանջներ դնում էր, բայց հայկական կողմից շարունակաբար մերժվում էր»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Թուրքագետը վստահ է՝ Հայաստանի մի մասն էլ տան Ադրբեջանին, նա չի բավարարվելու, անընդհատ պահանջելու է։ Վերջին տարիներին ականատես ենք լինում, որ ՀՀ իշխանությունը որքան գնում է զիջումների, նրանք այնքան մեծ զիջումներ են պահանջում։

«Իշխանությունը մտածում էր՝ Արցախը տա Ադրբեջանին, կազատվի պահանջներից, բայց ամեն ինչ այդպես չեղավ։ Հիմա էլ Հայաստանից է բաժին ուզում, ուզում է մինչև «Էրիվան» հասնել։ Չնայած, եթե նրանք միայն Սյունիքն էլ վերցնեն, նշանակում է՝ վերջ, Հայաստանն արդեն ջնջվում է քարտեզից»,- շեշտեց Տ. Լոքմագոզյանը։

Ինչ վերաբերում է Մարգարայի անցակետի բացմանը, թուրքագետը նկատեց՝ մինչև Հայաստանը չբավարարի Ադրբեջանի պահանջները, որևէ անցակետ ու սահման չի բացվելու։

Տեսանյութեր

Լրահոս