«Կշարունակեմ Գորիսում ապրել, որ Արցախ վերադառնալս ավելի շուտ լինի». Արցախից բռնի տեղահանված Ստեփան Բաղդասարյանն աջակցության կարիք ունի

Արցախի Հանրապետությունից 2023 թվականի սեպտեմբերին ադրբեջանական ցեղասպանության վտանգի ներքո բռնի տեղահանված 65-ամյա Ստեփան Բաղդասարյանն ունի առողջական լուրջ խնդիրներ. երկրորդ կարգի հաշմանդամություն, շնչառական ու նյարդային խնդիրներ։

Արցախյան առաջին պատերազմում երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած Ստեփան Բաղդասարյանն այս պահին բնակվում է Գորիսի հյուրանոցներից մեկում՝ միայնակ, երեխաներ ու կին չունի, ունի մի քանի հարազատներ, որոնք Հայաստանի տարբեր վայրերում են բնակվում։ Ասում է՝ նրանք էլ չեն կարողանում հասնել ու օգնել իրեն, որովհետև նրանք էլ իրենց խնդիրներն ունեն։

«Սեպտեմբերին երբ ադրբեջանցիներն արցախահայերին բռնի տեղահանում էին, Մարտակերտից բարեկամիս մեքենայով եկա Ստեփանակերտ, Ստեփանակերտից էլ հասա Գորիս ու որոշեցի մնալ այստեղ։ Կշարունակեմ Գորիսում ապրել, որ Արցախ վերադառնալս ավելի շուտ լինի, այստեղից Արցախ հասնելը մի քանի ժամվա պատմություն է։

Ես մի ամիս այստեղ եմ բուժվել, հիմա հետագա բուժման համար ուզում եմ գնալ Երևան, բայց չեմ կարողանում, նախ՝ գումար չունեմ, հետո էլ՝ երթուղային չեմ կարող նստել, կարող է նստեմ, 15 րոպե հետո մեռնեմ, մեքենայով պիտի հասնեմ Երևան։ Առողջական վիճակս այնքան վատ է, որ այդ ճանապարհին չեմ կարողանա դիմանալ, առանց այն էլ հազիվ եմ շնչում»,- նշեց Ստեփան Բաղդասարյանը։

Կարդացեք նաև

Նա ասում է՝ հարազատներից ակնկալիքներ չունի, քանի որ նրանք էլ իր նման ամեն ինչ կորցրել են, բռնի տեղահանվել են Արցախից, ու նրանց վիճակն էլ է ծանր, նրանք էլ օգնության կարիք ունեն։

«ՀՀ կառավարությունն իբրև օգնություն է տալիս արցախցիներին, բայց այնքան է ուշացնում, որ բանը բանից անցնում է։ Հիմա ասում են՝ փոխանցումն արել են Կապանի «Կոնվերս» բանկին, ես Գորիսից ինչպե՞ս պետք է հասնեմ Կապան, որ այդ 50 հազար դրամը ստանամ։ Նախորդ ամիս գնացի, ուշացումով ստացա, զգուշացրեցի, որ ես չեմ կարող Գորիսից հասնեմ Կապան, ավելի լավ է՝ փոխանցումն անեն Գորիսի որևէ այլ բանկ, բայց ապարդյուն։ Ես Կապան չեմ կարող գնալ, թող այդ գումարն էլ պահեն իրենց»,- նշեց Ստեփան Բաղդասարյանը։

Ասում է՝ եթե առողջ լիներ, սիրով կտեղափոխվեր Գորիսի հարակից մի գյուղ ու գյուղատնտեսական որևէ աշխատանք կկատարեր, օրվա հացը կվաստակեր, կապրեր ու կսպասեր Արցախ վերադառնալուն, սակայն չի կարող որևէ աշխատանք կատարել՝ հաշմանդամությունը թույլ չի տալիս։

«Երբ Արցախից հասա Գորիս, առողջական վիճակս շատ վատ էր, շտապօգնությամբ տարան Գորիսի հիվանդանոց, մոտ մի ամիս պառկեցի այնտեղ, բուժեցին ինձ, դուրս գրվելուց հետո գնալու տեղ չկար, համայնքապետարանը բերեց այս հյուրանոց։ Չգիտեմ՝ որքան կարող եմ այստեղ ապրել, գուցե մի օր հյուրանոցից հանեն, գնալու տեղ չեմ ունենա, ոչ էլ ուզում եմ Գորիսից հեռանամ։ Բայց եթե որոշեմ Գորիսից դուրս գալ, ուրեմն՝ ուղիղ կգամ Կառավարություն, որպեսզի մեր խնդրին որևէ լուծում տան»,- հավելեց մեր զրուցակիցը։

Վերհիշելով գաղթի ճանապարհը՝ Ստեփան Բաղդասարյանը պատմեց, որ ամբողջ ճանապարհն անցել է հարևանի մեքենայով, իսկ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցի զինվորներն իրենց մեքենայից իջեցրել են, սակայն անձնագրերը չեն ստուգել, մեքենան մի քանի մետր հեռացրել են, իսկ ուղևորներին ասել են՝ ոտքով հասնեն մեքենային, նստեն ու հեռանան։

«Արցախն ազատագրելիս, ես առհասարակ չէի պատկերացնում, որ նման բան կլինի, որ Արցախն առանց հայերի կմնա, ինչ-ինչ, բայց դա չէի պատկերացնում։ Նման բան Ղարաբաղի ու ղարաբաղցիների պատմության մեջ չի եղել։ Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվել ու ինչ է կատարվում, սա քաղաքականություն չի, ցեղասպանություն չի, չգիտեմ՝ սրան ինչ անուն տամ»,- հավելեց Ստեփան Բաղդասարյանը։

Զրույցի ավարտին արցախցի մեր զրուցակիցն ասաց, որ փնտրում է մարտական ընկերջը՝ Հայկ Ավետիսյանին, որը Երևանում է բնակվում։ Ասում է՝ նրա հետ վաղուց չի կարողանում կապ հաստատել, մտածում է՝ արտասահման է գնացել։

«Ընկերս ժամանակին Լենինգրադյան փողոցում էր ապրում, նրա հայրը Ֆիզիկայի ինստիտուտում գիտնական էր։ Եթե կարողանամ ընկերոջս գտնել՝ լավ կլինի, որովհետև ես ոչ մեկին չունեմ։ Երբ երիտասարդ էի, մի չորս անգամ ամուսնանալու փորձ արեցի, չստացվեց, երևի իմ վրա «սև մոգություն» կար»,- կատակեց Ստեփան Բաղդասարյանը։

168.am-ին Առողջապահության նախարարությունից փոխանցեցին, որ զրուցել են «Գորիս» բժշկական կենտրոնի՝ Ստեփան Բաղդասարյանին բուժող բժշկի հետ։ Ստեփան Բաղդասարյանն ունի օբստրուկտիվ բրոնխիտ, որը բուժելու համար կրկին պատրաստ են ընդունել Ս. Բաղդասարյանին, որի բուժումը, որպես Արցախից բռնի տեղահանված, ամբողջովին անվճար է։

Տեսանյութեր

Լրահոս