Կորեական «MegaGen» ընկերությունը 15 մլն դոլարի ներդրում կանի Թուրքիայում
Թուրքական մեդիա տիրույթում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հարավային Կորեայում իմպլանտների տեղադրմամբ զբաղվող ամենահայտնի ընկերությունը՝ «MegaGen»-ը, որոշում է կայացրել ներդրում կատարել Թուրքիայի առողջապահության ոլորտում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք լրագրողներն այս առիթվ հանդիպել են ընկերության տնօրեն, պրոֆեսոր Քվագ Բում Փարքի հետ:
«Թուրքիայի հետ ամուր կապ ունենք: Մենք արտասահմանում մեր առաջին ներդրումը որոշել ենք անել Թուրքիայում: Մեր ծրագրի համաձայն՝ ներդրումը կիրականացնենք որոշակի փուլերով, առաջին քայլով 15 մլն դոլար ենք ներդնելու, իսկ ընդհանուր առմամբ մեր նպատակը 5 տարում ներդրման ծավալը 100 մլն դոլարի հասցնելն է»,-ասել է Քվագ Բում Փարքը։
Բացի այդ, Թուրքիայում ներդրումներ են պլանավորում իրականացնել հարավկորեական այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «SK Group»-ը, «Posco»-ն, «GS Group»-ը, «Doosan»-ը և «Hyosung»-ը: