Ներքին գործերի նախարարությունն ապակիների լուսաթափանցելիությունը չափող 44.000 դրամանոց սարքը գնել է 285.000 դրամով
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Հաշվեքննիչ պալատը շարունակում է ներկայացնել «Ներքին գործերի նախարարությունում 2023 թվականի պետական բյուջեի ինն ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ» զեկույցը։
Հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանը ներկայացրեց ՆԳՆ-ում գնումների ժամանակ տեղի ունեցած գումարի վատման մի քանի դրվագներ, դրանցից մեկը վերաբերում էր ապակիների լուսաթափանցելիությունը չափող սարքերի գնմանը։
«Ոստիկանությունը նպատակ է ունեցել ձեռք բերել 195 հատ ապակիների լուսաթափանցելիությունը չափող միջոցներ՝ ընդամենը 55 մլն 570 հազար դրամ նախահաշվային արժեքով կամ մեկ հատը՝ 285 հազար դրամով։ Մասնակցության հայտ են ներկայացրել 6 ընկերություններ, որոնցից մեկն առաջարկել է հենց նախահաշվային գինը՝լումա առ լումա։ Իսկ հետագայում, քանի որ մասնակիցները շատ են եղել, սկսել են արժեքները նվազեցնել, նվազել են մինչև 63,3 տոկոս նախահաշվային արժեքից ցածր, այսինքն՝ կազմելով մինչև 24 մլն 400 հազար դրամ։ Մատակարարման պայմանագիրը կնքվել է «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ։
Այս մասով մենք արձանագրել ենք հետևյալը, որ կրկին ունեցել ենք ուսումնասիրություններ, թե մոտավոր ինչ արժեն այս սարքերը՝ նույն սարքը նույն արտադրողի կողմից բազմակի տեղերում վաճառվում է 125-160 դոլարին համարժեք դրամով, իսկ 10 և ավելի վաճառքի դեպքում դրանց առաջարկները չեն գերազանցում 108 դոլարին համարժեք դրամը, այսինքն՝ շուրջ 44 հազար դրամ։ Հիշեցնեմ, որ այս դեպքում մենք ունեինք նախահաշվային գին՝ 285 հազար դրամ»,- նշեց Հաշվեքննիչ պալատի անդամը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում