Ադրբեջանն ուզում է գինեգործական երկիր դառնալ. թիրախավորել են հայկական սորտերից «Արենի»-ն, «Խնդողնի»-ն
Նրա համառ աշխատանքի շնորհիվ է, որ հայկական խաղողի սորտերն անձնագիր ունեն: Իսկ, թե ի՞նչ է դա նշանակում, պարզել ենք կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բույսերի գենոմիկայի գիտական խմբի ղեկավար Քրիստինե Մարգարյանի հետ զրույցում:
– Մարդու գենետիկայից կտրուկ անցում եք կատարել բույսերի գենոմիկա: Ինչպե՞ս կայացվեց որոշումը և հետագայում ափսոսեցի՞ք, որ Ձեր ոլորտը կիսատ եք թողել:
– Այո, կտրուկ եղավ անցումը, որովհետև եկար ժամանակ զբաղվել էի մարդու գենետիկայով և իմ ասպիրանտական ատենախոսությունը պաշտպանել եմ գենետիկական թունաբանությունից: Եվ որոշումը կայացրեց իմ գիտական ղեկավարը՝ Ռուբեն Հարությունյանը: Սկզբում շատ դժվար էր ադապտացվելը, որովհետև տարբեր ոլորտներ էին, ես բույսերի, հատկապես խաղողի գենոմիկայից գիտելիքների բավարար պաշար չունեի: Գիտեի այնքանով, որքանով կարող է իմանալ կենսաբանը: Բայց այս տարիների ընթացքում երբևէ չեմ փոշմանել, ընդհակառակը, երախտապարտ եմ իմ ղեկավարին, ով ժամանակին ուղղորդեց, որովհետև երբ մենք սկսեցինք՝ հասկացանք, որ ոչինչ արված չէ: Պրակտիկորեն ամեն ինչ զրոյից ենք սկսել և հիմա բավական լավ արդյունքներ ունենք գրանցած:
– Իսկ այն, որ առաջինը Դուք էիք զբաղվելու այս գործով, ոգևորո՞ւմ էր, թե՞ ամեն դեպքում վախենում էիք պատասխանատվությունից:
– Իրավացիորեն պետք է նշեմ, որ ԵՊՀ գենետիկայի և բջջաբանության ամբիոնում դեռևս 1970-80-ական թթ. խաղողի բջջասաղմնաբանական ուսումնասիրությամբ զբաղվել էին, բայց ոչ գենետիկ մակարդակով: Իսկ գենետիկայով սկսեցինք զբաղվել 2-3 հոգով, հետո որոշեցի, որ իմ մասնագիտացումը պետք է ավելի շատ վերաբերի գենետիկ կենսաբազմազանության ուսումնասիրմանը, ապա՝ գենոմիկային: Դժվարություններից եթե վախենանք, որևէ արդյունք հնարավոր չի լինի գրանցել:
– ԽՍՀՄ տարիներին ինչո՞ւ ուշադրություն չեն դարձրել խաղողի սորտերի, այսպես ասենք, գենետիկ կոդի որոշման վրա:
– Ուշադրություն դարձրել են և այդ տարիներին 400-450 սելեկցիոն սորտեր են ստեղծվել, մեծ աշխատանք տարվել է հենց այդ տարիներին, բայց հետագայում տեխնոլոգիական, գենետիկայի, գենոմիկայի զարգացումը նպաստեց, որ ոչ միայն այդ, այլև մյուս ոլորտներում առաջընթաց գրանցվի, որն ուղղակիորեն պայմանավորված է տեխնոլոգիական գիտության նոր ճյուղերի զարգացմամբ:
– Ի՞նչ են ցույց տվել ձեր խմբի ուսումնասիրությունները. Հայաստանում երբվանի՞ց են զբաղվել խաղողագործությամբ:
– 2023թ. սկզբին շուրջ 4 տարի տևած մի մեծ նախագծի էինք մասնակցում, որը համախմբել էր աշխարհի 16 տարբեր երկրների, որոնք ունեին խաղողագործության և գինեգործության ավանդույթներ՝ սկսած Աֆղանստանից, վերջացրած Չինաստանով: Միջազգային պրոյեկտ էր, որը ֆինանսավորվեց Չինաստանի կողմից, և Հայաստանից մեր ինստիտուտն էր մասնակցում: Այդ ուսումնասիրության վերջնական արդյունքները ոլորտի համար իրոք հեղափոխական եզրահանգումներ արեցին: Եթե մինչ այդ կարծում էինք, որ տնայնացումը, այսինքն՝ վայրի ձևերից կուլտուրական խաղող առաջացել է հենց Մերձավոր Արևելքում՝ մոտավորապես 8000 տարի առաջ, ապա այս լայնամասշտաբ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Մերձավոր Արևելքին զուգահեռ՝ նաև մեր տարածաշրջանում և Հայաստանում խաղողի տնայնացումը տեղի է ունեցել 11.500-12.500 տարի առաջ, և այն կարևորագույն կենտրոնն ենք հանդիսանում, որտեղ առաջին անգամ տնայնացվել են գինու սորտերը, իսկ Մերձավոր Արևելքում՝ սեղանի և ոչ թե՝ գինեգործության համար պիտանի սեղանի սորտերը:
Դա շատ կարևոր գիտական մեծ նվաճում էր, որը միանգամից շատ գիտական կենտրոնների ուշադրությունը սևեռեց նաև դեպի Հայաստան: Արենիի քարանձավի հայտնաբերման մասին ևս հայտնի է, և փաստում ենք, որ ունենք շուրջ 6000 տարվա գինեգործական ավանդույթներ: Սակայն չկային գիտական տվյալներ, որոնք ցույց կտային, թե խաղողագործական ավանդույթներն ինչքան առաջ են տեղի ունեցել: Կարծում եմ, սա կարևոր ձեռքբերում է մեր երկրի համար:
– Հայկական խաղողի բոլոր սորտերը պահպանվա՞ծ են:
– Դրա հետ կապված՝ մենք հիմա խնդիր ունենք: ԽՍՀՄ տարիներին առաջին կոլեկցիոն այգին, որը հիմնադրվել է 1950թ. Մերձավանում, համաձայն գրական տվյալների՝ այնտեղ պահպանվել են 850-900 սորտ, որոնցից 450-ը եղել է տեղածին: Եվ 2016թ. մի նախագիծ իրականացվեց, որի հիմնական գաղափարն էր՝ հավաքել և վերատնկել, կոլեկցիոն այգի ստեղծել, որովհետև ԽՍՀՄ փլուզումից, հողերի սեփականաշնորհումից հետո կոլեկցիոն այգին իր սորտերով հանդերձ՝ իսպառ վերացել էր: Գիտնական Գագիկ Մելյանը հավաքագրեց 300-ին մոտ տարբեր գենոտիպեր։ Այժմ Էջմիածնի կոլեկցիոն այգում գտնվող բոլոր սորտերն անձնագրավորված են, տեղադրված են եվրոպական տվյալների բազայում, Չինաստանի գենետիկական խոշորագույն կենտրոնի տվյալների բազայում: ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ համատեղ մենք ստեղծեցինք նաև հայկական խաղողի սորտերի տվյալների առաջին բազան:
– Անձնագրավորում նշանակում է՝ մենք ապացուցել ենք, որ խաղողի սորտերը հայկական են, բայց մինչ այդ հայկական խաղողի սորտերն Ադրբեջանն էր սեփականաշնորհել: Ինչպե՞ս կարողացաք ապացուցել, որ իրենք սխալ են:
– Նրանք չունեն որևէ լուրջ գիտական ուսումնասիրություն, բայց իրենց ագրեսիվ քաղաքականության և այլևայլ գործոնների շնորհիվ բոլոր տվյալների բազաներում՝ սկսած «Արենի»-ից, վերջացրած «Մսխալի»-ով, «Խնդողնի»-ով, «Վարդաբույր»-ով, «Նարեկացի»-ով, որոնք զուտ հայկական անուններով են, իրենք ներկայացրել էին՝ որպես ադրբեջանական: Ինձ ուղարկել էին ադրբեջանական խաղողի սորտերի էջ, որտեղ ներկայացվածը խմբագրելուց հետո մնաց 37-ը, որ ադրբեջանական էր: Իսկ թե ինչպես ապացուցեցինք՝ բացառապես գիտական տվյալների հիման վրա: Եվ հիմա 363 խաղողի սորտ հայկական է ու գրանցված է եվրոպական տվյալների բազայում:
– Գիտության մեջ կեղծիք ներկայացնելու համար չե՞ն պատժվում:
– Դժվար հարց էր: Չեն պատժվում, բայց պետք է շատ համառ լինես՝ ապացուցելու համար, որ՝ քո տվյալները սուտ են: Իրենք ակտիվ շարունակում են բոլոր հնարավոր ուղիներով պայքարել, որովհետև որոշել են, որ ուզում են գինեգործական երկիր դառնալ: Թիրախավորել են «Խնդողնի»-ն, օրինակ՝ «Արենի»-ն «Մելերի» են կոչում։ Իմ աշխատանքի հիմնական նպատակներից մեկն այն է, որ այս ոլորտում մարդիկ սկսեն օգտագործել բացառապես հայկական ճիշտ անուններ, և եթե կան անուններ, որ ԽՍՀՄ տարիներին, երբ ժողովուրդները միասին են ապրել, ու մեր խոսույթում հաճախ օգտագործել ենք ոչ հայկական ծագմամբ անուններ, պետք է չօգտագործենք, քանի որ իրենք դրանից են կառչում ու թիրախավորում: Նոր գիրք ենք պատրաստվում հրատարակել, որը գուցե խաղողագործների, գինեգործների համար տարօրինակ լինի, որովհետև իրենց ականջին սովոր անուններն իսպառ բացակայելու են: Ցանկացած բան, որը չունի հայկական ծագում՝ գրքում չի ներառվելու: Պետք է փորձենք խոսել բացառապես հայերեն, սորտերն անվանակոչել միայն հայկական անուններով:
– Խաղողագործների, գինեգործների հետ հեշտորե՞ն եք լեզու գտնում, թեկուզև անվանումները ճիշտ ներկայացնելու առումով։
– Շատ ուրախ եմ, որ 2016 թվականից սկսեցինք ակտիվ համագործակցել նաև Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ, որը դարձավ հենց այդ միջնորդը՝ փորձելով մեր կողմից գեներացված գիտական տվյալներն ավելի հասանելի լեզվով վերադարձնել գինեգործներին, խաղողագործներին։
– Խոսենք գիտություն և բիզնես կապի մասին։ Ի տարբերություն այլ երկրների, որտեղ բիզնեսմենները կարող են տարիներով սպասել գիտական արդյունքի, մեզ մոտ այդպես չէ։ Ի՞նչ պետք է անել, որ մտածելակերպը փոխվի։
– Կարծում եմ, որ այս վերջին տարիներին բիզնես ոլորտում այդ կարծրատիպը մի քիչ կոտրվում ու փոխվում է։ Գիտության մեջ ներդրում անել ու արդյունք ակնկալել՝ դա 1-3 տարվա խնդիր չէ, երկարատև ժամանակ է պահանջվում։ Իմ ոլորտում ես 1 տարում չեմ կարող գեներացնել այնպիսի տվյալներ, որը կբավարարի բիզնես ոլորտի ինչ-որ ներկայացուցիչների պահանջներ։ Հատկապես, եթե բույսերի հետ ես աշխատում, անգամ հոդված գրելն է ժամանակատար։ Ես երեք տարի ակտիվ պետք է աշխատեմ, որ մեկ հոդված գիտական լավ ամսագրում կարողանամ տպագրել։ Քո աշխատանքի արդյունավետությունը պայմանավորված է կլիմայական գործոններով ու նրանով, թե ինչպես բույսն իրեն «կդրսևորի» կոնկրետ պայմաններում։ Գիտություն-պետություն-բիզնես շղթան շատ դանդաղ է աշխատում։
– Կա՞ խաղողի սորտ, որը գինեգործության մեջ պետք է կիրառվի, բայց մեզ մոտ չեն օգտվում դրանից։
– Դա լուրջ ու կարևոր խնդիրներից է։ Խնդիրն այն է, որ ոչ թե չկան սորտեր, կամ մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, այլ ամբողջ խնդիրն այն է, որ կա ինֆորմացիայի պակաս։ Չգիտեն, թե ինչ սորտեր կան։ Այս տարի Խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հետ որոշեցինք գինեգործներին հրավիրել կոլեկցիոն այգի, որովհետև սորտերը պետք է ոչ միայն պահպանվեն, այլև կիրառվեն։ Մենք պահպանում ենք գինեմետ պոտենցիալով օժտված բազմաթիվ սորտեր։ Ուրախ եմ, որ կա երիտասարդ գինեգործների ակտիվ խումբ, և այս տարի լայն ճանաչում չունեցող մի քանի սորտ փորձարկումների փուլում է գտնվում։ Մենք եզակի երկիր ենք՝ բազմազանության առումով։ Շատ կարևոր է, որ մեր լուրջ գինեգործական ընկերությունները սկսել են ուշադրություն դարձնել մեր հին, մոռացված սորտերին, որովհետև, ինչպես ես հաճախ ասում եմ՝ աշխարհը չենք կարող գրավել ոչ մեր արտադրած գինու քանակով, ոչ արտահանված խաղողի քանակով, և բրենդինգ անելու միակ ուղին դա քո ունիկալ սորտերի բրենդավորումն է։ Ունենք ունիկալ սորտեր, որոնից կարելի է պատրաստել ունիկալ գինիներ։
Նշեմ, որ այս տարիների ընթացքում գտել ենք շուրջ 120 սորտ, որոնք դեռևս անանուն են, և մենք հասկացանք, որ մեր կենսաբազմազանությունն իրոք շատ մեծ է, ավելին է, քան մեր ունեցած տվյալները՝ թե 850 սորտ ենք ունեցել։ Մենք գտել ենք շատ հին այգիներ, որոնք մինչև 120 տարեկան են, ու հայտնաբերել ենք ունիկալ գենոտիպերը։
Ամենահին տեղածին սորտերից է «Թոզոտ»-ը, և հիմա գինեգործական ընկերություններից մեկը որոշել է գինի պատրաստել։ Համտես էին կազմակերպել, որպես սորտն անձնագրավորած մարդ՝ ես ևս հրավիրված էի, բայց, քանի որ գինի չեմ խմում, չէի կարող գնահատական տալ, սակայն կողքից կարծիքները շատ ոգևորող էին։
– Պարզվեց՝ գինի չեք սիրում, ես էլ ուզում էի հարցնել՝ այդքան ոլորտն ուսումնասիրել եք, ցանկություն չի՞ առաջացել խաղողագործությամբ կամ գինեգործությամբ զբաղվել։
– Չէ, կարծում եմ, լավ կլինի, որ մեր երկրում յուրաքանչյուրն իր գործով զբաղվի։ Ես խաղողագործ չեմ, գինեգործ չեմ, ընդամենը գենետիկ եմ, ով փորձում է ինչ-որ կերպ իր գիտելիքները ծառայեցնել այդ ոլորտների զարգացմանը։
– Ուսումնասիրությունները հիմնականում ՀՀ-ո՞ւմ եք կատարում, թե՞ դրսում։
– Գիտական կենտրոնների նյութատեխնիկական բազայի բացակայությունը հատկապես 10 տարի առաջ քեզ սահմանափակում էր, և այդ տիտանական աշխատանքը՝ մոլեկուլային գենետիկական մասը, իրականացրել եմ Գերմանիայի մեր գործընկերների հետ համատեղ։ Ուրախ եմ նշել, որ մեր ինստիտուտն այս տարի վերջապես ստացավ սեկվենատոր (ԴՆԹ սեկվենատոր կամ գենետիկական անալիզատոր)։ Գիտության կոմիտեն պարբերաբար մրցույթներ է հայտարարում և, եթե դու ակտիվ գիտնական ես ու իսկապես ուզում ես գործ անել, ապա դա շատ լավ ռեսուրս է՝ փորձել կոմիտեի աջակցությամբ ինչ-որ մի բան տեղից շարժել։ Շատ լավ կլիներ, որ ունենայինք պետական այնպիսի մոտեցում, որ գիտության դերը գերկարևորվեր, բայց այստեղ կարևոր է նաև գիտնականի մոտիվացիան, որովհետև եթե դա չկա, մի քանի միլիոն էլ տան, մոտիվացիան չի ավելանալու։
– Գիտնականները հաճախ են դժգոհում «Պետական գնումների մասին» օրենքից՝ նշելով, որ դա բարդացնում է լավ սարքավորում ձեռք բերելը։ Օրինակ, ի՞նչ խոչընդոտների եք հանդիպում։
– Ես երևի ամենաակտիվ դժգոհողներից կլինեմ։ Ինձ թվում է՝ պետք է մշակել այլ գործիքներ, որևէ կերպ առանձնացնել գիտության համար կատարվող գնումները։ Խոչընդոտները բազմաթիվ են՝ սկսած ժամկետից։ Դու կարող ես 6-8 ամիս սպասել, որ նյութը տեղ հասնի։ Ստիպված ես լինում 2-3 անգամ թանկ վճարել նույն նյութի և սարքավորման համար, ինչպես նաև ստիպված երկար ժամանակ սպասում ես։ Հաճախ ստանում ես ոչ այն նյութը, որը քեզ պետք էր, որովհետև կարող է ինչ-որ կազմակերպություն ավելի էժան տարբերակ առաջարկի, շահի ու բերի ոչ թե այն ֆիրմայից, որից պետք էր։ Օրինակ, ինձ կոնկրետ ֆիրմաների կոնկրետ նյութեր են պետք՝ լավ արդյունք գրանցելու համար։ Նման նախադեպեր ունեցել եմ, երբ եկել է սարք, որը 2 տարի է՝ լաբորատորիայում դրված է, որովհետև չեմ օգտագործում, քանի որ դրանով խաղողի լավ հիմքով ԴՆԹ հնարավոր չէ անջատել։ Պետք է փորձեն լուծել այդ հարցը։
– Ֆինանսավորում ստանում եք մեկ՝ Չինաստանից, մեկ՝ Գերմանիայից, բայց մեր պետությանը գիտությունը չի՞ հետաքրքրում, պետական պատվեր չի՞ իջեցվում։
– Պետական պատվեր չի իջեցվում։ Կարծում եմ, դա մոռացված ավանդույթ է, որն աշխատել է ԽՍՀՄ տարիներին։ Օրինակ՝ մեզ պատվիրեին սեկվենավորել կամ անձնագրավորել Վայոց ձորի սորտերը․․․ ինքներս ենք նախաձեռնել։ Գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող նախագծեր ունեմ, բայց այն միանշանակ զիջում է միջազգային նախագծերի ֆինանսավորմանը, որոնք քեզ ավելի շատ հնարավորություններ են տալիս, այդ թվում՝ իրենց սարքավորումներն օգտագործելը, որն արագացնում է քո աշխատանքի համար պահանջվող ժամանակը, ինչպես նաև շատ ավելի լավ որակի տվյալներ կարելի է գեներացնել։ Բայց Գիտության կոմիտեի ակտիվ աշխատանքն անտեսել ու չողջունել չի կարելի։ Իրենք հիմա էլ առաջարկում են ծրագրեր՝ բավական բարձր ֆինանսավորմամբ։
– Որքանո՞վ մեր գիտության զարգացմանը կնպաստի «Ակադեմիական քաղաք»-ը։
– Գերմանիայում ես շանս ունեցել եմ աշխատելու, այսպես կոչված, կամպուսային քաղաքում։ Կոմֆորտի տեսակետից շատ հաճելի էր։ Միտքը լավն է, բայց թե ինչպե՞ս հասնենք դրան՝ չքանդելով առանց այդ էլ շատ երերուն մեր գիտակրթական համակարգը, գիտության ոլորտի իմ գործընկերների մտահոգությունը դրա հետ է կապված։ Միշտ քանդելը շատ ավելի հեշտ է, քան կառուցելը։
– Քանի որ 2026թ․ արդեն պարտադիր ատեստավորում են անցնելու նաև գիտնականները, դա ի՞նչ կփոխի գիտնականի կյանքում։ Շատերն արդեն դժգոհում են՝ ասելով, որ դժվար է տարեկան 4 հոդված գրել։
– Կարծում եմ, որոշ կետեր պետք է վերանայվեն։ Ես անցած տարի 4 հոդված գրել եմ, բայց այն դեպքում, որ նախորդ 3-4 տարին շատ տանջալի աշխատանք է իրականացվել։ Կարծում եմ, կախված ոլորտից, պետք է որոշակի նորմավորում անեն։ Եթե IT ոլորտում հեշտ է կարճ ժամանակահատվածում հոդված գրել, ապա մարդիկ, ովքեր աշխատում են բույսերի հետ, նրանց դեպքում դա ավելի բարդ է։ Մարդու գենետիկայի ոլորտում եթե աշխատես՝ այնտեղ կան շատ գիտական ամսագրեր՝ բարձր ազդեցության գործակցով, իսկ, օրինակ, բույսերի գենետիկայի ոլորտում քիչ են հոդվածները, ազդեցության գործակիցը։ Իսկ ատեստավորմանը, որ ասեմ՝ բացասական եմ վերաբերվում, ապա՝ ոչ, որովհետև ինչ-որ կերպ ինքդ քեզ ես ուզում ստուգել, թե արդյո՞ք համապատասխանում ես որոշակի կրետերիայի։ Անպայման նորմավորում պետք է լինի՝ ըստ ոլորտների, ենթաոլորտների։ Մենք մի հոդվածում 450 սորտ ենք ընդգրկում, մյուսում՝ 200, և այդքան շատ սորտերի հետ աշխատելու համար մեզ 3-4 տարի է անհրաժեշտ լինում։
Մանրամասները՝ տեսանյութում