Ո՞րն է ֆերմերների ըմբոստացման պատճառը ԵՄ-ում

Շարունակվում են ԵՄ երկրների ֆերմերների զանգվածային բողոքի ցույցերը: Դեռևս անցած տարվա գարնանը լեհ ֆերմերներն առաջինը դուրս եկան փողոց և փակեցին իրենց երկրի սահմանները: Այնուհետև ֆերմերների բողոքի ցույցերը տարածվեցին ԵՄ այլ երկրներում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և այլուր:

Այդ երկրներում ֆերմերները փողոց դուրս եկան համախմբված և գյուղատնտեսական արհմիությունների կողմից կազմակերպված, իրենց տրակտորներով, դրոշներով, պլակատներով, միատեսակ արտահագուստով:

Ֆերմերները տրակտորներով փակում էին երկրի հիմնական մայրուղիները, փողոցները, մասնավորապես՝ Գերմանիայի քաղաքների փողոցներում ֆերմերները գոմաղբ էին շաղ տալիս, Ֆրանսիայի քաղաքները ողողված էր խոտի հակերով, որոշ տեղերում նրանք վառում էին խարույկներ, ճանապարհների եզրերին այրում խոտի դեզեր:

Իսկ ի՞նչն էր պատճառը

Կարդացեք նաև

Իրականում, ԵՄ ֆերմերները տարիներ շարունակ բազմաթիվ պարտքեր են կուտակել, ճնշված են եղել մանրածախ առևտրով զբաղվողների և ագրոքիմիական ընկերությունների կողմից, տուժել են էքստրեմալ եղանակի և դրսից էժան ներկրումների պատճառով, ու բոլորն էլ իրենց հույսը դրել են խոշոր խաղացողների և պետական ձեռնտու սուբսիդավորման համակարգի աջակցության վրա:

Մասնավորապես, լեհ ֆերմերները բողոքում են գյուղատնտեսական նյութատեխնիկական միջոցների գների թանկացման, հարկերի և բնապահպանական ԵՄ նոր կանոնակարգերի (այսպես կոչված, «Կանաչ գործարք» ծրագրի, որը ներառում է նաև գյուղատնտեսական արտադրության հիմնարար բարեփոխումները) դեմ, ինչպես նաև Ուկրաինայից էժան գյուղատնտեսական ապրանքների և սննդամթերքի ներմուծման թույլտվության և սահմանափակումների դեմ։

Շրջափակման սկսվելուց մի քանի օր անց լեհ ցուցարարները մի քանի բեռնատարներից ուկրաինական հացահատիկ են նետել անմիջապես գետնին, որը հանգեցրել է Ուկրաինայի կտրուկ արձագանքին:

Այս առումով Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ափսոսանք է հայտնել Լեհաստանում ֆերմերների կողմից ուկրաինական հացահատիկը գետնին թափելու կապակցությամբ, բայց միաժամանակ նա պաշտպանել է ցուցարարների կողմից բողոքի ցույց անելու իրենց իրավունքը: Նա նշել է, որ Լեհաստանը ժողովրդավարական երկիր է, և Լեհաստանում ոչ ոք չի կարող հարձակվել այն մարդկանց վրա, ովքեր խաղաղ բողոքում են և պաշտպանում են իրենց շահերը: Նա ֆերմերների բողոքն անվանել է օրինական:

Նա ավելացրել է նաև, որ կա որոշակի շահերի բախում Ուկրաինայում ֆերմերների և գյուղմթերք արտադրողների միջև, իսկ լեհ ֆերմերները պարզապես վախենում են իրենց գոյության և գյուղացիական տնտեսությունների համար, ֆերմերներն ունեն նաև վարկեր, որոնք պետք է մարվեն, ունեն ընտանիքները պահելու խնդիր, ունեն նաև ծախսեր՝ կապված իրենց ֆերմաների տնտեսությունների գործունեության հետ:

Դուդան ընդգծել է նաև, որ Լեհաստանում գյուղատնտեսական արհմիությունները գործում են Լեհաստանի իշխանություններից անկախ, և իրենք չեն կարող միջամտել սահմանն արգելափակելու նրանց որոշումներին։

Լեհաստանի գյուղատնտեսության և գյուղի զարգացման նախարար Չեսլավ Սեկիերսկին ներողություն է խնդրել թափված հացահատիկի համար, սակայն նշել է, որ թեև դա բողոքի լիովին համարժեք ձև չէ, ֆերմերները շատ ծանր տնտեսական վիճակում են գտնվում։

Նա նշել է նաև, որ շուտով կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները, իսկ ֆերմերները փող չունեն պարարտանյութ ու բույսերի պաշտպանության միջոցներ գնելու համար, որի համար դժվար է չհասկանալ նրանց հուսահատությունը:

Լեհաստանի նախագահի մոտեցումներն իրոք ժողովրդավարության դրսևորումներ են, որ հարիր է ԵՄ ժողովրդավար երկրին: Նա գերադասում է իր երկրի քաղաքացիական հասարակության (տվյալ դեպքում՝ ֆերմերների) իրավունքները և շահը, կանգնում նրանց կողքին, պաշտպանելով իր երկրի բնակչության պարենային անվտանգությունը:

Թե ինչպե՞ս կհանգուցալուծվեն ԵՄ երկրների ֆերմերների բողոքի ցույցերը, և արդյոք Լեհաստանի նախագահի վարքագիծն օրինակ կծառայի՞ ԵՄ այլ երկրների առաջնորդների համար, առայժմ չենք կարող ասել, սակայն հստակ կարող ենք ասել հետևյալը՝ մի ուրվական է շրջում Եվրոպայում, դա ֆերմերների ապստամբության ուրվականն է, որն անակնկալի է բերել ԵՄ քաղաքական առաջնորդներին:

Սարգիս Սեդրակյան

Տեսանյութեր

Լրահոս