Որոշակի ռիսկեր կան. հայ-իրանական հարաբերությունները պետք է արագ ու որակով փոխվեն ռազմավարականի. Վարդան Ոսկանյան

«France 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը սառեցրել է անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ)։

«Մեր կարծիքով՝ հավաքական անվտանգության պայմանագիրը Հայաստանի նկատմամբ կյանքի չի կոչվել, հատկապես՝ 2021-2022 թվականներին։ Սա չէր կարող վրիպել մեր ուշադրությունից։ Մենք «սառեցրել» ենք մեր անդամակցությունն այս պայմանագրին։ Տեսնենք՝ ինչ կլինի հետո»,- ասել է Նիկոլ  Փաշինյանը։ .

Ի՞նչ դիրքորոշում ունի Իրանն այս քայլի վերաբերյալ, և այս ամենը ինչպե՞ս կարող է ազդել հայ-իրանական հարաբերությունների վրա։

168.amի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն ասաց՝ ակնհայտ է, որ իրանցիներն իրենց հարաբերությունները Հայաստանի հետ տեսնում են առաջին հերթին երկկողմ ձևաչափում, և ՀԱՊԿ-Իրան հարաբերությունների համատեքստում Հայաստանը դերակատարություն չունի։

Կարդացեք նաև

«Այլ հարց է, որ ՀԱՊԿ-ն սերտորեն, եթե ոչ՝ ուղղակիորեն, անթաքույց առնչվում է նաև ԵԱՏՄ-ի հետ, իսկ ԵԱՏՄ-Իրան հարաբերությունների համատեքստում իրանցիները տեսնում են որպես կարևորագույն հարթակ ու կապող օղակ։ Այսինքն՝ այս հարթության մեջ մենք ունենք Իրան-Հայաստան երկկողմ հարաբերություններ և ԵԱՏՄ-Իրան հարաբերություններ, որտեղ ըստ իրանցիների՝ Հայաստանն ունի կարևորագույն դերակատարություն։

Ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների փոփոխությունները չեն կարող չազդել ԵԱՏՄ-ի հետ ունեցած Հայաստանի հարաբերությունների վրա»,- նշեց Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ այս իմաստով բնական է, որ որոշակի ռիսկեր առաջանում են։ Ռիսկերից մեկը, որը կարող է առաջ գալ՝ ՆԱՏՕ-ական դաշինքի հետ Հայաստանի համագործակցության հնարավոր ընդլայնումն է։

«Ակնհայտ է, որ առայժմ նման ազդակներ չկան նույնիսկ ՆԱՏՕ-ի կողմից, բայց այդուհանդերձ Իրան-հավաքական իմաստով Արևմուտք հարաբերությունները լարված են։ Նույնիսկ Եվրամիության դիտորդների ներկայությունը Հայաստանում, իրանական կողմը ենթադրում է, որ դա ՆԱՏՕ-ական է, այլ ոչ թե ԵՄ դիտորդական առաքելություն։ Հետևաբար՝ այստեղ էլ կարող են որոշակի ռիսկեր ի հայտ գալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ այս ամբողջ գործընթացի ամենակարևոր հանգամանքը հայ-իրանական հարաբերություններն է, որ պետք է հնարավորին  արագ ու որակյալ կերպով փոխվեն ռազմավարականի։

«Ակնհայտ է, որ այս տարածաշրջանում Իրանը փաստացի գերտերության կարգավիճակ ունի։ Եթե Իրան-Ռուսաստան-Հայաստան՝ հյուսիս-հարավ այս աշխարհաքաղաքական առանցքի համատեքստում Իրանն իրեն տեսնում է, ապա  ՆԱՏՕ-ի հետ համագործակցության համատեքստում, ակնհայտ է, որ իրանցիներն իրենց չեն տեսնում։ Ուստի,  անկախ ամեն ինչից, ամենակարևոր խնդիրը, որը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում պիտի լինի մեր ուշադրության կենտրոնում՝ հայ-իրանական երկկողմ հարաբերություններին ռազմավարական բնույթ հայտնելն է։ Թե որքանով դա առաջ կտարվի կամ առաջ է տարվում, դժվար է ասել, բայց այսուհանդերձ պետք է ձևակերպենք տեսլականը, որպեսզի դրան ընդառաջ քայլեր արվեն»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Տեսանյութեր

Լրահոս