Ահազանգ տնտեսվարողներից՝ անհայտ ծագման ծաղիկների խմբաքանակի հետ ներմուծված վնասատուների մասին. պարզաբանումներ ՍԱՏՄ ղեկավարից
168.am-ն օրերս տեղեկություն էր ստացել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից ու Թուրքիայից Հայաստան է ներմուծվել անհայտ ծագման ծաղիկների խմբաքանակ, որը չի անցել համապատասխան բուսասանիտարական փորձաքննություն: Ավելին, անխոչընդոտ տեղաշարժը տնտեսվարողների համար հիմք է հանդիսացել շատ ավելի մեծ խմբաքանակի ներմուծման՝ մինչդեռ ծաղկավաճառներն անգամ անզեն աչքով նկատում են ներմուծված ծաղկի վրա առկա վնասատուները: Տնտեսվարողները լուրջ մտավախություն ունեն, որ վերջիններս էական վնաս կարող են հասցնել հայաստանյան ջերմոցներին, որոնք ներմուծված վնասատուների պատճառով հայտնվել են ծանր իրավիճակում:
Մենք գրավոր հարցմամբ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանից փորձեցինք ճշտել, թե՝
- վերջին 1-3 ամսվա կտրվածքով՝ ո՞ր երկրի և ի՞նչ ծագման ծաղիկներ են ներմուծվել Հայաստան,
- ե՞րբ և որտե՞ղ են ենթարկվել բուսասանիտարական փորձարկման,
- և արդյո՞ք միայն արտաքին շերտի զննմամբ բավարար է պարզել ամբողջ մեքենայում կարանտինային վնասատուների առկայությունը,
- արդյոք առկա՞ է տեղեկություն սպասվող նոր խմբաքանակների առնչությամբ:
Ի պատասխան՝ ՍԱՏՄ-ից մասնավորապես տեղեկացրել են, որ 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն են ներմուծվել բելգիական, եթովպիական, թուրքական, իսպանական, իրանական, կոլումբիական, հարավաֆրիկական, մալազիական, նիդեռլանդական, ռուսական, սուրինամական, վրացական և քենիական ծագմամբ թարմ կտրած ծաղիկներ հետևյալ երկրներից՝ Էկվադոր, Իրան, Նիդեռլանդներ, ՌԴ, Վրաստան։
Բուսասանիտարական փորձարկման մասին մեր հարցադրմանն արձագանքելով էլ՝ ՍԱՏՄ ղեկավարը մանրամասնել է. «Բոլոր երկրներից ներմուծված թարմ կտրած ծաղիկները ներմուծվել են արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրամադրված բեռի անվտանգությունը հավաստող բուսասանիտարական սերտիֆիկատով։ Սահմանային պետական վերահսկողության ժամանակ ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) աշխատակցի կողմից իրականացվել է բեռի ակնադիտական զննում։ Անհրաժեշտության դեպքում իրականացվել է լաբորատոր փորձաքննություն»:
Միայն արտաքին շերտի զննմամբ ամբողջ մեքենայում կարանտինային վնասատուների առկայությունը պարզելու մասին մեր հստակեցմանն էլ անդրադառնալով՝ ՍԱՏՄ-ից արձագանքել են, որ ՀՀ տարածք ներմուծվող բեռներում կարանտին օրգանիզմների հայտնաբերումը իրականացվում է կարանտին բուսասանիտարական հսկողության միջոցով, որը կարգավորվում է ՄՄ Հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի N318 որոշմամբ։
«Համաձայն վերոնշյալ որոշման 4․3 կետի` ներմուծված խմբաքանակում կատարվում է բեռի զննում, իսկ 4․3․1 կետով սահմանված է, որ զննման ժամանակ լիազորված մարմնի պաշտոնատար անձն առանց փաթեթվածքը և տարան բացելու իրականացնում է ապրանքի տեսողական/ակնադիտական զննում։
4․3․3 կետի համաձայն, ապրանքի զննման ժամանակ դրա մակերևույթին, տարայի և (կամ) փաթեթվածքի մեջ կարանտինային օբյեկտներին մորֆոլոգիական հատկանիշներով նման օրգանիզմների, բույսերի հիվանդությունների ախտանիշների, կարանտին օբյեկտներով վնասման նշանների հայտնաբերման դեպքերում, իրականացվում է ապրանքի ստուգազննում։
Ապրանքի ստուգազննման դրույթը սահմանված է վերոնշյալ որոշման 4․4 կետով, համաձայն որի` դա գործողություն է, որի շրջանակներում իրականացվում է ապրանքի տեսողական/ակնադիտական զննում, որն ամբողջությամբ բեռնաթափված է տրանսպորտային միջոցից կամ այնպես է տեղադրված տրանսպորտային միջոցում, որ լիազոր մարմնի պաշտոնատար անձը հնարավորություն ունենա զննելու ապրանքի խմբաքանակի ցանկացած մաս և հնարավորություն ունենա նմուշներ (փորձանմուշներ) վերցնելու ապրանքի խմբաքանակի տարբեր մասերից։ Այս գործողության շրջանակներում իրականացվում է նմուշառում և լաբորատոր փորձաքննություն և միայն լաբորատոր փորձաքննության արդյունքում է պարզվում կարանտին օրգանիզմներով վարակվածությունը»,- պարզաբանել է կառույցը:
Տեսչական մարմինը սպասվող նոր ներմուծվող խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվություն չունի: