Ծխախոտի ապօրինի առևտրի վերացումը տարեկան 47,4 միլիարդ դոլար կբերի երկրներին. ԱՀԿ
Աշխարհում ծխախոտի ապօրինի առևտրի վերացումը պետություններին թույլ կտա 47,4 միլիարդ դոլարով ավելացնել հարկային եկամուտները: Այժմ ապօրինի առևտրին բաժին է ընկնում ծխախոտի արտադրանքի շուկայի 11 %-ը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ):
ԱՀԿ-ն նշել է, որ Ծխախոտային արտադրանքի ապօրինի առևտրի վերացման արձանագրության կողմերի երրորդ նստաշրջանը, որը տեղի է ունեցել Պանամայում փետրվարի 12-ից 14-ը, ձեռնարկել է «վճռական միջոցներ»՝ կասեցնելու խախտումները, որոնք «վնաս են հասցնում մարդկանց առողջությանը» և կառավարություններին զրկում բյուջեի դրամական մուտքերից, որոնք «կարող են օգտագործվել առողջապահության բնագավառում նախաձեռնությունների ֆինանսավորման համար»:
ԱՀԿ-ի գնահատումներով՝ ապօրինի առևտրին բաժին է ընկնում «ծխախոտի միջազգային շուկայի 11 %-ը, և դրա վերացումը թույլ կտա ներգրավել տարեկան 47,4 միլիարդ դոլարի համաշխարհային հարկային դրամամուտքեր»:
Արձանագրության 56 կողմերի և դրան ոչ մասնակից 27 պետությունների ներկայացուցիչները նստաշրջանում քննարկել են «հարցեր մի ամբողջ շարք»՝ այդ փաստաթղթի դրույթների իրականացման առաջընթացից մինչև «ծխախոտի դեմ պայքարի կայուն ֆինանսավորումը»: Նրանք ընդունել են Պանամայի հռչակագիրը, որով կառավարություններին կոչ է ավում «զգույշ լինել ծխախոտի արդյունաբերության շարունակական փորձերից՝ կանխելու ապօրինի առևտրի վերացումը»:
Արձանագրությունն ուժի մեջ է մտել 2018 թվականին: Այն նպատակաուղղված է ծխախոտի արտադրանքի ապօրինի առևտրի բոլոր ձևերի վերացմանը՝ միջոցառումների փաթեթի միջոցով, որոնք երկրների կողմից պետք է ձեռնարկվեն միմյանց հետ համագործակցությամբ: