Նրանք պատեհ գեոպոլիտիկ իրավիճակի են սպասում` իրենց հարցերի լուծմանը հասնելու համար. Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիան համարում է թշնամու կողմից փորձարկում-ուսումնասիրություն, թե հայկական կողմն ինչպես կարձագանքի հերթական սահմանային սադրանքին ու դրանից կախված՝ գծում է իր քայլերի հաջորդականությունը:

Արդյոք սա նոր լայնածավալ ագրեսիայի սցենարի մի մա՞սն էր՝ 168.am-ի հարցին ի պատասխան՝ փորձագետը մանրամասնեց. «Թե ինչ սցենարային զարգացումներ կարող են տեղի ունենալ, մեծ հաշվով, կախված է նաև հայկական կողմից, նրա պատասխանից: Ցավոք սրտի, հայկական կողմն, ինչպես միշտ՝ վախվորած է, կաշկանդված համարժեք պատասխան տալու առումով, ինչն էլ հենց պետք է Բաքվին:

44-օրյա պատերազմից հետո մեկ անգամ չէ, որ ադրբեջանական կողմը դիմել է էսկալացիայի ու իր առջև դրած խնդիրները կատարել է: Ե՛վ 2021թ., և՛ 2022թ. ընթացքում ադրբեջանական զորքերը օկուպացրել են ՀՀ շուրջ 200 քկմ տարածք, գրավել ռազմավարական և ստրատեգիական կարևոր բարձունքներ, և հետևելով նաև Ալիևի ուղերձներին ու հայտարարություններին՝ կարելի է ասել, որ մեծ վտանգ ու հավանականություն կա, որ ադրբեջանական կողմը կարող է է՛լ ավելի խորանալ ու մխրճվել հայկական սահմանների մեջ:

Ալիևն է անընդհատ հայտարարում, որ իրենք իրենց ձեռքում պետք է այնպիսի բարձունքներ ունենան, որ իրենց աչքով տեսնեն, թե ինչ են ծրագրում հայերը: Այդ իսկ տրամաբանությամբ՝ ադրբեջանական կողմը տարբեր պատճառաբանություններով, պատրվակներով կարող է և՛ լոկալ մարտական առաջադրանքներ կատարել՝ նոր բարձունքների տիրանալու, և՛ ռազմական գործողությունների մասշտաբները մեծացնել՝ միջանցքի հարցը լուծելու համար:

Կարդացեք նաև

Ուղղակի նրանք պատեհ գեոպոլիտիկ իրավիճակի են սպասում իրենց հարցերի լուծմանը հասնելու համար»:

Հիշեցնենք՝ Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ: Սրան նախորդել էր ադրբեջանական կողմի հաղորդագրությունը, թե «հայկական կողմից է եղել սադրանք»։

Շիրազ Խաչատրյանն, արձագանքելով ՀԱՊԿ-ի՝ հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության սրման մեծ հավանականության մասին կանխատեսման վերաբերյալ մեր դիտարկմանը, արձանագրեց, որ նման կանխատեսումներ են արվում ոչ միայն ՀԱՊԿ կողմից, այլև միջազգային վերլուծական տարբեր կենտրոնների:

«Այլ հարց է, թե ինչ մեսիջներ է հղում ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն իր վերջին հայտարարություններում. ՀԱՊԿ միացյալ շտաբի պետը հավաքական Արևմուտքին մեղադրում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա ազդելու փորձերի համար՝ իր հնարավոր վատ զարգացումներով:

Այս պարագայում ավելի շատ Հայաստանը պետք է առավել հասկանալի խաղա, որքան էլ դեմարշ կատարվի ՀԱՊԿ ուղղությամբ. անհրաժեշտ է ներդնել բոլոր դիվանագիտական ջանքերը ադրբեջանական կողմի ճնշումներին դիմադրելու, նաև գեոպոլիտիկ տերությունների համար ընկալելի լինելու, նրանց հետո համագործակցելու առումով: Դիվանագիտական գործոնը շատ կարևոր է քո շահերը պաշտպանելու ու առաջ տանելու համար: Այդ իսկ պատճառով նույնիսկ փոքր, չնչին գործիքակազմը կարևոր է ադրբեջանական կողմի քմահաճույքները զսպելու տեսանկյունից:

Բայց երբ հայկական կողմը հրաժարվում է միջնորդավորված բանակցություններից, հրաժարվում է ՀԱՊԿ կամ մեկ այլ կազմակերպության ներսում գտնվելու և դրանից թեկուզ չնչին օգուտներ քաղելու հնարավորությունից, շարժվում է Ադրբեջանի թելադրած երկկողմ բանակցությունների օրակարգով, ապա ընդհանուր պատկերը առավել քան տխուր է»,- հավելեց նա:

Ամերիկյան կողմի և հավաքական Արևմուտքի արձագանքները կարո՞ղ են զսպել ադրբեջանական ագրեսիան՝ մեր հարցադրմանն ի պատասխան էլ՝ փորձագետը նկատեց, որ դրանք կարող են արդյունավետ լինել, եթե չլինեն ձևական ու չկրեն դեկորատիվ բնույթ:

«Վերջին թարմ օրինակը բերեմ. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարում է, թե հայկական կողմից ադրբեջանցի զինվորների ուղղությամբ կրակոցների արձակումը ցավալի էր, բայց Ադրբեջանն անհամաչափ է արձագանքել։ Փոխանակ Ադրբեջանին հստակ մատնացույց անելու, խիստ դատապարտելու խոսքեր հնչեցվեն՝ ԵՄ-ն, նաև ԱՄՆ-ը ամեն անգամ աչք են փակում Ադրբեջանի գործողությունների վրա»,- նշեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա՝ Բաքուն Անկարայի հետ ներդաշնակ է համագործակցում, և գոնե այս պահին Թուրքիան և Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողությունների ռիսկերը, դրանց հետևանքներն իրենց վրա լավ հաշվարկում են:

«Նախ ադրբեջանական բանակը դեռևս վերականգնման փուլում է, երկրորդ, նրանք դեռևս չեն մարսել Արցախի հայաթափման ամբողջ գործընթացը: Թուրքիան ռազմատեխնիկական, տնտեսական նոր համագործակցություններ է ձեռք բերել ԱՄՆ, Եվրոպայի հետ: Ադրբեջանին ևս անհրաժեշտ է Արևմուտքը՝ իր էներգետիկ ռեսուրսների սպառման տեսանկյունից: Օրինակները շատ են, բայց եթե կարճ՝ եթե արևմտյան արձագանքները չկրեն ձևական բնույթ, ապա Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքերը շատ չեն երկարի»,- պարզաբանեց Շիրազ Խաչատրյանը:

Տեսանյութեր

Լրահոս